10:06  ,  10 դեկտեմբերի, 2018

«Փյունիկի» սեփականատերը, Մեսին, Սիմեոնեն եւ այլ հայտնի դեմքեր՝ Լիբերտադորեսի Գավաթի եզրափակիչին (ֆոտոշարք)

Երեւանի «Փյունիկի» սեփականատեր, ռուսաստանցի գործարար Արթուր Սողոմոնյանը ներկա է եղել արգենտինական «Ռիվեր Փլեյթի» ու «Բոկա Խունիորսի» միջեւ ֆուտբոլի Լիբերտադորեսի գավաթի խաղարկության եզրափակիչի պատասխան հանդիպմանը:

Սողոմոնյանի հետ է եղել նաեւ «Матч ТВ» հեռուստաալիքի ֆուտբոլային մեկնաբան Նոբել Առուստամյանը, որը լուսանկար է հրապարկել Ինստագրամում:

Հիշեցնենք, որ Մադրիդի «Ռեալի» տնային ստադիոն «Սանտյագո Բեռնաբեուում» կայացած պատասխան խաղում «Ռիվեր Փլեյթը» լրացուցիչ ժամանակում հաղթել էր 3:1 հաշվով եւ պատմության մեջ չորրորդ անգամ դարձել Լիբերտադորեսի գավաթակիր: Հիմնական ժամանակն ավարտվել էր 1:1 հաշվով:

Այդ խաղը պետք է տեղի ունենար նոյեմբերի 24-ին Բուենոս Այրեսի «Մոնումենտալ» ստադիոնում, սակայն «Ռիվեր Փլեյթի» երկրպագուների անկարգությունների ու «Բոկա Խունիորսի» ֆուտբոլիստների ավտոբուսի վրա հարձակման պատճառով խաղը հետաձգվել էր: Դրանից հետո Հարավային Ամերիկայի ֆուտբոլային կոնֆեդերացիան (CONMEBOL) որոշել էր պատասխան հանդիպումն անցկացնել այլ երկրում:

«Բոկա Խունիորսի» ու «Ռիվեր Փլեյթի» միջեւ եզրափակիչի առաջին հանդիպումն ավարտվել էր 2։2 հաշվով։ Այս թիմերն առաջին անգամ հանդիպեցին Լիբերտադորեսի գավաթի խաղարկության եզրափակիչում։

Հանդիպմանը ներկա են եղել նաեւ աստղային ֆուտբոլիստներ, այդ թվում՝ «Բարսելոնայի» ռմբարկու Լիոնել Մեսին, Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը, Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Պաուլո Դիբալան, Մադրիդի «Աթլետիկոյի» առաջատարներից Անտուան Գրիզմանն ու թիմի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն, Թուրինի «Յուվենտուսի» պաշտպաններ Ջորջո Կյելինին եւ Լեոնարդո Բոնուչին:

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում