16:40 16 օգոստոսի, 201230-րդ Օլիմպիական խաղերում ծանրորդ Տիգրան Մարտիրոսյանից սպասում էինք միայն ոսկե մեդալ: Տիգրանը Պեկինի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիրն է, աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն, սակայն լոնդոնյան Խաղերից մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ Տիգրանը վնասվածք է ստացել եւ չի կարող մասնակցել քառամյակի գլխավոր մեկնարկին:
Վնասվածքից հետո իր առաջին հարցազրույցը Տիգրան Մարտիրոսյանը տվեց NEWS.am Sport-ին:
Տիգրան, Օլիմպիական ոսկու մեր գլխավոր հույսն էիր: Վնասվածք ստացար եւ չէիր շփվում մամուլի հետ: Ինչպե՞ս ստացար վնասվածքդ:
Ցանկացած մարզիկի ամենամեծ երազանքը Օլիմպիական խաղերին մասնակցելն է: Այս տարի ես շատ լուրջ էի տրամադրված: Բուժել էի բոլոր վնասվածքներս: Ճիշտ մարզվում էի: Ամեն բան շատ լավ էր ընթանում: Ես արդեն չորս տարի է, ինչ փոխել եմ քաշային կարգս: Եվ այս կարգում ինձ լավ եմ զգում: Թող մեծամտություն չթվա, բայց այսպիսի լավ մարզավիճակում ես դեռ չէի եղել, նույնիսկ Անթալիայում` աշխարհի առաջնության ժամանակ: Մրցումներից մեկ ամիս առաջ մեջքիս հատվածում սկսեցի ցավեր զգալ, ու գնալով ցավը խորացավ: Պոդոլսկում` հավաքի ժամանակ, հասկացա, որ չեմ կարող մասնակցել Օլիմպիադային: Հավաքից հետո վերադարձա Հայաստան: Միայն ես գիտեմ, թե ինչ զրկանքներ եմ ունեցել Խաղերին նախապատրաստվելիս: Բառերով չեմ կարող նկարագրել, թե ինչ էի զգում եւ ինչ ապրումներ ունեի: Եթե դա լինեին աշխարհի կամ Եվրոպայի առաջնությունները՝ այդքան ծանր չէի տանի:
Երբ վերադարձար Հայաստան, ինչպե՞ս դուրս եկար այդ ծանր հոգեվիճակից:
Երբ ինձ վատ եմ զգում, կամ խորը սթրես եմ տանում, ես աշխատում եմ ցրվել, զբաղեցնել ինձ ինչ-որ բանով, մենակ չմնալ։ Այս անգամ հավատացեք ընկերներս ու բարեկամներս ցանկանում էին օգնել, բայց ես ցանկանում էի մենակ մնալ: Մի քանի օր է, ինչ վերադարձել եմ իմ առօրյա կյանքին:
Ի՞նչ կասես դոպինգ-թեսթի մասին խոսակցություններին:
Ես լսել եմ այդ խոսակցությունները, թե իբր չեմ հասցրել պատրաստվել դոպինգ-թեսթից առաջ: Անգամ լսել եմ, թե ես վախեցել եմ չինացիներից, եւ իմանալով, որ չեմ հաղթի՝ չեմ մասնակցել: Ասեմ, որ իմ չմասնակցելու միակ պատճառը վնասվածքս էր:
Ինչո՞ւ մենք կորցրեցինք քո Օլիմպիական ուղեգիրը եւ չհայտավորեցինք պահեստային մարզիկի:
Մենք մեկնել էինք Պոդոլսկ հինգ մարզիկներով: Եթե մեկը վնասվածք ստանար՝ ունենայինք փոխարինող ծանրորդ: Իմ վնասվածքից հետո մենք չհասցրեցինք վերջնական տվյալներ ներկայացնել եւ ուշացանք, քանի օր Խաղերից միայն մի քանի օր առաջ պարզ դարձավ, որ ես չեմ մասնակցի:
Երբ դիտում էիր քո քաշային կարգի մրցումները, ի՞նչ էիր մտածում։ Կարո՞ղ էիր հաղթել չեմպիոնին:
Ես նրան ե'ւ հաղթել եմ, ե'ւ պարտվել: Այսպես ասեմ՝ միջազգային մրցումների ժամանակ այն քաշը, որ ես բարձրացրել եմ առաջին մոտեցման ժամանակ այս Խաղերի ժամանակ ինձ կբերեր արծաթե մեդալ: Կարծում եմ, եթե կարողանայի օգտագործել հնարավորություններս՝ կդառնայի չեմպիոն: Օլիմպիական խաղերից առաջ ես իմ լավագույն մարզավիճակում էի:
Ինչպե՞ս կգնահատես հայ ծանրորդների ելույթներն Օլիմպիական խաղերում:
Ես հետեւել եմ բոլորի ելույթներին թե' ծանրորդների, թե' մյուսների: Այս տարի ծանրամարտում անհաջողությունները շատ էին եւ հենց առաջինն իմ դեպքն էր: Շատ ուրախալի է, որ Հռիփսիմե Խուրշուդյանը կարողացավ լավ մասնակցել: Շատ ուրախ եմ նրա համար: Շնորհավորում եմ մեր մեդալակիրներին: Ցանկանում եմ, որ Արսեն Ջուլֆալակայնը եւ Արթուր Ալեքսանյանը հաջորդ Խաղերում արդեն առաջին տեղ գրավեն:
Շատ մարզիկների մոտ զգացվում էր հոգեբանական ոչ բավարար պատրաստվածությունը եւ ավելորդ լարվածությունը: Հոգեբաններ ձեզ հետ անհատապես աշխատե՞լ են։
Ես չեմ մարզվել հոգեբանների հետ: Իմ վաղամեռիկ մարզիչ Աշոտ Մխիթարյանը` Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչը, իմ ամենալավ հոգեբանն էր: Այժմ մարզիչները փորձում են լրացնել նրա տեղը: Իսկ առանձին հոգեբաններ չկան: Մրցումներին նախապատրաստվելը սկսվում է յոթ ամիս շուտ: Եթե լավ ես պատրաստվում ու ճիշտ պլանավորում ամեն ինչ, ապա լավ մարզավիճակում ես լինում: Կոնկրետ ինձ մոտ, որքան մոտենում են մրցման օրերը, այնքան ես ինձ ավելի վստահ եմ զգում: Ինձ համար մրցումները տոն են: Եթե վնասվածքներ ու խնդիրներ չկան, հոգեբանորեն խնդիրներ պետք է չլինեն:
Աշոտ Մխիթարյանի մահից հետո հայկական ծանրամարտը այլեւս այն հզորությունը չունի: Ի՞նչ յուրահատկություններ ուներ նա, որ այժմ պակասում է:
Իսկապես, Աշոտ Մխիթարյանը այլ կարգի մարզիչ էր: Նրա պակասը շատ է զգացվում: Մենք ունենք լավ մարզիչներ, բայց մեր հավաքականի վերելքը սկսվեց Մխիթարյանի գալով: Նա ուներ մեծ փորձ, բոլորին լավ ճանաչում էր: Նա լավ մանկավարժ էր ու ամեն մարզիկին յուրովի էր վերաբերվում:
Ի՞նչ ծրագրեր ունես առաջիկայում:
Վնասվածքս այդքան լուրջ չէ, որքան նախորդ անգամ: Շուտով կսկսեմ բուժվել եւ կարող եմ հստակ ասել, որ մյուս տարի կկարողանամ մասնակցել Եվրոպայի եւ աշխարհի առաջնություններին։
Իսկ սպորտից բացի ի՞նչ նպատակներ ունես: Պատրաստվում ես տեղափոխվել Երեւան:
Այո, Օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը ինձ տուն էր նվիրել Երեւանում: Ուզում եմ տեղափոխվել Երեւան եւ համատեղել մարզումներս այստեղ եւ Գյումրիում: Առաջիկա նպատակս մյուս Օլիմպիական խաղերին պատրաստվելը կլինի: Սիրած աղջիկ չունեմ: Չեմ բացառում, որ կարող է սիրահարվեմ, բայց ընտանիք կցանկանամ կազմել միայն Օլիմպիական խաղերից հետո:
Իսկ սիրած աղջիկ ունենալն օգնո՞ւմ է, թե՞ խանգարում է մարզիկին:
Սիրած աղջիկը պետք է շատ հասկացող լինի, որպեսզի ամեն բան լավ լինի: Նա պետք է ըմբռնումով մոտենա, որ ես շատ ժամանակ եմ հատկացնում մարզումներին, իսկ ամուսնությունը կարծում եմ կխանգարի ինձ սպորտում:
Շնորհակալություն զրույցի համար:
Ես էլ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել NEWS.am-ին հայկական սպորտն այսքան օպերատիվ լուսաբանելու համար:
Զրուցեց Վերա Մարտիրոսյանը
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.