23:11  +04,  14 հունվարի, 2019

Գաբրիել Սարգսյան. Նոր իշխանությունը փորձում է փակել աշխարհի լավագույն դպրոցներից մեկը

Սերժ Սարգսյանը շարունակում է մնալ Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ եւ, կարծում եմ, դեռ երկար կմնա: Իսկ թե ինչու է դադարեցվել իմ եւ Լեւոն Արոնյանի դպրոցի ֆինանսավորումը եւ ինչու է փորձ արվում փակել այն, յուրաքանչյուրը կարող է իր համար ենթադրություն անել:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի հավաքականի շախմատիստ, Համաշխարհային օլիմպիադայի եռակի չեմպիոն, գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը:

Կառավարությունը դադարեցրել է Լեւոն Արոնյանի եւ Գաբրիել Սարգսյանի շախմատի գրոսմայստերական դպրոցի ֆինանսավորումը: Օրերս այդ տեղեկությունը հաստատեց նաեւ Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Սմբատ Լպուտյանը: Հիշեցնենք, որ 2004 թվականից ֆեդերացիայի նախագահը Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սագսյանն է:

Գաբրիել, ինչպե՞ս առաջացավ շախմատի դպրոց ստեղծելու գաղափարը եւ ո՞րն էր հիմնական նպատակը:

Դպրոց բացելու գաղափարը իմը եւ Լեւոն Արոնյանինն է: Հայաստանում այդ ժամանակ շատ շախմատի դպրոցներ կային, բայց մասնագիտացված գրոսմայստերական դպրոց չկար: Հենց այդ հիմքով դպրոցի անունը դրեցինք շախմատի գրոսմայստերական դպրոց, քանի որ բոլոր մարզիչները գրոսմայստերներ են: Այդպիսի դպրոց չկար, եւ դրա կարիքն իրոք կար: Դիմեցինք ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանին, եւ նրա աջակցությամբ հիմնվեց մեր դպրոցը: Հարցը լուծվեց այնպես, որ մարդադպրոցը պետք է գործեր նախկին «Միկա» մարզահամալիրում, որն այդ ժամանակ պատկանում էր Պետական եկամուտների կոմիտեին: Ըստ այդմ դպրոցը ֆինանսավորվում էր ՊԵԿ-ի կողմից:

Դպրոցը եղել է պետական: Ունենք 20 աշակերտ: Մեր նպատակը եղել է կոնկրետ արդյունքները, հաջողություններ գրանցելը: Աշխատել ենք փոքր խմբակներով: Երեք մարզիչ ենք ունեցել: Իմ եւ Լեւոն Արոնյանի աշխատանքը կայացել է նրանում, որ ընդամենն օգնել ենք մարզիչներին: Սա եղել է պետական դպրոց, պետական ծրագիր եւ սեփական, մասնավոր ոչինչ չի եղել: Շախմատի պետական դպրոց էր լավագույն երեխաների համար: Եվ պետք է նշեմ, որ դպրոցն արդարացրել է իր նպատակը, քանի որ հասել ենք հաջողությունների: Վերջին աշխարհի եւ Եվրոպայի պատանիների առաջնություններում 8 մեդալից 6-ը մեր դպրոցի երեխաներն են նվաճել: Նույն հաջողությամբ այս օրերին Հայաստանի մեծահասակների առաջնություններն է ընթանում եւ այստեղ մեր դպրոցը 7 ներկայացուցիչ ունի թե տղամարդկանց, թե կանանց պայքարում: Սա դպրոցի համար շատ մեծ հաջողություն է: Եթե գնահատենք դպրոցի այս կարճ ժամանակահատվածում ձեռք բերած հաջողությունները, կարելի է ասել՝ աշխարհի լավագույն դպրոցներից մեկն է:

Իսկ ֆինանսավորումը դադարեցնելու մասին տեղեկությունն ումի՞ց եւ ինչպե՞ս եք ստացել, ի՞նչ պատճառաբանությամբ:

Շախմատի դպրոցը գործել է ՊԵԿ-ի ուսումնական կենտրոնի ներքո: Ֆինանսավորումը դադարեցվել է ուսումնական կենտրոնի ղեկավար Լեւոն Բարխուդարյանի կողմից:

Ֆինանսավորման դադարեցման մասին մեզ տեղեկացրել են  2018 թվականի սեպտեմբերին: Առանձնապես պարզաբանումներ չհնչեցին: Միայն, պարզապես, պայմանավորված նրանով, որ երկրում փոփոխություններ են եղել, եւ այդ գումարն այլեւս չի կարողանում վճարել: Անձամբ Լեւոն Բարխուդարյանն է կապվել ինձ հետ եւ տեղեկացրել, որ այլեւս չեն կարող ֆինանսավորել, քանի որ երկրում, այսպես ասած, իրավիճակ է փոխվել:

Ֆինանսավորումը դադարեցվել է 2018 թվականի հոկտեմբերի 5-ից, բայց մենք շարունակում ենք մարզումները, մարզիչներն աշխատում են առանց վարձատրության: Փորձում ենք ինչ-որ կերպ լուծել այդ հարցը, որպեսզի դպրոցը չփակվի:

Այս իրավիճակում ի՞նչ քայլեր է ձեռնարկում ֆեդերացիան:

Տարօրինակ եւ կասկածելի իրավիճակ է ստեղծվել: Փաստորեն միայն Երեւանում բազմաթիվ շախմատային դպրոցներ կան, բայց կառավարությունը որոշել է փակել հենց մեր դպրոցը: Փաստացի փակում են Երեւանի լավագույն դպրոցը: Ամեն մարդ կարող է իր համար ենթադրություն անել, թե հենց մեր դպրոցի ֆինանսավորումը դադարեցնելու նպատակը որն է: Ինչ վերաբերում է ֆեդերացիային, անկեղծ, ինձ համար շատ տհաճ է, որ  ֆեդերացիան այս հարցում մինչ այժմ շատ պասիվ է: Փաստորեն, ամեն ինչ արվում է կմ, Լեւոնի եւ մարզիչների միջոցով: Մենք ենք փորձում դիմել տարբեր տեղեր, ինչ-որ միջոցներով դպրոցը փորձել պահել, այն դեպքում, երբ դպրոցը միշտ եղել է պետական, իսկ նպատակը՝ ծառայել Հայաստանի Հանրապետությանը: Այստեղ ոչ մի բիզնես-պրոեկտ, անձնական շահ կամ եկամուտ չկա: Հույս ունենք, որ առաջիկայում ֆեդերացիան կակտիվանա եւ դպրոցը պահպանելու հարցում մեզ կաջակցի: Այլ է, երբ ֆեդերացիան իր անունից դիմի տարբեր կառույցների, բնականաբար, լրիվ այլ, որ ես կամ Լեւոն Արոնյանը դիմենք:

Եթե հունվարին կամ փետրվարին կառավարությունը չլուծի մեր դպրոցի ֆինանսավորման հարցը, վերջնականապես կփակվի, քանի որ մարդիկ չեն կարող երկար աշխատել առանց աշխատավարձի:

Ի դեպ, Հայաստանի առաջնությունների մեկնարկի օրը, ՀՇՖ փոխնախագահ Սմբատ Լպուտյանը խուսափեց խոսել դպրոցի ֆինանսավորումը դադարեցնելու պատճառներից, մատնանշելով կառավարության որոշումը:

Սմբատ Լպուտյանի հայտարարությունը, թե դադարեցման պատճառների մասին պետք է հարցնել կառավարությանը, չեմ ցանկանում մեկնաբանել: Հավանաբար, նա ավելի շատ զբաղված է իր շախմատային ակադեմիայի գործերով եւ մյուս դպրոցները նրան, երեւակայի, այդքան էլ չեն հետաքրքրում: Սա շատ անտրամաբանական է, հաշվի առնելով, որ նա  ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալն է, եւ բոլոր դպրոցները նրա համար պետք է լինեն հավասար:

Ըստ քեզ, միտում կա՞ այս ամենում:

Չեմ կարող որեւէ հստակ պատասխան տալ, քանի որ նոր իշխանության ներկայացուցիչների հետ առանձնապես կապ չունեմ: Նրանք փորձում են փակել աշխարհի լավագույն դպրոցներից մեկը, եւ թե ինչու է սա արվում, յուրաքանչյուրն ինքը թող դատի: Միայն կարող եմ ասել, որ դպրոցի փակվելու դեպքում ամենաուժեղ հարվածն է լինելու հայկական պատանեկան շախմատին:

«Միկա» մարզահամալիրը Պետական եկամուտների կոմիտեից անցավ Սպորտի նախարարությանը: Ստացվում է, որ սպորտի նախարարությունն է հրաժարվել շարունակել դպրոցի ֆինանսավորումը:

Չեմ կարող ասել, ՊԵԿ-ից դուրս գալու պատճառն էր ֆինանսավորման դադարեցումը, Լեւոն Բարխուդարյանի անձնական որոշումը, թե իրականում քաղաքական որոշում ուրիշ մարդկանց կողմից: Առանձնապես իրենից որեւէ խնդիր չէր ներկայացնում մարզահամալիրի որեւէ կառույցից մեկ այլ կառույցի ենթակայության տակ փոփոխվելը: Այդ գումարը նույն հաջողությամբ կարող էր տալ նաեւ Սպորտի նախարարությունը, մասնավորապես, երբ առանձնապես մեծ գումարի մասին չէր խոսքը, ընդամենը ամսական 1 մլն 500 հազար դրամի ֆինանսավորման մասին է:

Սերժ Սարգսյանը շարունակու՞մ է գլխավորել ֆեդերացիան:

Այո, իհարե... Նա շարունակում է մնալ ֆեդերացիայի նախագահ: Ֆեդերացիայում այդ առումով ոչինչ չի փոխվել, կարծում եմ՝ չի էլ փոխվելու: Սերժ Սարգսյանը հայկական շախմատի եւ շախմատիստների համար շատ բան է արել: Ըստ իս, մեր՝ շախմատիստներիս պարտքն է, ցանկացած իրավիճակում աջակցել նրան: Համոզված եմ, որ դեռ երկար ժամանակ Սերժ Սարգսյանը կմնա մեր ֆեդերացիայի նախագահ, այնքան ժամանակ, որքան նա կցանկանա:

Եթե չլուծվի ֆինանսավորման հարցը, ի՞նչ այլընտրանքային լուծում կա:

Ունենք դրսից ֆինանսավորում ստանալու առաջարկ: Ի դեպ, հենց ֆինանսավորողի կողմից էլ եղել է առաջարկը: Բայց հիշեցնեմ, որ դպրոցը պետական է, եւ եթե դրսից լինի ֆինանսավորումը՝ մի փոքր այլ կլինի իրավիճակը: Ամեն դեպքում այս պահին ավելի իրատեսական է, որ դրսից ֆինանսավորման տարբերակը կաշխատի, քան մեր իշխանության ներկայացուցիչներն իրենց կարծիքը կփոխեն: 

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով