12:45  ,  18 հունվարի, 2019

Գանայում սպանել են երկրի ֆուտբոլի ֆեդերացիայում կոռուպցիայի դեմ հետաքննություն անցկացնող լրագրողին

Գանայում սպանվել է լրագրող Ահմեդ Հուսեյն-Սուալեն, որը հետաքննություն էր անցկացնում երկրի ֆուտբոլի ֆեդերացիայում ու առաջնությունում կոռուպցիայի վերաբերյալ, հաղորդում է BBC-ն:

Լրագրողը մահացել է հրազենային վիրավորումից: Անհայտ անձը նրա վրա կրակել է մոտոցիկլից:

Նախորդ տարվա ամռանը BBC Africa Eye-ն վավերագրական ֆիլմ էր ներկայացրել Գանայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Գվեսի Նայանտակիի ու ֆեդերացիայի այլ պաշտոնյաների գործունեության, ինչպես նաեւ մրցավարների մասին: Ֆիլմը ստեղծվել էր Ահմեդ Հուսեյն-Սուալեի ու մի խումբ լրագրողների անցկացրած հետաքննության հիման վրա: Դրանից հետո Գվեսի Նայանտակին ցմահ որակազրկվել էր, իսկ Գանայի կառավարությունը ցրել էր երկրի ֆուտբոլի ֆեդերացիան:

Ավելի վաղ Գանայի Ազգային ժողովի անդամ Քենեդի Ագյապոնգը հրապարակել էր Ահմեդ Հուսեյն-Սուալեի լուսանկարը՝ կոչ անելով պատժել նրան:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում