16:40  +04,  16 օգոստոսի, 2012

Տիգրան Մարտիրոսյան. Ես կարող էի նվաճել ոսկե մեդալ Լոնդոնում

30-րդ Օլիմպիական խաղերում ծանրորդ Տիգրան Մարտիրոսյանից սպասում էինք միայն ոսկե մեդալ: Տիգրանը Պեկինի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիրն է, աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն, սակայն լոնդոնյան Խաղերից մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ Տիգրանը վնասվածք է ստացել եւ չի կարող մասնակցել քառամյակի գլխավոր մեկնարկին:

Վնասվածքից հետո իր առաջին հարցազրույցը Տիգրան Մարտիրոսյանը տվեց NEWS.am Sport-ին:

Տիգրան, Օլիմպիական ոսկու մեր գլխավոր հույսն էիր: Վնասվածք ստացար եւ չէիր շփվում մամուլի հետ: Ինչպե՞ս ստացար վնասվածքդ:

Ցանկացած մարզիկի ամենամեծ երազանքը Օլիմպիական խաղերին մասնակցելն է: Այս տարի ես շատ լուրջ էի տրամադրված: Բուժել էի բոլոր վնասվածքներս: Ճիշտ մարզվում էի: Ամեն բան շատ լավ էր ընթանում: Ես արդեն չորս տարի է, ինչ փոխել եմ քաշային կարգս: Եվ այս կարգում ինձ լավ եմ զգում: Թող մեծամտություն չթվա, բայց այսպիսի լավ մարզավիճակում ես դեռ չէի եղել, նույնիսկ Անթալիայում` աշխարհի առաջնության ժամանակ: Մրցումներից մեկ ամիս առաջ մեջքիս հատվածում սկսեցի ցավեր զգալ, ու գնալով ցավը խորացավ: Պոդոլսկում` հավաքի ժամանակ, հասկացա, որ չեմ կարող մասնակցել Օլիմպիադային: Հավաքից հետո վերադարձա Հայաստան: Միայն ես գիտեմ, թե ինչ զրկանքներ եմ ունեցել Խաղերին նախապատրաստվելիս: Բառերով չեմ կարող նկարագրել, թե ինչ էի զգում եւ ինչ ապրումներ ունեի: Եթե դա լինեին աշխարհի կամ Եվրոպայի առաջնությունները՝ այդքան ծանր չէի տանի:

Երբ վերադարձար Հայաստան, ինչպե՞ս դուրս եկար այդ ծանր հոգեվիճակից:

Երբ ինձ վատ եմ զգում, կամ խորը սթրես եմ տանում, ես աշխատում եմ ցրվել, զբաղեցնել ինձ ինչ-որ բանով, մենակ չմնալ։ Այս անգամ  հավատացեք ընկերներս ու բարեկամներս ցանկանում էին օգնել, բայց ես ցանկանում էի մենակ մնալ: Մի քանի օր է, ինչ վերադարձել եմ իմ առօրյա կյանքին:

Ի՞նչ կասես դոպինգ-թեսթի մասին խոսակցություններին:

Ես լսել եմ այդ խոսակցությունները, թե իբր չեմ հասցրել պատրաստվել դոպինգ-թեսթից առաջ: Անգամ լսել եմ, թե ես վախեցել եմ չինացիներից, եւ իմանալով, որ չեմ հաղթի՝ չեմ մասնակցել: Ասեմ, որ իմ չմասնակցելու միակ պատճառը վնասվածքս էր:

Ինչո՞ւ մենք կորցրեցինք քո Օլիմպիական ուղեգիրը եւ չհայտավորեցինք պահեստային մարզիկի:

Մենք մեկնել էինք Պոդոլսկ հինգ մարզիկներով: Եթե մեկը վնասվածք ստանար՝ ունենայինք փոխարինող ծանրորդ: Իմ վնասվածքից հետո մենք չհասցրեցինք վերջնական տվյալներ ներկայացնել եւ ուշացանք, քանի օր Խաղերից միայն մի քանի օր առաջ պարզ դարձավ, որ ես չեմ մասնակցի:

Երբ դիտում էիր քո քաշային կարգի մրցումները, ի՞նչ էիր մտածում։ Կարո՞ղ էիր հաղթել չեմպիոնին:

Ես նրան ե'ւ հաղթել եմ, ե'ւ պարտվել: Այսպես ասեմ՝  միջազգային մրցումների ժամանակ այն քաշը, որ ես բարձրացրել եմ առաջին մոտեցման ժամանակ այս Խաղերի ժամանակ ինձ կբերեր արծաթե մեդալ: Կարծում եմ, եթե կարողանայի օգտագործել հնարավորություններս՝ կդառնայի չեմպիոն: Օլիմպիական խաղերից առաջ ես իմ լավագույն մարզավիճակում էի:

Ինչպե՞ս կգնահատես  հայ ծանրորդների ելույթներն Օլիմպիական խաղերում:

Ես հետեւել եմ բոլորի ելույթներին թե' ծանրորդների, թե' մյուսների: Այս տարի ծանրամարտում անհաջողությունները շատ էին եւ հենց առաջինն իմ դեպքն էր: Շատ ուրախալի է, որ Հռիփսիմե  Խուրշուդյանը կարողացավ լավ մասնակցել: Շատ ուրախ եմ նրա համար: Շնորհավորում եմ մեր մեդալակիրներին: Ցանկանում եմ, որ Արսեն Ջուլֆալակայնը եւ Արթուր Ալեքսանյանը հաջորդ Խաղերում արդեն առաջին տեղ գրավեն:

Շատ մարզիկների մոտ զգացվում էր հոգեբանական ոչ բավարար պատրաստվածությունը եւ ավելորդ լարվածությունը: Հոգեբաններ ձեզ հետ անհատապես աշխատե՞լ են։

Ես չեմ մարզվել հոգեբանների հետ: Իմ վաղամեռիկ մարզիչ Աշոտ Մխիթարյանը` Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչը,  իմ ամենալավ հոգեբանն էր: Այժմ մարզիչները փորձում են լրացնել նրա տեղը: Իսկ առանձին հոգեբաններ չկան: Մրցումներին նախապատրաստվելը սկսվում է յոթ ամիս շուտ:  Եթե լավ ես պատրաստվում ու ճիշտ պլանավորում ամեն ինչ, ապա լավ մարզավիճակում ես լինում: Կոնկրետ ինձ մոտ, որքան մոտենում են մրցման օրերը, այնքան ես ինձ ավելի վստահ եմ զգում: Ինձ համար մրցումները տոն են: Եթե վնասվածքներ ու խնդիրներ չկան, հոգեբանորեն խնդիրներ պետք է չլինեն:

Աշոտ Մխիթարյանի մահից հետո հայկական ծանրամարտը այլեւս այն հզորությունը չունի: Ի՞նչ յուրահատկություններ ուներ նա, որ այժմ պակասում է:

Իսկապես, Աշոտ Մխիթարյանը այլ կարգի մարզիչ էր: Նրա պակասը շատ է զգացվում: Մենք ունենք լավ մարզիչներ, բայց մեր հավաքականի վերելքը սկսվեց Մխիթարյանի գալով: Նա ուներ մեծ փորձ, բոլորին լավ ճանաչում էր: Նա լավ մանկավարժ էր ու ամեն մարզիկին յուրովի էր վերաբերվում:

Ի՞նչ ծրագրեր ունես առաջիկայում:

Վնասվածքս այդքան լուրջ չէ, որքան նախորդ անգամ: Շուտով կսկսեմ բուժվել եւ կարող եմ հստակ ասել, որ մյուս տարի կկարողանամ մասնակցել Եվրոպայի եւ աշխարհի առաջնություններին։

Իսկ սպորտից բացի ի՞նչ նպատակներ ունես: Պատրաստվում ես տեղափոխվել Երեւան:

Այո, Օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը ինձ տուն էր նվիրել Երեւանում: Ուզում եմ տեղափոխվել Երեւան եւ համատեղել մարզումներս այստեղ եւ Գյումրիում: Առաջիկա նպատակս մյուս Օլիմպիական խաղերին պատրաստվելը կլինի: Սիրած աղջիկ չունեմ: Չեմ բացառում, որ կարող է սիրահարվեմ, բայց ընտանիք կցանկանամ կազմել միայն Օլիմպիական խաղերից հետո:

Իսկ սիրած աղջիկ ունենալն օգնո՞ւմ է, թե՞ խանգարում է մարզիկին:

Սիրած աղջիկը պետք է շատ հասկացող լինի, որպեսզի ամեն բան լավ լինի: Նա պետք է ըմբռնումով մոտենա, որ ես շատ ժամանակ եմ հատկացնում մարզումներին, իսկ ամուսնությունը կարծում եմ կխանգարի ինձ սպորտում:

Շնորհակալություն զրույցի համար:

Ես էլ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել NEWS.am-ին հայկական սպորտն այսքան օպերատիվ լուսաբանելու համար:

Զրուցեց Վերա Մարտիրոսյանը

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով