14:43  ,  20 նոյեմբերի, 2018

Կարեն Խաչանով. Ավելիի մասին նույնիսկ երազելն է բարդ

Աշխարհի 11-րդ ռակետ, ռուսաստանցի Կարեն Խաչանովին հարցրել են, թե արդյոք իրեն 37 տարեկանում տեսնում է ATP-ի դասակարգման աղյուսակի երրորդ տեղում, որն այժմ զբաղեցնում է 37-ամյա շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը:

«Եկեք այդ մասին խոսենք գոնե 10 տարուց: Ամեն բան կախված է ֆիզիկական վիճակից: Այժմ միայն կարող եմ ասել՝ հրաշալի է, որ ինձ բախտ է վիճակվել հանդես գալ Ֆեդերերի, Ջոկովիչի ու Նադալի պես մեծագույն չեմպիոնների ժամանակաշրջանում: Հիմա ես պարզապես սովորում եմ հաղթել նրանց, որոնց խաղը նախկինում դիտել եմ հեռուստացույցով: Երբեմն ստացվում է, եւ դրանից հետո ցանկանում ես հաղթել ու աշխատել ավելի շատ:

Հունվարին մտածում էի, որ լավ կլիներ, եթե նոյեմբերին մոտ լինեմ թոփ-20-ին, սակայն, ինչպես ասում են, չկա կատարելության սահման: Ձեռքս դնելով սրտիս՝ կասեմ, իհարկե, շատ գոհ եմ մրցաշրջանից: Ավելիի մասին, երեւի, նույնիսկ երազելն է բարդ»,- 22-ամյա թենիսիստի խոսքը մեջբերում է «Огонёк» ամսագիրը:

Հիշեցնենք, որ այս ամիս հայ մարզիկը հաղթել էր Փարիզի մրցաշարում՝ նվաճելով առաջին տիտղոսը «Մասթերսներում»: Եզրափակիչում նա 7:5, 6:4 հաշվով հաղթել էր աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչին եւ 11-րդ տեղ բարձրացել ATP-ի դասակարգման աղյուսակում:

Կարեն Խաչանովը Անդրեյ Չեսնոկովից, Նիկոլայ Դավիդենկոյից ու Մարատ Սաֆինից հետո չորրորդ ռուսաստանցին է, որը տիտղոս է նվաճում «Մասթերս» շարքի մրցաշարում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում