09:07  ,  23 հունվարի, 2019

Անաստասիա Գալուստյան. Եթե մեկնարկում կարողանամ հաղթահարել վախս, բարձր արդյունքների ակնկալիքներս մեծ են

Գեղասահքի Հայաստանի հավաքականի անդամ, Կանանց մենասահքի Հայաստանի առաջատար, մոսկվայաբնակ Անաստասիա Գալուստյանը դեռեւս 2017 թվականի հոկտեմբերին հայտարարեց ժամանակավոր դադար վերցնելու մասին եւ 2018 թվականին չհայտավորվեց Եվրոպայի եւ աշխարհի առաջնություններին: Կարիերայում դադար վերցնելու պատճառն, ըստ գեղասահորդուհու, ֆինանսական խնդիրներն էին, ինչի մասին նա պատմել էր NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում

Շատերի, մինչեւ անգամ Հայաստանի գեղասահքի ֆեդերացիայի կարծիքով, մարզուհին, ամենայն հավանականությամբ, դադարից հետո չէր վերադառնա սառույց եւ այլեւս չէր ներկայացնի Հայաստանը միջազգային մրցահարթակում: Սակայն, այս մրցաշրջանի սկզբից, 2018 թվականի հոկտեմբերին Մինսկում կայացած Minsk Arena Ice Star գեղասահքի մրցաշարին մասնակցությամբ, Անաստասիա Գալուստյանը հայտարարեց իր վերադարձի մասին: Դրան հաջորդեցին Tallinn Trophy 2018 ամենամյա միջազգային մրցաշարն ու 2019 թվականի Եվրոպայի առաջնության մասնակցության հայտը: Անաստասիա Գալուստյանը ԵԱ-ին պատրաստվել է Մոսկվայում:

Եվրոպայի առաջնությունը մեկնարկել հունվարի 21-ին Բելառուսի մայրաքաղաք Մինսկում եւ կտեւի մինչեւ հունվարի 27-ը: Մասնակցության հայտ է ներկայացրել շուրջ 100 գեղասահորդ: Առաջնության բացման հանդիսավոր արարողությունը հունվարի 23-ին է, նույն օրն էլ տեղի կունենա կանանց մենասահքի կարճ ծրագիրը:

Անաստասիա Գալուստյանը NEWS.am Sport-ի թղթակցին պատմել է սառույց վերադառնալու, մարզական կարիերան չավարտելու, դադարի անհրաժեշտության եւ Եվրոպայի առաջնությունում ակնկալիքների մասին:

Անաստասիա, մեկ տարվա դադարից հետո կրկին մասնակցում ես Եվրոպայի առաջնությանը: Ի՞նչ մարզումային փուլ ես անցել:

Եվրոպայի առաջնությանը լավ եմ պատրաստվել, երկար ու ծանրաբեռնված մարզումային փուլ եմ անցել, մանրակրկիտ աշխատել եմ բոլոր տարրերի վրա: Ծրագրես նույնպես լիարժեք պատրաստ են, բավական երկար ժամանակ ենք աշխատել ծրագրերիս վրա: Կարծում եմ՝ ամեն ինչ պատրաստ է սառույց դուրս գալու համար: Մնում է միայն հաղթահարեմ հոգեբանական տրամադրվածությունս: Չգիտեմ՝ կստացվի հաղթահարել այս շրջանը եւ այն ծանրաբեռնվածույունը, որով մարզվեցի եւ պատրաստվեցի Եվրոպայի առաջնությունը՝ տեւական դադարից հետո, թե՝ ոչ:

Հիշեցնեմ, որ նախավերջին անհաջող մրցաշրջանից հետո շուրջ մեկուկես տարի ես դադար վերցրեցի եւ չէի մասնակցում որեւէ մրցաշարի: Այժմ մտավախություն ունեմ, որ այդ դադարը կունենա իր ազդեցությունը, գուցե այս առաջնությունում չհաջողեմ, չստացվի ինձ մոտ ոչինչ, բայց հույսս չեմ կորցնում եւ հավատում եմ, որ ամեն ինչ լավ կլինի: Ես կհաղթահարեմ ճանապարհիս հանդիպող ցանկացած դժվարություն, քանի որ կրկին որոշել եմ վերադառնալ սառույց եւ հանդես գալ, ներկայացնել Հայաստանը միջազգային մրցաշարերում:

Ի՞նչ ծրագրերով ես հանդես գալու ԵԱ-ում, ովքե՞ր են բեմադրիչները:

Կարճ ծրագիրս նոր է՝ ֆլամենկո: Այն դրվել է մի քանի մասնագետների կողմից: Ազատ ծրագիրս գրեթե նույն է, ինչով հանդես էի գալիս նախավերջին մրցաշրջանում: Որոշակի փոփոխություններ են արվել, կասկադն (պտույտով ցատկերի համադրություն) ավելացրել եմ 3-3: Տեխնիկապես ավելի բարդացրել ենք ծրագիրը, մի փոքր ավելի լրջացրել, հրաժարվել ենք «էժանագին» կասկադներից:

Ովքե՞ր են մարզիչներդ, ո՞ւմ հետ ես աշխատում:

Հիմնականում ծնողներս են հանդիսանում իմ մարզիչները: Բայց ունեմ նաեւ նոր մարզիչ: Նրա անունը դեռեւս չեմ կարող բացահայտել, քանի որ մեր համատեղ աշխատանքի նախնական փուլն է: Եվրոպայի առաջնությունից հետո եթե լինի հետագայում աշխատելու ամբողջական համաձայնություն, կներկայացնեմ իմ նոր մարզիչին: Իսկ ծնողներս դեռ մանկուց եղել են իմ մարզիչները: Ճիշտ է՝ նրանց հետ մարզումների ընթացքում շատ տարաձայնություններ ենք ունենում, բայց նրանք ինձ շատ են օգնում եւ միշտ կողքիս են:

Ի՞նչ ակնկալիքներ ունես Եվրոպայի առաջնությունից: Ինչպե՞ս կգնահատես հնարավորություններդ:

Նախ փորձելու եմ մեկ տարվա բացակայությունից հետո վայելել Եվրոպայի առաջնությունը: Ցանկանում եմ այս լուրջ մրցաշարում վերագտնել ինձ գեղասահքում: Եթե անկեղծ, վախ ունեմ... Անհանգստանում եմ մեկնարկի համար, քանի որ ընդմիջումից հետո հոգեբանորեն բարդ է նորից վերադառնալ սառույց եւ կանգնել մեկնարկի: Վախենում եմ՝ չստացվի: Եթե մեկնարկում կարողանամ հաղթահարել վախս, բարձր արդյունքների ակնկալիքներս մեծ են: Իրականում, մեծ հնարավորություն ունեմ Եվրոպայի առաջնությունում, քանի որ շատ լավ եմ պատրաստվել, լավ մարզումային փուլ եմ անցել, ծրագրերս գրեթե նոր են, բարդ: Մեծ աշխատանք է տարվել Եվրոպայի սառույց դուրս գալուց առաջ:

Ինձ համար արդեն հաղթանակ է, որ ես վերադարձել եմ, ես նորից պայքարի մեջ եմ մտնում Եվրոպայի առաջնությունում, մյուս մրցաշարերում... Այն, որ ես այստեղ եմ եւ չավարտեցի մարզական կարիերաս, արդեն իմ առաջին մեծ հաղթանակն է: Ես հավատացի ինքս ինձ, ֆեդերացիան նույնպես հավատաց ու հիմա ես Եվրոպայի առաջնությունում եմ: Բոլորը, այդ թվում՝ ծնողներս, Հայաստանի գեղասահքի ֆեդերացիան, անգամ ընկերներս չէին հավատում, որ կվերադառնամ: Ես դեռ պետք է բոլորին ապացուցեմ, որ վերադառնալուց բացի, նաեւ պատրաստ եմ պայքարի եւ դեռ մեծ հաղթանակներ եմ ունենալու գեղասահքում: Եվ ես դա կանեմ:

Հայ գեղասահորդներին ինչ-որ բան պակասում է խոշոր մրցաշարերում մեդալներ նվաճելու, մրցանակային տեղեր զբաղեցնելու համար: Ի՞նչ է պակասում՝ ըստ քեզ:

Հայկական գեղասահքին անհրաժեշտ է աջակցություն, նախեւառաջ, ֆինանսական: Հայ գեղասահորդները ֆինանսի պակասի պատճառով չեն կարողանում արտագնա մարզումներ ունենալ, մեկնել ուրիշ երկիր՝ օտարազգի մասնագետների հետ աշխատել, ծրագրերը դնել լավ բեմադրիչների մոտ: Օրինակ՝ հայտնի բեմադրիչի մոտ շատ լավ ծրագիր դնելն արժի 2000-3000 դոլար: Հովանավորների պակասն է, որ մեզ խանգարում է:

Ի՞նչ տվեց քեզ այս տեւական դադարը:

Այս դադարն ինձ իրոք անհրաժեշտ էր: Ես մեծացել եմ, ամեն ինչ ավելի լուրջ է եւ շատ կարեւոր: Արտաքինումս եւս փոփոխություններ կան, փոքր-ինչ հասակս է ավելացել, շուրջ 10 կգ նիհարել եմ... Ինձ այս վիճակն ավելի մեծ ինքնավստահություն է տալիս, սառույցի վրա ինձ լավ եմ զգում, ավելի գեղեցիկ եմ երեւում: Թեթեւ, անգամ կտրուկ եմ ցատկում, հեշտ եմ կատարում բարդ էլեմենտները:

Սլավիկ Հայրապետյանը մեր հարցազրույցում պատմեց իր հագուստների պատրաստման ճանապարհի մասին, նաեւ նշեց, որ դրանք ամբողջությամբ կարվում են իր ծնողների անձնական միջոցներով եւ որ ֆեդերացիան չի հոգում որեւէ ծախս: Քո դեպքում էլ է այդպե՞ս:

Այն, ինչ ասել է Սլավիկ Հայրապետյանը, նույն իրավիճակն ինձ մոտ է: Մեզ մոտ ամեն ինչ նույն է: Շատ լավ հարաբերությունների մեջ եմ Սլավիկ Հայրապետյանի հետ, մշտապես երկուսս փորձում ենք աջակցել միմյանց, երկուսիս ցանկությունն էլ նույն է, որ մեր ֆեդերացիան մեզ օգնի, աջակցի: Այնպես էր ստացվել, որ մի շրջան երկուսս էլ գեղասահքից հեռանալու ճանապարհին էինք եւ մտածում էինք մարզական կարիերան ավարտելու մասին: Չգիտեմ՝ ինչ փոխվեց երկուսիս մոտ էլ եւ ինչը դրդեց նորից սկսել նոր մրցաշրջանում: Այժմ ուրախ եմ, որ կրկին երկուսով ներկայացնում ենք Հայաստանը: Հպարտանում եմ Սլավիկով, եւ նաեւ ինձնով, որ մենք չավարտեցինք, քանի որ երկուսս էլ սիրում ենք այն, ինչով զբաղվում ենք: Ինքս  մեծ աշխատանք եմ արել եւ հույս ունեմ, որ ամեն ինչ հաջող կլինի, իմ կատարած մեծ աշխատանքը հաջողության տեսքով կվերադառնա ինձ:  

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով