19:33  ,  25 փետրվարի, 2019

Հրաչյա Ռոստոմյան. ՀԱՕԿ-ը սառեցնում է ՀԲՖ-ի անդամակցությունը

2018թ. օգոստոսի 2-ին կայացած ընտրություններում ոչ լեգիտիմ ճանապարհով ընտրված Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան փորձ է կատարել կազմակերպել Հայաստանի բռնցքամարտի երիտասարդական առաջնություն: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը՝ անդրադառնալով հայկական բռնցքամարտում վերջին շրջանում ծավալվող դեպքերին:

Գրառման մեջ, մասնավորապես, ասված է.

«Հարգելի՛ հայրենակիցներ, մարզաշխարհի սիրելի՛ ներկայացուցիչներ, բազմիցս անդրադարձել եմ, սակայն ստիպված եմ եւս մեկ անգամ, եւ, հուսով եմ վերջին անգամ, անդրադառնալ այս թեմային:

2018թ. օգոստոսի 2-ին կայացած ընտրություններում ոչ լեգիտիմ ճանապարհով ընտրված Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան փորձ է կատարել կազմակերպել Հայաստանի բռնցքամարտի երիտասարդական առաջնություն: Հիշեցնեմ, որ ԱԻԲԱ-ի (Բռնցքամարտի միջազգային միություն) քննության արդյունքում պարզվել էր, որ տվյալ ֆեդերացիայի նախագահի ընտրություններն անցկացվել էին խախտումներով: Ինչից հետո վերջինս պահանջել էր հարգել ԱԻԲԱ-ի կանոնադրությունը եւ անցկացնել նոր ընտրություններ՝ այլապես Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան կհեռացվի ԱԻԲԱ-ից:

Փաստացի այսօր ֆեդերացիան շարունակում է իրականացնել իր իրավասություններից դուրս գտնվող գործողություններ: Ֆեդերացիայի ո՛չ նախագահը, եւ ո՛չ էլ անձնակազմը լեգիտիմ չեն, ուստի նրանց կողմից կատարվող գործողությունները օրինականության դաշտից դուրս են:

Տեղեկացնեմ, որ ԱԻԲԱ-ի փետրվարի 8-9-ը կայացած Գործկոմի նիստում որոշվել է այս հարցով նշանակել հանձնակատար, ով իրավիճակի խորքային ուսումնասիրություններից հետո միայն հանձն կառնի Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նոր ընտրությունների անցկացման գործընթացը:

Սակայն, քանի որ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան միտված է նախաձեռնելու օրինազանց միջոցառումներ, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն, հայրենական սպորտի իմիջը միջազգային հարթակներում բարձր պահելու նպատակով, այս պահից սառեցնում է սույն ֆեդերացիայի անդամակցությունը ՀԱՕԿ-ին:

Հ.Գ. Ի դեպ, փետրվարի 22-23-ը Բռնցքամարտի եվրոպական կոնֆեդերացիայի նախագահի եւ Գործկոմի ընտրություններն էին: Խորհուրդ կտայի պարզաբանում ստանալ բռնցքամարտի միջազգային կառույցներում «բացարձակ» հեղինակություն վայելող Արթուր Գեւորգյանից, թե ինչու է վերջինս Գործկոմի կազմում առաջադրվելու եւ չընտրվելու փաստը խնամքով թաքցնում»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում