15:31  +04,  21 մարտի, 2019

Եվրո-2020․ Բեգլարյանն ու Այվազովը չեն մեկնի Սարաեւո, Մովսիսյանը չի խաղա Բոսնիայի դեմ

Եվրո-2020-ի ընտրական փուլի մեկնարկին պատրաստվող ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի կազմում Բոսնիա եւ Հերցեգովինայի մայրաքաղաք Սարաեւո կմեկնեն 25 ֆուտբոլիստներ, փոխանցում է NEWS.am Sport-ի թղթակիցը:

Հայաստանի հավաքականի հավաքին մասնակցող 27 ֆուտբոլիստներից թիմի հետ չեն մեկնի դարպասապահներ Անատոլի Այվազովը («Բանանց») եւ Արսեն Բեգլարյանը («Լուչ», Բելառուս), որը վնասվածք ունի։

Նախապես Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը հավաքական էր հրավիրել 5 դարպասապահների, որոնցից երեքը՝ Գրիգոր Մելիքսեթյանը («Գանձասար-Կապան»), Արամ Հայրապետյանը («Բանանց») եւ Հենրի Ավագյանը («Ալաշկերտ») մնացել են թիմի ճամբարում:

Այժմ ակումբ չունեցող հարձակվող Յուրա Մովսիսյանը ընդգրկված կլինի Հայաստանի ազգային թիմի հայտացուցակում, սակայն չի մասնակցի հանդիպմանը։

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներն ու ՀՖՖ պատվիրակությունը չարտերային չվերթով Սարաեւո կմեկնեն մարտի 21-ի երեկոյան:

Բոսնիա-Հերցեգովինայի մայրաքաղաքում Հայաստանի հավաքականը կհանգրվանի Radon plaza հյուրանոցում: Մարտի 21-ին մարզում նախատեսված չէ, իսկ հաջորդ օրը հայկական թիմը նախախաղային մարզում կանցկացնի Սարաեւոյի «Գրբավիցա» ստադիոնում:

Հիշեցնենք, որ Հայաստանի եւ Բոսնիա-Հերցեգովինայի հավաքականների միջեւ հանդիպումը կկայանա մարտի 23-ին «Գրբավիցա» ստադիոնում եւ կսկսվի Երեւանի ժամանակով 23:45: Հանդիպումը կսպասարկի Դանիան ներկայացնող մրցավարական անձնակազմ՝ Յակոբ Կելետի գլխավորությամբ: Այդ խաղից 3 օր անց Հայաստանի հավաքականը Երեւանում կընդունի Ֆինլանդիայի թիմին:

J խմբում ընդգրկված են նաեւ Իտալիայի, Հունաստանի եւ Լիխտենշտեյնի հավաքականները: Բոսնիա-Հերցեգովինայի եւ Հայաստանի հավաքականները հանդիպել են նաեւ 2010թ. աշխարհի առաջնության ընտրական փուլում: Երեւանում բոսնիացիները հաղթել էին 2:0 հաշվով, իսկ տանը՝ 4:1:

Դավիթ Եղիազարյան

NEWS.am Sport-ը լուսաբանումն իրականացնում է UCOM-ի աջակցությամբ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով


  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ