00:15  ,  26 փետրվարի, 2019

ՀԲՖ նախագահ. Մարզաշխարհում տիրում է վախի մթնոլորտ, Ծառուկյանը պետք է հրաժարական տա

Երբեւէ բռնցքամարտի ֆեդերացիան կախում չի ունեցել ՀԱՕԿ-ից, ավելին՝ իրենք են կախված մեր ֆեդերացիայից, քանի որ ըստ իրենց կանոնադրության, ՀԱՕԿ-ը պարտավորվում է ճանաչել այն ֆեդերացիային, որին ճանաչում է միջազգային ֆեդերացիան (AIBA): Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասել է ՀԲՖ նախագահ Արթուր Գեւորգյանը՝ մեկնաբանելով ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանի հայտարարությունը, թե ՀԱՕԿ-ը սառեցրել է ՀԲՖ-ի անդամակցությունը:

Փետրվարի 24-ին Երեւանի «Դինամո» մարզադահլիճում մեկնարկել է բռնցքամարտի երիտասարդների Հայաստանի առաջնությունը, որին մասնակցում են Հայաստանի բոլոր մարզադպրոցները, բացի Վ. Ենգիբարյանի անվան մարզադպրոցից, որի տնօրենն է ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մտերիմ Սամվել Գասպարյանը: ՀԲՖ նախագահ Արթուր Գեւորգյանի փոխանցմամբ, մեկնարկից առաջ հայտարարվել է, որ առաջնությանը կարող են մասնակցել բոլոր մարզադպրոցների սաները՝ առանց բացառության: Սակայն սպորտի նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանն իր ֆեսյբուքյան էջում տարածել է Վ. Ենգիբարյանի անվան մարզադպրոցի տնօրենի դիմում-նամակը, որտեղ նշվում է, որ ՀԲՖ նախագահը թույլ չի տվել մարզադպրոցի սաներին մասնակցել առաջնությանը: Դրան հաջորդեց ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանի հայտարարությունն այն մասին, որ ՀԱՕԿ-ը սառեցնում է ՀԲՖ-ի անդամակցությունը:

«ՀԱՕԿ-ն արդեն 6 ամիս չի աշխատում, ոչ մի ֆեդերացիայի հարցի, դիմումի, նամակի չի պատասխանում: Գոյություն չունի այդպիսի կառույց: Ինձ համար զարմանալի է, որ իրենք այսօր արթնացել են, հիշել, որ գոյություն ունեն: Աբսուրդ է»,- ասաց Արթուր Գեւորգյանը:

Հարցին, թե ինչու է հենց այս օրերին ՀԱՕԿ-ը սրում իրավիճակը եւ դադարեցնում ՀԲՖ-ի անդամակցությունը, Արթուր Գեւորգյանի խոսքով՝ պատճառը կառույցի սուտ տեղեկության բացահայտումն է:

«ՀԱՕԿ-ը սուտ հայտարարություն տարածեց, թե ԱԻԲԱ-ն սառեցրել է ՀԲՖ-ի հետ համագործակցությունը եւ պահանջում է նոր նախագահի ընտրություն: Իրական պատկերն այլ է, քանի որ մեր ֆեդերացիան ԱԻԲԱ-ի հետ սերտ համագործակցության մեջ է: Ես էլ փետրվարի 22-23-ը Մոսկվայում մասնակցում էի ԱԻԲԱ-ի եվրոպական կոնֆեդերացիայի նախագահի եւ գործկոմի ընտրություններին որպես պատվիրակ: Իմ մասնակցությամբ բացահայտվեց Հրաչյա Ռոստոմյանի սուտը, քանզի մեր ֆեդերացիան շարունակում է համագործակցել եւ սերտ աշխատել միջազգային կառույցի հետ: Այս ամենից զատ, ԱԻԲԱ-ն իրավասու չէ ֆեդերացիայի վրա ազդելու: Սա ներքին խնդիր է: ՀԱՕԿ-ը կարող է դատարան դիմել, սակայն դրա համար որեւէ հիմք չունի, քանի որ իրենք ամբողջությամբ կեղտի մեջ թաղված են»,- նկատեց ՀԲՖ նախագահը:

Թե որոնք են լինելու ՀԲՖ-ի հետագա քայլերը, ըստ Արթուր Գեւորգյանի ՀԱՕԿ-ի հայտարարությունը եւ անդամակցության սառեցումը ոչնչով չի խանգարում ֆեդերացիայի բնականոն աշխատանքին:

«Ոչ մի հետագա քայլ չկա, այս ամենը մեզ ոչնչով չի խանգարում: Ինձ համար տարօրինակ է, թե ինչու է Հրաչյա Ռոստոմյանը տարածում հայտարարությունները. ո՞վ է նա եւ ի՞նչ կապ ունի  սպորտի հետ, նա դեռ աշխատո՞ւմ է... Ռոստոմյանը ոմն մարդու անձնական օգտագործման «գործիքն» է:

Այս իրավիճակում կա միայն մեկ լուծում՝ հրատապ Օլիմպիական կոմիտեի նախագահի ընտրություններ: Առջեւում Օլիմպիական խաղերն են եւ այս տրամադրվածությամբ անթույլատրելի է գնալ դեպի Խաղեր, երբ օլիմպիական չեմպիոնն իրենց մոտ չի մարզվում, երբ տարբեր մարզաձեւերի առաջատարները չկան, բոլորի հետ վատ հարաբերությունների մեջ են: ՀԱՕԿ-ի ներկայիս ղեկավարությունն ու անձնակազմը երկրի հեղինակության հետ են խաղում: Սա պետական վտանգ ներկայացնող կառույց է արդեն դառնում եւ, նրանցով ժամանակն է զբաղվել: Երկրի իշխանությունը պետք է զբաղվի արդեն սպորտում տիրող իրավիճակով. ի վերջո՝ այս երկրում պետական ապարատ գոյություն ունի՞, թե՞ ոչ... Թող ուսումնասիրվի իրավիճակը եւ, եթե պարզվի, մենք ենք օրենք խախտում, պատրաստ ենք պատասխանատվություն կրել, բայց այս իրավիճակը պետք է շտկվի:

Պետք է լինի ՀԱՕԿ նախագահի նոր ընտրություններ, մենք կունենանք նոր ՀԱՕԿ նախագահ, նոր անկուսակցական կառույց, կունենանք սպորտում առաջընթաց»,- շեշտեց Արթուր Գեւորգյանը:

ՀԲՖ նախագահը նկատեց, որ երկրում բարձիթողի վիճակում է սպորտի ոլորտը, որտեղ, օրինակ,  պետության բյուջեից ֆինանսավորվող մարզադպրոցի տնօրենն իրեն թույլ է տալիս ինքնուրույն որոշումներ կայացնել՝ երկրի առաջնության չմասնակցել՝ առանց սպորտի նախարարի պաշտոնակատարին տեղյակ պահելու:

«Սա հանցավոր մոտեցում է, եւ իշխանությունը պետք է լուծում տա այս խեղկատակությանը: Սպորտը պարալիզացվել է այս մարդկանց կողմից, մարզաշխարհում տիրում է վախի մթնոլորտ, բոլոր մարզաձեւերի առաջատար մարզիկները դժգոհ են սպորտի ղեկավարությունից, ՀԱՕԿ-ից, սակայն վախենում են բարձրաձայն արտահայտել իրենց խնդիրները: Մարզադպրոցի տնօրենն արգելում է իր սանին մասնակցել երկրի առաջնությանը, այսինքն՝ խոչընդոտում է հետագայում ազգային հավաքականի անդամ դառնալու հնարավարությանը: Իշխանությունը պետք է զբաղվի այս ամենով: Գագիկ Ծառուկյանը պետք է հրաժարական տա ՀԱՕԿ նախագահի պաշտոնից, նշանակվի նոր ընտրություններ»,- ամփոփեց Արթուր Գեւորգյանը:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով