01:41  ,  28 օգոստոսի, 2018

«Սինքֆիլդի գավաթ». Լեւոն Արոնյանը հաղթեց վերջին տուրում եւ հավասարվեց առաջատար Կարուանային

ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում ավարտին մոտեցող «Սինքֆիլդի գավաթ» սուպերմրցաշարի վերջին՝ 9-րդ տուրում հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը սպիտակներով հաղթեց ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկին: Ռուս գրոսմայստերն իր պարտությունն ընդունեց 34-րդ քայլում:

Հայ գրոսմայստերը հավաքեց 5.5 միավոր եւ հավասարվեց միանձնյա առաջատար Ֆաբիանո Կարուանային, որը վերջին տուրում սեւերով ոչ ոքի խաղաց ամերիկացի Ուեսլի Սոյի հետ:

9-րդ տուրի մյուս 3 պարտիաները դեռ չեն շարունակվում են: 4.5-ական միավոր ունեցող Մագնուս Կարլսենը եւ Շաքրիյար Մամեդյարովը դեռ չեն ավարտել իրենց պարտիաները եւ հաղթանակի դեպքում կհավասարվեցն առաջատարներին:

Հավասար միավորների դեպքում մրցաշարի հաղթողը կորոշվի թայ-բրեյքում:

Հիշեցնենք, որ նախորդ 8 տուրերում Արոնյանը հաղթել էր ռուսաստանցի Սերգեյ Կարյակինին, ինչպես նաեւ ոչ ոքի խաղացել ԱՄՆ-ը ներկայացնող Ֆաբիանո Կարուանայի, աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի, ադրբեջանցի Շաքրիյար Մամեդյարովի, աշխարհի նախկին չեմպիոն, հնդիկ Վիշվանաթան Անանդի, ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի, ամերիկացիներ Հիկարու Նակամուրայի եւ Ուեսլի Սոյի հետ:

«Սինքֆիլդի գավաթը» Grand Chess Tour-ի չորրորդ փուլն է:

«Սինքֆիլդի գավաթ», 9-րդ տուր

Լեւոն Արոնյան (Հայաստան) - Ալեքսանդր Գրիշչուկ (Ռուսաստան)՝ 1:0

Ուեսլի Սո (ԱՄՆ) - Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ)՝ 0.5:0.5

Մագնուս Կարլսեն (Նորվեգիա) – Հիկարու Նակամուրա (ԱՄՆ)

Սերգեյ Կարյակին (Ռուսաստան) - Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա)

Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) - Շաքրիյար Մամեդյարով (Ադրբեջան)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում