13:40  ,  8 նոյեմբերի, 2018

Ֆլոյդ Մեյվեզերը երկրպագուներից ներողություն է խնդրել ապատեղեկատվության համար

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի հինգ քաշային կարգերում աշխարհի 12-ակի չեմպիոն Ֆլոյդ Մեյվեզեր կրտսերը պաշտոնապես հերքել է լուրերը, որ խառը մենամարտերում (MMA) նորամուտը նշելու է դեկտեմբերի 31-ին Ճապոնիայում կայանալիք Rizin մրցաշարում: Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ 41-ամյա ամերիկացին մենամարտելու է ճապոնացի Տենսին Նացուկավայի հետ:

«Հիմա, երբ Ճապոնիա ուղեւորությունից հետո վարադարձել եմ ԱՄՆ, ունեմ ժամանակ՝ անդադառնալու մամուլում տարածված լուրերին դեկտեմբերի 31-ին կայանալիք մենամարտի վերաբերյալ: Երբեք համաձայնություն չեմ տվել Տենսին Նացուկավայի հետ մենամարտի հարցում: Իրականում, մինչեւ Ճապոնիա մեկնելը երբեք չէի էլ լսել նրա մասին: Ինձ խնդրել էին 3 ռաունդանոց ցուցադրական մենամարտի մասնակցել Rizin-ի ընտրած մարզիկի հետ:

Նախապես ենթադրվում էր, որ դա ցուցադրական եւ շատ թանկարժեք մենամարտ է լինելու հարուստ հանդիսատեսի համար: Մեր թիմը հրաժարվեց մենամարտից՝ իմանալով, որ այն ստացել է պաշտոնական բնույթ: Ցանկանում եմ իմ երկրպագուներից ներողություն խնդրել ապատեղեկատվության համար: Ասուլիսի ժամանակ չցանկացա հայտնել դժգոհությունս, քանի որ դրա համար մարդիկ Ճապոնիա էին ժամանել ամբողջ աշխարհից»,- Ինստագրամում գրել է Մեյվեզերը:

Հիշեցնենք, որ 2017-ին Ֆլոյդ Մեյվեզերը բռնցքամարտի կանոններով մենամարտ էր անցկացրել UFC-ի 2 քաշային կարգերում նախկին չեմպիոն, իռլանդացի Քոնոր Մաքգրեգորի հետ եւ հաղթել տեխնիկական նոկաուտով։ Ամերիկացին մտադիր է մենամարտել խառը մենամարտերի թեթեւ քաշային կարգում UFC չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովի հետ:

Վերջերս UFC-ի ղեկավար Դեյնա Ուայթը հայտարարել էր, որ Մեյվեզերի ու Նուրմագոմեդովի մենամարտը չի անցկացվելու բռնցքամարտի կանոններով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում