15:40  ,  4 սեպտեմբերի, 2018

Դավիթ Արշակյանը՝ Խորվաթիա տեղափոխության ու Հայաստանի հավաքական վերադառնալու ցանկության մասին

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի թեկնածու Դավիթ Արշակյանն այս ամռանը դանիական «Վայլեից» տեղափոխվեց խորվաթական «Գորիցա»: NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում 24-ամյա հարձակվողը պատմել է նոր ակումբում առաջին տպավորությունների մասին:

Դավիթ, ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում տեղափոխվեցիր «Գորիցա» եւ արդեն հասցրել ես առաջին գոլը խփել խորվաթական ակումբում: Ինչպե՞ս ստացվեց տեղափոխությունդ:

Առաջարկ ստացա ակումբի մենեջեր Մինդաուգաս Նիկոլիչիուսից, որն իմ մրցելույթներին ծանոթ է Լիտվայից: Երբ ես հանդես էի գալիս «Տրակայում», նա «Ժալգիրիսի» մարզական տնօրենն էր: Նրա հետ զրուցելուց հետո որոշեցի պայմանագիր կնքել «Գորիցայի» հետ: Այստեղ մեծ նախադրյալներ եմ տեսնում ինձ համար:

Ինչպե՞ս է անցնում հարմարվելու գործընթացը նոր թիմում: Սոցցանցերի հրապարակումներից երեւում է, որ շատ ժամանակ ես անցկացնում վրացի պաշտպան Գեորգի Մչեդլիշվիլու հետ:

Մեզ մոտ ձեւավորվում է թիմ ու կոլեկտիվ: Ոչ մեկ մեծ արդյունքներ չի սպասում մեզանից, քանի որ թիմը նոր է նվաճել Խորվաթիայի ուժեղագույնների լիգայի ուղեգիր, եւ հենց դա է մեր առավելությունը: Կորցնելու ոչինչ չունենք: Արդեն կարողացել ենք հաղթել «Հայդուկին», որը խորվաթական ֆուտբոլի առաջատարներից է:

Գեորգի Մչեդլիշվիլու հետ շատ ժամանակ եմ անցկացնում այստեղ տեղափոխվելուց հետո: Նա ինձ օգնում է հարմարվելու հարցում:

Ո՞վ է քո գլխավոր մրցակիցը մեկնարկային կազմում հայտնվելու հարցում:

Գլխավոր մրցակիցս ես եմ: Իսկ խաղային սխեմաներն ու խաղացողների համադրությունը կընտրի մարզիչը:

Դու հանդես ես եկել նաեւ Հայաստանի, Լիտվայի, ԱՄՆ-ի ու Դանիայի առաջնություններում: Եթե անցկացնենք համեմատականներ, որ տեղում է Խորվաթիայի առաջնությունը:

Հայաստանն ու Լիտվան զիջում են Խորվաթիայի առաջնությանը: ԱՄՆ-ում ավելի դինամիկ ու, երբեմն, պարզունակ ֆուտբոլ է: Իսկ խորվաթական ֆուտբոլը տեխնիկապես ավելի հագեցած է:

Շուտով կմեկնարկի ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգան, եւ դու չես ընդգրկվել Հայաստանի հավաքականի հայտացուցակում: Սպասո՞ւմ ես, որ վերադառնալու ես Հայաստանի հավաքական:

Հասկանում եմ, որ նոր եմ սկսել խաղալ նոր թիմում, այդ պատճառով չեմ հրավիրվել Հայաստանի հավաքականի առաջիկա խաղերին: Շատ կցանկանայի առաջիկա խաղերին հրավիրվել հավաքական:

Սամվել Սուքիասյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով