09:07  ,  28 օգոստոսի, 2018

«Սինքֆիլդի գավաթն» ունեցավ 3 հաղթող, Լեւոն Արոնյանը նրանցից մեկն է

ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում անցկացված «Սինքֆիլդի գավաթ» սուպերմրցաշարն ունեցավ 3 հաղթող: Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը, աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը եւ ԱՄՆ-ը ներկայացնող Ֆաբիանո Կարուանան 9 հնարավորից վաստակեցին 5.5-ական միավոր եւ բաժանեցին 1-3-րդ տեղերը:

Վերջին՝ 9-րդ տուրում հայ գրոսմայստերը սպիտակներով 34-րդ քայլում հաղթել էր ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկին:

Մրցաշարը հաղթանակով ավարտեց նաեւ Մագնուս Կարլսենը, որը վերջին տուրում սպիտակներով ուժեղ գտնվեց ամերիկացի Հիկարու Նակամուրայից:

Հավասար միավորների դեպքում հաղթողը պետք է որոշվեր թայ-բրեյքում, սակայն մրցաշարի կազմակերպիչները որոշեցին չեղյալ հայտարարել այն եւ ունենալ 3 հաղթող:

Այս հաղթանակի շնորհիվ Լեւոն Արոնյանը Grand Chess Tour-ի ընդհանուր հաշվարկում 34 միավորով գրավեց երկրորդ տեղը: Հայ գրոսմայստերը զիջեց միայն ամերիկացի Հիկարու Նակամուրային (34.5 միավոր): Երրորդ տեղը գրավեց ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավը, որը հավաքեց 31 միավոր:

Նակամուրան, Արոնյանը եւ Վաշյե-Լագրավը նվաճեցին Լոնդոնում կայանալիք Grand Chess Tour-ի եզրափակիչ փուլի ուղեգիր: Այդ մրցաշարի վերջին ուղեգիրը կվիճարկեն ԱՄՆ-ը ներկայացնող Ֆաբիանո Կարուանան եւ Ուեսլի Սոն, որոնք 26-ական միավորով բաժանում են 4-5-րդ տեղերը:

Grand Chess Tour ընդհանուր հաշվարկում երկրորդ տեղը գրավելու համար Լեւոն Արոնյանը կստանա 95 հազար դոլար:

Հիշեցնենք, որ «Սինքֆիլդի գավաթի» նախորդ 8 տուրերում Արոնյանը հաղթել էր ռուսաստանցի Սերգեյ Կարյակինին, ինչպես նաեւ ոչ ոքի խաղացել ԱՄՆ-ը ներկայացնող Ֆաբիանո Կարուանայի, աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի, ադրբեջանցի Շաքրիյար Մամեդյարովի, աշխարհի նախկին չեմպիոն, հնդիկ Վիշվանաթան Անանդի, ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի, ամերիկացիներ Հիկարու Նակամուրայի եւ Ուեսլի Սոյի հետ:

«Սինքֆիլդի գավաթը» Grand Chess Tour-ի չորրորդ փուլն է: 

«Սինքֆիլդի գավաթ», 9-րդ տուր

Լեւոն Արոնյան (Հայաստան) - Ալեքսանդր Գրիշչուկ (Ռուսաստան)՝ 1:0

Ուեսլի Սո (ԱՄՆ) - Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ)՝ 0.5:0.5

Մագնուս Կարլսեն (Նորվեգիա) – Հիկարու Նակամուրա (ԱՄՆ)՝ 1:0

Սերգեյ Կարյակին (Ռուսաստան) - Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա)՝ 0.5:0.5

Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) - Շաքրիյար Մամեդյարով (Ադրբեջան)՝ 0.5:0.5

Մրցաշարային դրությունը վերջին տուրից հետո

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում