15:36 12 մարտի, 2012Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն պարզաբանել է ՀԱՕԿ-ի եւ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի միջեւ հնարավոր հակասությունը՝ կապված մարզահագուստի արտադրողների հետ կնքած պայմանագրերի: ՀԱՕԿ-ը պայմանագիր ունի «Forward»-ի, ֆուտբոլի ֆեդերացիան՝ «Adidas»-ի հետ:
ՀԱՕԿ-ի հայտարարությունը
«Որոշ լրատվամիջոցներ մեկնաբանել են ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի վեջերս արած հայտարարությունն այն մասին, թե ՀԱՕԿ-ն իրավունք չուներ առանց ֆուտբոլի ֆեդերացիային տեղյակ պահելու պայմանագիր կնքել ռուսաստանյան ապրանքանիշ «Forward» ընկերության հետ:
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն պաշտոնապես հայտարարում է, որ առանց ՀԱՕԿ-ի հաստատման, մարզաձեւերի հանրապետական ֆեդերացիաները (ՀՖՖ-ն նույնպես) չեն կարող մասնակցել Օլիմպիական խաղերի: Ավելին, ՀԱՕԿ-ը բացառիկ իրավունք ունի ներկայացնել հանրապետությունը Օլիմպիական խաղերում, ՄՕԿ-ի կողմից հովանավորված տարածքային, մայրցամաքային եւ համաշխարհային համալիր մրցումներում: Օլիմպիական շարժման եւ բարձրագույն նվաճումների` սպորտի զարգացման հարցերում ՀԱՕԿ-ը համադասում է հասարակական մարզական կազմակերպությունների աշխատանքները: ՄՕԿ-ի խարտիայով (4-րդ գլուխ, կետ 29) պետք է ազգային ֆեդերացիաները ճանաչված լինեն ազգային օլիմպիական կոմիտեի կողմից եւ անդամակցեն նրան: ՀԱՕԿ-ը նաեւ իրավունք ունի ՄՕԿ-ի կողմից ճանաչված միջազգային մարզական ֆեդերացիաներից հետ կանչել ՀԱՕԿ-ի կողմից երաշխավորված ազգային ֆեդերացիաներին:
Անդրադառնալով վերը նշած պայմանագրին` ասենք, որ այն գործելու է մինչեւ 2014 թ. դեկտեմբերի 31-ը:
Ամեն բանից անկախ Օլիմպիական խաղերի մրցասպարեզներում մասնակիցները, նրանց թվում` հայաստանցիները, հանդես են գալիս մասնագիտական գույքով եւ հանդերձանքով: Մեր պարագայում, ասենք`լոնդոնյան հրաձգարանում, Նորայր Բախտամյանը չի կրակելու «Forward»-ի զենքով եւ չի կրելու այդ ապրանքանիշի հանդերձանքը: Նույնը վերաբերում է մեր ծանրորդին, մարմնամարզիկին, ըմբիշին, մյուսներին: Ասել կուզենք, որ Օլիմպիական խաղերում ֆուտբոլիստը նույնպես խաղադաշտում չի կրելու «Forward»-ի խաղակոշիկ, մարզաշապիկ եւ այլն: Փոխարենը մրցաբեմից դուրս, ամենուրեք (օլիմպիական ավանում, պատվո պատվանդանի վրա, զբոսանքի, նախավարժանքի ժամանակ եւ այլուր) մեր պատվիրակները պարտավոր են հագնել, կրել այն ամենը, ինչը նրանց կհատկացնի ՄՕԿ-ի հետ համագործակցող, ՄՕԿ-ի օրենքներով աշխատող ՀԱՕԿ-ը: Հակառակ պարագայում, նույնիսկ աննշան խախտումների դեպքում «Forward»-ը տուգանքներ կներկայացնի ազգային օլիմպիական կոմիտեին:
Ուզում ենք, որ վերելք ապրող հայրենական ֆուտբոլը կարողանա նվաճել նաև օլիմպիական խաղերի մասնակցության ուղեգիր: Այդ անելը ավանդույթներով հարուստ հայկական ֆուտբոլում հնարավոր է, իսկ պայմանագրերը արգելք չեն հանդիսանա:
Ընդհանրապես մարզական կազմակերպությունների ղեկավարները չեն կարող իմանալ ու հիշել գործող բոլոր օրենքները: Թերեւս նման հարցերում ղեկավարությանը պետք է օգնի տվյալ հիմնարկի իրավաբանը: Այս դեպքում զերծ կմնանք անհիմն, ապակողմնորոշող հայտարարություններից»:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.