Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում վերընտրված Արթուր Գեւորգյանը կհանդիպի Հայաստանի սպորտի եւ երիտասարդության հարցերի նորանշանակ նախարար Գաբրիել Ղազարյանի հետ եւ կքննարկի հայկական բռնցքամարտում առկա խնդիրները: Այդ մասին Գեւորգյանը հայտնել է ֆեյսբուքյան էջում:
«Հարգելի մարզաշխարհի ներկայացուցիչներ (այդ թվում՝ դժգոհող գործընկերներ), և լրագրողներ, ինչպես գիտեք ՀՀ սպորտի և երիտասարդության նախարարության դիմաց բողոքի ակցիա է իրականացվում ընդդեմ ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայի և նրա ղեկավարության:
Բազմիցս հրապարակային առաջարկել ենք հանդիպել և առկա խնդիրները քննարկել, սակայն մնացել ենք անարձագանք:
Քիչ առաջ ՀՀ սպորտի և երիտասարդության նախարարի հետ ունեցել եմ հեռախոսազրույց և վերջինս առաջարկել է հանդիպել և քննարկել առկա խնդիրները:
Ցանկանում եմ նշել, որ հանդիպումներին և քննարկումներին շատ ենք սպասել և միանշանակ ողջունում ենք նման մոտեցումը:
Ավելորդ չեմ համարում նշել, որ հենց սպորտի նախարարություն և այլ կառույցներ մեր կողմից ներկայացված գրությունները միշտ մնացել են անարձագանք, վերջիններս չեն արձագանքել այդ հանդիպումներին, այնուամենայնիվ ողջունում եմ նորանշանակ նախարարի նման ողջամիտ քայլը:
Այսօր կհանդիպենք նախարարի և դժգոհողների ներկայացուցչի հետ և վերջապես հնարավորություն կունենանք բոլոր խնդիրները քննարկելու և քաղաքակիրթ ճանապարհով լուծելու համար:
Գտնում եմ, որ հանդիպումը պետք է լինի հրապարակային և այդ իսկ պատճառով կհրավիրեմ լրագրողի, ով առցանց կտեսաձայնագրի մեր քննարկումը:
Նշեմ, որ ֆեդերացիան հակված է եղել և միշտ հակված է լինելու բոլոր հարցերը լուծել քաղաքակիրթ և իրավական ճանապարհով, այլ ոչ՝ էմոցիոնալ պահանջների և սաբոտաժի միջոցով:
Հարգանքով՝ ֆեդերացիայի նախագահ Ա.Գևորգյան»,- ասվում է հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ բռնցքամարտի նորաստեղծ հայկական ազգային ֆեդերացիայի անդամները, կանանց Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանի գլխավորությամբ, հոկտեմբերի 18-ին բողոքի ակցիա էին անցկացրել Հայաստանի սպորտի եւ երիտասարդության նախարարության շենքի մոտ: Նրանք նաեւ փակել էին Աբովյան փողոցը, ինչից հետո նախարարության շենքից դուրս էր եկել Գաբրիել Ղազարյանը եւ զրուցել բողոքի ակցիայի մասնակիցների հետ:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում