15:36  ,  12 մարտի, 2012

Աննշան խախտումների դեպքում էլ «Forward»-ը տուգանքներ կներկայացնի ՀԱՕԿ-ին

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն պարզաբանել է ՀԱՕԿ-ի եւ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի միջեւ հնարավոր հակասությունը՝ կապված մարզահագուստի արտադրողների հետ կնքած պայմանագրերի: ՀԱՕԿ-ը պայմանագիր ունի  «Forward»-ի, ֆուտբոլի ֆեդերացիան՝ «Adidas»-ի հետ:

ՀԱՕԿ-ի հայտարարությունը

«Որոշ լրատվամիջոցներ  մեկնաբանել են  ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի վեջերս արած  հայտարարությունն այն մասին, թե  ՀԱՕԿ-ն իրավունք չուներ  առանց ֆուտբոլի ֆեդերացիային տեղյակ պահելու պայմանագիր կնքել ռուսաստանյան  ապրանքանիշ  «Forward»   ընկերության հետ:

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն պաշտոնապես հայտարարում է, որ առանց ՀԱՕԿ-ի հաստատման, մարզաձեւերի  հանրապետական  ֆեդերացիաները (ՀՖՖ-ն նույնպես) չեն կարող մասնակցել Օլիմպիական խաղերի: Ավելին, ՀԱՕԿ-ը բացառիկ իրավունք ունի ներկայացնել հանրապետությունը Օլիմպիական խաղերում, ՄՕԿ-ի կողմից հովանավորված տարածքային, մայրցամաքային եւ համաշխարհային համալիր մրցումներում: Օլիմպիական շարժման եւ բարձրագույն նվաճումների` սպորտի զարգացման հարցերում ՀԱՕԿ-ը համադասում է հասարակական մարզական կազմակերպությունների աշխատանքները: ՄՕԿ-ի խարտիայով (4-րդ գլուխ, կետ 29)  պետք է ազգային ֆեդերացիաները ճանաչված լինեն ազգային օլիմպիական կոմիտեի կողմից եւ անդամակցեն նրան: ՀԱՕԿ-ը նաեւ իրավունք ունի ՄՕԿ-ի կողմից ճանաչված միջազգային մարզական ֆեդերացիաներից հետ կանչել ՀԱՕԿ-ի կողմից երաշխավորված ազգային ֆեդերացիաներին:
Անդրադառնալով վերը նշած պայմանագրին` ասենք, որ այն գործելու է մինչեւ 2014 թ. դեկտեմբերի 31-ը:

Ամեն բանից անկախ Օլիմպիական խաղերի մրցասպարեզներում մասնակիցները, նրանց թվում` հայաստանցիները, հանդես են գալիս մասնագիտական գույքով եւ հանդերձանքով: Մեր պարագայում, ասենք`լոնդոնյան հրաձգարանում, Նորայր Բախտամյանը չի կրակելու «Forward»-ի զենքով եւ չի կրելու այդ ապրանքանիշի հանդերձանքը: Նույնը վերաբերում է մեր ծանրորդին, մարմնամարզիկին, ըմբիշին, մյուսներին: Ասել կուզենք, որ Օլիմպիական խաղերում ֆուտբոլիստը նույնպես խաղադաշտում չի կրելու «Forward»-ի խաղակոշիկ, մարզաշապիկ եւ այլն: Փոխարենը մրցաբեմից դուրս, ամենուրեք (օլիմպիական ավանում, պատվո պատվանդանի վրա, զբոսանքի, նախավարժանքի ժամանակ եւ այլուր) մեր պատվիրակները պարտավոր են հագնել, կրել այն ամենը, ինչը նրանց կհատկացնի ՄՕԿ-ի հետ համագործակցող, ՄՕԿ-ի օրենքներով աշխատող ՀԱՕԿ-ը: Հակառակ պարագայում, նույնիսկ աննշան խախտումների դեպքում «Forward»-ը տուգանքներ կներկայացնի ազգային օլիմպիական կոմիտեին:

Ուզում ենք, որ վերելք ապրող հայրենական ֆուտբոլը կարողանա նվաճել նաև օլիմպիական խաղերի մասնակցության ուղեգիր: Այդ անելը ավանդույթներով հարուստ հայկական ֆուտբոլում հնարավոր է, իսկ պայմանագրերը արգելք չեն հանդիսանա:

Ընդհանրապես մարզական կազմակերպությունների ղեկավարները չեն կարող իմանալ ու հիշել գործող բոլոր օրենքները: Թերեւս նման հարցերում ղեկավարությանը պետք է օգնի տվյալ հիմնարկի իրավաբանը: Այս դեպքում զերծ կմնանք անհիմն, ապակողմնորոշող հայտարարություններից»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում