14:12  +04,  14 նոյեմբերի, 2018

Փաշիկ Ալավերդյան. Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան շատ գոհ է Հայաստանից

Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան Հայաստանից շատ գոհ է, քանի որ պայմանագրի բոլոր 19 կետերը հլու-հնազանդ կատարում ենք:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ծանրամարտի տղամարդկանց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը, որն ամփոփեց Թուրքմենստանի մայրաքաղաք Աշգաբադում կայացած աշխարհի առաջնությունը:

«Շնորհավորում եմ մեզանով ուրախացողներին եւ նաեւ չուրախացողներով, ովքեր չէին ցանկանում, որ այս հաջողություններն ունենայինք: Սիմոնի ու Գոռի մեդալները խոսում են նրանց շատ լավ ելույթների մասին: Ինչ վերաբերում է Անդրանիկ Կարապետյանին, նրա ձախողումը բոլորիս համար հանելուկ էր: Նախավարժանքի ժամանակ քթից արյուն հոսեց, կարծում եմ՝ ճնշումը բարձրացավ: Իսկ քաշը իջեցնելու հնարավորություն չունեինք: Հույս ունենք, որ նա կմասնակցի Քաթարի մայրաքաղաք Դոհայում կայանալիք միջազգային մրցաշարին: Միայն Անդրանիկն է մասնակցելու, մեկնելու ենք ես եւ նա: Ես չունեմ նորից վերքերը բորբոքելու խնդիր, քանի որ նա այն մարզիկն է, ով պետք է Հայաստանի հավաքականի կազմում դեռ հաջողություններ գրանցի: Նա պետք է սկսի օլիմպիական վարկանիշներ հավաքել, հենց այդ նպատակով մեկնում ենք Դոհա: Գուցե հիմա կասեն, որ Անդրանիկին խանգարեց աշխարհի առաջնությունից առաջ կայացած Եվրոպայի երիտասարդական առաջնությանը, որտեղ նա Եվրոպայի չեմպիոն դարձավ, բայց՝ ոչ, չխանգարեց: Ինչու Սիմոնին, Գոռին, չխանգարեց...

Հակոբ Մկրտչյանի մասին միայն կասեմ, որ նա պետք է դառնար աշխարհի չեմպիոն: Տակտիկական սխալ թույլ տվեց եւ ձախողեց: Կարծում եմ՝ նա հոգեպես պատրաստ չէր. մկանները պատրաստ էին, բայց ուղեղը՝ ոչ:

Աշխարհի առաջնությունը վարկանիշային էր Տոկիոյի Օլիմպիական խաղերի համար: Ծանրամարտի օլիմպիական վարկանիշներ նվաճելու համակարգը փոխվել է, այժմ մարզիկներն անհատական վարկանիշների արդյունքում են ապահովելու իրենց անձնական ուղեգրերը: 2020 թվականի մայիսի 30-ին նոր պարզ կլինի, թե ով որքան վարկանիշ է հավաքել եւ կունենա արդյոք օլիմպիական ուղեգիր: Ջունգլիների օրենք է դարձել՝ «կաժդի զա սեբյա»: Իսկ միջազգային ֆեդերացիան մեզանից գոհ է, քանի որ իրենց պայմանագրի 19 կետերը հլու-հնազանդ կատարում ենք:

Աղջիկների մրցելույթներից գոհ չեմ: Երբ մեկնում էին, գիտեինք, որ աղջիկների հարցում խնդիր ունենք: Գիտեինք, որ մեր մարզուհիները մեդալակիրներ չեն կարող լինել: Բայց այս 4 աղջիկները պետք է օլիմպիական վարկանիշային միավորներ հավաքեն եւ մեզ պետք էր, որպեսզի նրանք կարողանան իրենց դրսեւորել հաջորդ տարվա ընթացքում:

Ինչ վերաբերում է Հռիփսիմե Խուրշուդյանին, նա այլեւս չի մարզվի, մրցումներին չի մասնակցի: Միջազգային ֆեդերացիան 4 տարի թույլ չի տալիս մասնակցել մրցաշարերի: 2 տարին անցել է, դեռ 2 էլ կա, եւ նա չի դիմանա այս երկու տարիներին: Հռիփսիմեն այլեւս կանանց ծանրամարտի Հայաստանի հավաքականի անդամ չէ, նրան ազատել ենք նաեւ դոպինգ թեստեր հանձնելու պարտավորություններից, քանի որ կարիք չկա:

Ընդհանուր տարին հաջող ստացվեց մեր հավաքականի համար: Եվրոպայի առաջնությանը չկարողացանք մասնակցել, բայց մեզ ժամկետից շուտ թույլ տվեցին մասնակցենլ աշխարհի պատանեկան առաջնությանն ու Եվրոպայի երիտասարդական առաջնությանը: Դրանից հետո մեզ նորից առանձնահատուկ թույլատրեցին մասնակցել պատանեկան Օլիմպիական խաղերին եւ ունենալ չեմպիոն՝ Կարեն Մարգարյան: Ընդհանուր հաշվով նվաճեցինք 73 մեդալ՝ աշխարհի եւ Եվրոպայի առաջնություններից եւ սա այն դեպքում, երբ բաց թողեցինք մեծահասակների Եվրոպայի առաջնությունը: Եթե անցյալ տարի ծրագրում էի, որ այս տարի պետք է ունենամ մեկ աշխարհի չեմպիոն, այժմ հաջորդ տարի ուզում եմ ունենալ մի քանի չեմպիոններ: Իրականում, այս առաջնությունում շատ մոտ էի մի քանի աշխարհի չեմպիոն ունենալուն, բայց Աստված իմ կողմից չէր: Հաջորդ տարի ամեն ինչ կանենք, որ մի քանի չեմպիոնով վերադառնանք աշխարհի առաջնությունից»,- ասաց Փաշիկ Ալավերդյանը:

Հիշեցնենք, որ ծանրամարտի տղամարդկանց Հայաստանի հավաքականն աշխարհի առաջնությանը մեկնել էր 4 մարզիկով: Ռիո-2016 օլիմպիական փոխչեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը (109 կգ) առաջին անգամ դարձավ աշխարհի չեմպիոն, իսկ Գոռ Մինասյանը (+109 կգ) գրավեց երկրորդ տեղը: 2016 թվականի Եվրոպայի չեմպիոն, Ռիոյի Օլիմպիական խաղերի մասնակից Անդրանիկ Կարապետյանը (81 կգ) զրո ստացավ պոկում վարժությունում, իսկ Հակոբ Մկրտչյանը (89 կգ) զբաղեցրեց 7-րդ տեղը եւ փոքր արծաթե մեդալ նվաճեց հրում վարժությունում:

Աշխարհի առաջնությունը վարկանիշային էր Տոկիո-2020 Օլիմպիական խաղերի համար:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Լրահոս
  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ