23:57  ,  7 նոյեմբերի, 2018

ՖԻՖԱ-ն կարգելի Սուպերլիգայի մասնակիցներին խաղալ ԱԱ-ում եւ ԵԱ-ում

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) նախագահ Ջանի Ինֆանտինոն սպառնացել է արգելել ստեղծվելիք եվրոպական ակումբային Սուպերլիգայի մասնակից թիմերի ֆուտբոլիստներին մասնակցել Եվրոպայի եւ աշխարհի առաջնություններին:

«Կամ միասին ենք, կամ էլ հեռացեք: Այս թեզը ներառում է ամեն ինչ: Սուպերլիգայի մասնակից թիմերի ֆուտբոլիստները չեն կարողանա մասնակցել միջազգային մրցաշարերի՝ Եվրոպայի եւ աշխարհի առաջնություններին»,- Ինֆանտինոյի խոսքը մեջբերում է AP-ն:

Ոչ պաշտոնական տվյալներով, Եվրոպայի 16 առաջատար ակումբները մտադիր են 2021 թվականին դուրս գալ ՈւԵՖԱ-ից եւ ստեղծել անկախ Սուպերլիգա: «Մանչեսթեր Յունայթեդը», «Մանչեսթեր Սիթին», «Լիվերպուլը», «Չելսին», «Արսենալը», «Ռեալը», «Բարսելոնան», «Յուվենտուսը», «Միլանը», ՊՍԺ-ն եւ «Բավարիան» կլինեն Սուպերլիգայի հիմնադիրները եւ երաշխավորված տեղ կունենան 20 տարվա ընթացքում: «Ինտերը», «Ռոման», «Աթլետիկոն», Դորտմունդի «Բորուսիան» եւ «Մարսելը» կլինեն հյուրի կարգավիճակում: Սուպերլիգան կունենա խմբային փուլ եւ փլեյ-օֆֆ:  

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում