13:28  ,  17 օգոստոսի, 2012

Հռիփսիմե Խուրշուդյան. Այս տարի կամուսնանամ եւ մեկ տարի չեմ մարզվի

«Կամուսնանամ եւ մեկ տարի չեմ մարզվի, ինձ կնվիրեմ ընտանիքիս, բայց մեկ տարի հետո կվերադառնամ սպորտ»։ Այս մասին ասաց Լոնդոնի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, ծանրորդ Հռիփսիմե Խուրշուդյանը Երեւանում այս պահին ընթացող մամուլի ասուլիսում։

Ասուլիսին մասնակցում է նաեւ ծանրամարտի կանանց Հայաստանի հավաքականի մարզիչ Արտաշես Ներսիսյանը։

«Շատ ուրախ եմ: Հարթակից իջա եւ այնքան երջանիկ էի, որ իմ ավանդական պարի փոխարեն ուրախությունից ցատկեցի մարզիչիս վրա: Անգամ այն, որ իմ երկրորդ մոտեցումը չհաշվեցին, չընկճեց ինձ:

Այս տարի կամուսնանամ եւ մեկ տարի չեմ մարզվի: Ինձ կնվիրեմ ընտանիքիս, բայց մեկ տարի հետո անպայման կվերադառնամ սպորտ, որպեսզի միշտ ուրախացնեմ իմ ազգին: Ես պետք է ավելացնեմ քաշս: Կարծում եմ՝ մինչեւ 110 կգ կարող եմ ավելացնել: Այդ դեպքում հանգիստ կկարողանամ պայքարել առաջատարների հետ: Չեմ կարծում, որ նրանք անհաղթահարելի են: Բարջր քաշը ինձ չի վախեցնում, անգամ, ամուսնացած կին լինելով:

Ինձ Քասախում շատ ջերմ ընդունեցին: Համագյուղացիներս մեծ մատաղ արեցին:

Ես իմ հաջողություններով պարտական եմ Գագիկ Ծառուկյանին: Իմ վնասվածքի վիրահատության բոլոր ծախսերը նա է հոգացել: Եվ դա չափազանացացություն չէ, որ նրան ենք պարտական: Ինչպես նաեւ Ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանի դերն է շատ մեծ»,- ասաց Հռիփսիմե Խուրշուդյանը:

Վերա Մարտիրոսյան

Ֆոտո՝ Սոնա Բարսեղյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում