19:08  +04,  20 սեպտեմբերի, 2018

Ֆերդինանդ Կարապետյան. Սպորտի նախարարությունից ասացին, որ մեզ Բաքվում կկորցնեն, եթե մեկնենք

Հայաստանի կառավարությունը թույլ չտվեց, որ մենք մեկնենք Բաքու, քանի որ ադրբեջանական կողմը հրաժարվել է անհատական անվտանգության երաշխիք տրամադրել մեր երկրին: Սպորտի նախարարությունից ասացին, որ անմիջապես օդանավակայից մեզ այնտեղ կկորցնեն, եթե մեկնենք:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց ձյուդոյի Եվրոպայի չեմպիոն Ֆերդինանդ Կարապետյանը:

Սեպտեմբերի 20-ին Բաքվում մեկնարկում է ձյուդոյի աշխարի առաջնությունը, որին մասնակցելու նպատակով Հայաստանի միակ ներկայացուցիչ Ֆերդինանդ Կարապետյանը հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Նազարյանի ուղեկցությամբ մեկնել էր Թբիլիսի, որտեղից էլ պետք է մեկներ Բաքու, եթե Հայաստանի արտգործնախարարության դիմումի համաձայն Հայաստանը Ադրբեջանից ստանար թիմի անվտանգությունն ապահովող երաշխավորագիրը: Սակայն Հայաստանի թիմը սեպտեմբերի 19-ին վերադարձել է Երեւան, քանի որ Ադրբեջանը հրաժարվել է ապահովել թիմի անվտանգությունը:

Ֆերդինանդ, ինչո՞ւ որոշեցիք ամեն դեպքում մեկնել Վրաստան, եթե դեռ չկար համապատասխան գրավոր երաշխիքը:

Յուրաքանչյուր նմանատիպ խոշոր մրցաշարերից առաջ հյուրընկալող երկիրը բոլոր մասնակից երկրներին ուղարկում է մեկ ընդհանուր նամակ, որ ապահովում է իրենց երկրում մասնակից երկրների պատվիրակությունների անվտանգությունը: Մյուս երկրների համեմատ Ադրբեջանում անցկացվող մրցաշարերի պարագայում մեր ղեկավարությունը պահանջում է անհատական երաշխիք հայ մարզիկների անվտանգությունն ապահովող: Այս անգամ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը միայն ստացել է այդ ընդհանուր նամակը Ադրբեջանի նախարարությունից եւ պատասխան դիմել անհատական նամակով: Անհատական անվտանգության երաշխիք Արդբեջանն այդպես էլ չի ուղարկել, պատասխանելով, որ ընդհանուր երաշխիքն իրենք տվել են եւ արդեն որոշումը մերն է՝ ցանկանում ենք մեկնել, թե ոչ:

Այս իրավիճակին ծանոթացան միջազգային կառույցները՝ ձյուդոյի միջազգային եւ եվրոպական ֆեդերացիաները: Երկու կազմակերպությունների նախագահներն էլ իրենց մտահոգությունը հայտնեցին այս հարցով եւ փորձեցին հնարավորինս ազդել ադրբեջանական կողմի վրա եւ հույս հայտնեցին, որ երկու երկրները կգտնեն ընդհանուր լեզու եւ սպորտը հնարավորինս հեռու կպահեն քաղաքականությունից: Քանի որ միջազգային կառույցներն արդեն բավական մեծ ճնշում էին սկսել գործադրել աշխարհի առաջնությունը հյուրընկալող Ադրբեջանի վրա, հույսը մեծ էր, որ անհատական երաշխիք այնուամենայնիվ կստանայինք վերջին օրերին: Որպեսզի ժամանակ չկորցնեինք, որոշեցինք մեկնել Թբիլիսի, որտեղի էլ պետք է թռնեինք Բաքու: Բայց Թբիլիսի հասնելուն պես մեր ղեկավարությունը տեղեկացրեց, որ Ադրբեջանը հրաժարվել է Հայաստանին անհատական տրամադրել անվտանգությունն ապահովող երաշխիք, եւ մենք վերադառնանք Հայաստան:

Իսկ ի՞նչ պատճառաբանությամբ է մերժել ադրբեջանական կողմը:

Նրանք ասել են, որ ինչպես մյուս բոլոր երկրներին, այնպես էլ Հայաստանին արդեն ուղարկվել է ընդհանուր նամակը, եւ դա միայն կարող ենք հիմք ընդունել: Իսկ մասնակցության հարցն արդեն մեր ցանկության վրա է: Անհատական երաշխիք չեն տրամադրելու: Հայաստանի սպորտի նախարարությունն էլ մեզ զգուշացրեց, որ կարիք չկա մեկնելու Բաքու, որեւէ գնով չարժի ռիսկի գնալ. ինքնաթիռից դուրս կգանք եւ անմիջապես օդանավակայում մեզ կկորցնեն, եթե մեկնենք: Ես կուզեի գնալ, ոչնչից չեմ վախենում, բայց մեր կառավարությունը թույլ չտվեց, մեկնաբանելով, որ մեր անձնական անվտանգությունը, կյանքն ավելի թանկ է, քան որեւէ մեդալ: Այդպես՝ վերադարձանք Երեւան:

Իսկ Ադրբեջանը տեղյա՞կ էր, որ Հայաստանից միայն երկու պատվիրակ է ունենալու աշխարհի առաջնությունում՝ մարզիկն ու մարզիչը:

Այո, մենք նամակի մենք նշել ենք, որ Հայաստանը հանդես է գալու մեկ մարզիկով՝ Եվրոպայի գործող չեմպիոնով, իսկ նրան ուղեկցելու է հավաքականի մարզիչը: Մեր պահանջը եղել է հետեւլյանը՝ ապահովեք այս երկու ներկայացուցիչների անվտանգությունը ձեր երկրում: Նրանք մերժել են՝ նշելով, որ չենք տրամադրում, ընդհանուր երաշխիք ենք տրամադրում միայն, այնպես, ինչպես մյուս բոլոր մասնակից երկրներին. ուզում եք՝ եկեք, չեք ուզում՝ մի եկեք:

Ֆերդինանդ, կարելի է ենթադրել, որ ադրբեջանական կողմը նպատակաուղղված չի տրամադրել երաշխիքը, որպեսզի այդկերպ կանխի հայ մարզիկի մեդալ նվաճելն ու դրոշի բարձրացումն իրենց երկրում:

Ես ոչ թե ենթադրում եմ, այլ ավելի քան վստահ եմ՝ պատճառը հենց դա է, որ նրանք ուղղակի կանխեցին այդ իրավիճակը: Նրանք մտածել են, որ Եվրոպայի չեմպիոնն է մասնակցում: Իրենց ձյուդոիստներին բազմիցս հաղթել եմ, եւ ոչինչ ինձ չէր խանգարելու այնտեղ եւս հաղթանակ տոնել: Եթե նրանք փոքր-ինչ կասկածեին իմ մեդալ նվաճելու հարցում, կուղարկեին երաշխիքը եւ առանց որեւէ խնդրի ես մուտք կգործեի նրանց երկիր: Նրանք ուղղակի վախեցան, որ հայը կարող է հաղթանակ տոնել իրենց հողի վրա:

Փաստորեն, դեռեւս չհամոզված՝ մեկնելու ես Բաքու, թե ոչ, դու պատրաստվել էիր ԱԱ-ին:

Ես ինքս շատ էի ուզում մեկնել, շատ էի ուզում հենց այնտեղ պայքարի մեջ մտնել, հաղթել: Այս աշխարհի առաջնությանը շատ երկար էի պատրաստվել: Եվրոպայի առաջնությունից հետո չհանգստացա, անմիջապես անցա մարզումների, օրերով, ամիսներով տուն չեմ գնացել, հավաքներ, մարզումներ, նույնիսկ մի քանի ոչ պակաս կարեւոր մրցաշարեր բաց թողեցի, որպեսզի լիարժեք պատրաստ լինեմ աշխարհի առաջնությանը՝ առանց վնասվածքների ու ֆիզիկական շատ լավ պատրաստվածությամբ: Ու ցավալի է, որ հասնում է այդ կարեւոր մրցաշարի օրը, ու դու ստիպված ես այն բաց թողնել:

Հենց տարվա սկզբից ինձ բոլորն ասում էին՝ պետք չի մեկնել Բաքու, մի գնա եւ այլն: Չկար մեկը, որ ինձ ասեր՝ գնա, պայքարի, հաղթի կամ պետք է գնալ: Բայց ես հակառակն էի ուզում, անկեղծ ուզում էի գնալ եւ գտնում էի, որ պետք է գնալ: Ինձ համար շատ կարեւոր մրցաշար եւ շատ կարեւոր հաղթանակ բաց թողեցի: Իսկ ուժերիս վրա շատ վստահ էի, որ ես բարձր արդյունք եմ գրանցելու այնտեղ, քանի որ գերազանց մարզավիճակում էի եւ հաղթելու մեծ տրամադրվածությամբ: Ես դիմել եմ տարբեր ատյաններին, տարբեր մարդկանց, որպեսզի նրանք աջակցեն ինձ ու ամեն ինչ անեն, որ ես հայտնվեմ Բաքվում: Բայց չստացվեց: Իսկ այսպիսի խոշոր մրցաշար ուղղակի իրավունք չունեինք բաց թողնել:

Չեմ հիասթափվում: Այս մի աշխարհի առաջնությունով կյանքը չի ավարտվում: Իհարկե, սա օլիմպիական վարկանիշային էր, բայց դեռ առջեւում վարկանիշային մրցաշարեր կան: Կասկած չունեմ, որ Տոկիո-2020–ի Օլիմպիական խաղերի համար վարկանիշ ձեռք կբերեմ: Ադրբեջանցի մրցակիցների դեռ կհանդիպեմ տատամիի վրա եւ ցույց կտամ, թե ինչպես պետք է վախենալ ուժեղ հայից, իսկ ուժեղի ձեռքից այսկերպ հաղթանակ գողանալը լավ բան չէ:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով


  • Լրահոս
  • Հարցում
Քվեարկել են (10)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ