10:22  ,  28 օգոստոսի, 2018

Ալեքսանդր Կարապետյան. Հիմա ես բոլորովին այլ խաղացող եմ եւ շատ տխուր եմ, որ չեմ կարող օգնել Հայաստանի հավաքականին

Հայաստանի հավաքականում նորամուտից հետո իմ խաղաոճը լիովին փոխվել է այս ընթացքում: Այժմ ավելի շատ եմ աշխատում եւ ցուցադրում եմ ավելի ագրեսիվ ֆուտբոլ:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Լյուքսեմբուրգի փոխչեմպիոն «Պրոգրես Նիդերկորնի» հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը:

30-ամյա ֆուտբոլիստն արդյունավետ խաղ է ցուցադրում վերջին տարիներին, բայց նրա վերադարձը Հայաստանի ազգային հավաքական այդպես էլ չի կայանում: Գերմանական ֆուտբոլային դպրոցի սանը Հայաստանի հավաքականի կազմում նորամուտը նշել է 2014 թվականին, երբ ազգային թիմը գլխավորում էր շվեյցարացի մասնագետ Բեռնար Շալանդը: Այդ տարի նա մասնակցեց սերբերի դեմ Եվրո-2016-ի ընտրական հանդիպմանն ու Ֆրանսիայի հավաքականի հետ ընկերական խաղին, ինչից հետո այլեւս չի հրավիրվում ազգային թիմ:

2014 թվականին դու նորամուտը նշեցիր Հայաստանի հավաքականում եւ մասնակցեցիր 2 խաղի, սակայն դրանից հետո չես հրավիրվում ազգային թիմ, թեեւ վերջին տարիներին աչքի ես ընկնում արդյունավետ խաղով: Ըստ քեզ՝ որն է պատճառը, որ հրավեր չես ստանում Հայաստանի հավաքականից:

Վստահեցնում եմ Ձեզ, որ չգիտեմ, թե որն է պատճառը: Հայաստանի հավաքականից ստացած առաջին հրավերի ժամանակ ես բոլորովին այլ խաղացող էի, իսկ հիմա՝ այլ: Ես լիովին փոխել եմ խաղաոճս: Այժմ ավելի շատ եմ աշխատում դաշտում, ցուցադրում եմ ավելի ագրեսիվ ֆուտբոլ եւ փորձում եմ հնարավորինս արագ ավարտել ցանկացած գործողություն: Տեսնելով դա՝ Հայաստանի հավաքականի խաղացողները, կարծում եմ, դեմ չեն լինի իմ վերադարձին: 4 տարի առաջ եւ հիմա Ալեքսանդր Կարապետյանը բոլորովին այլ խաղացող է:

Հնարավոր է, որ մարդիկ կարծում են, թե Լյուքսեմբուրգի ֆուտբոլը բավականաչափ լավը չէ: Սակայն, եթե ուսումնասիրեք Լյուքսեմբուրգի ակումբների ու ազգային հավաքականի վերջին արդյունքները, ապա կտեսնենք, որ այստեղ շատ բան է փոխվել: Գոլազուրկ ոչ ոքի Ֆրանսիայի հավաքականի հետ եւ հաղթանակներ Վրաստանի ու Բուլղարիայի նկատմամբ: Լյուքսեմբուրգի հավաքականի մարզիչն ուրախ կլիներ ունենալ իմ պես խաղացող, սակայն ես արդեն պաշտոնական հանդիպում եմ անցկացրել Հայաստանի հավաքականի կազմում եւ ցանկանում եմ խաղալ իմ երկրի համար:  

Այս ընթացքում հետեւե՞լ ես Հայաստանի հավաքականի խաղերին եւ արդյո՞ք սպասում ես, որ դարձյալ կհրավիրվես ազգային թիմ:

Այո, ես դիտում եմ Հայաստանի հավաքականի բոլոր խաղերը: Շատ եմ սիրում իմ երկիրը եւ հպարտ եմ, որ նրա մի մասնիկն եմ: Ինձ համար տխուր է, որ չեմ կարող օգնել իմ հավաքականին, սակայն հույս ունեմ, որ մի օր կվերադառնամ Հայաստանի հավաքական:

Լյուքսեմբուրգի նախորդ առաջնությունում դարձար 29 գոլի հեղինակ եւ երկրորդ տեղը գրավեցիր ռմբարկուների ցուցակում: Արդյո՞ք ժամանակը չէ, որ ուժերդ փորձես ավելի ուժեղ առաջնությունում:

Նախորդ առաջնությունում խփեցի 29 գոլ եւ պետք է դառնայի լավագույն ռմբարկու, բայց կարմիր քարտի պատճառով բաց թողեցի 4 հանդիպում: Ունեմ մի շարք առաջարկներ պրոֆեսիոնալ թիմերից, բայց ես շատ զբաղված եմ իմ կազմակերպություններով: Լյուքսեմբուրգում ունեմ 4 մեծ կազմակերպություն եւ չեմ կարող հեռանալ: Հնարավոր է, որ այս ձմռանը կվաճառեմ դրանցից երկուսը եւ կփորձեմ ինչ-որ նոր բան: Առաջարկներ եմ ունեցել նաեւ Գերմանիայի երկրորդ եւ երրորդ լիգաներից, Բելգիայի ու Ռուսաստանի առաջին դիվիզիոններից, ֆրանսիական «Լիգա-2»-ից, ինչպես նաեւ շահավետ առաջարկներ Դուբայից, Բահրեյնից եւ այլ հարուստ երկրներից:

Երեւանի «Փյունիկի» գլխավոր մարզիչ Անդրեյ Տալալաեւը վերջերս հայտարարել էր, որ հետաքրքրված է քո ծառայություններով: Արդյո՞ք ստացել ես առաջարկ հայկական ակումբից:

Շատ հաճելի է, որ իմ ծառայություններով հետաքրքրվում են նաեւ Հայաստանում, սակայն ես երբեք առաջարկ չեմ ստացել հայկական ակումբից:

Լյուքսեմբուրգի առաջնությունը մեծ առաջընթաց է գրանցում վերջին տարիներին: «Պրոգրես Նիդերկորնը» բավական հաջող հանդես եկավ եվրագավաթներում, իսկ քո նախկին ակումբ «Դյուդելանժը» շատ մոտ է Եվրոպայի լիգայի ուղեգիր նվաճելուն: Ինչո՞վ է պայմանավորված Լյուքսեմբուրգի առաջնության առաջընթացը:

Վերջին տարիներին Լյուքսեմբուրգի ֆուտբոլի առաջընթացը տեսանելի է: Այստեղ մարդիկ սկսում են ավելի ու ավելի սիրել ֆուտբոլը, եւ ամեն տարի որակը բարձրանում է: Հաջողության գաղտնիքն այն է, որ դու տեսնում ես քո աշխատանքի արդյունքը, եւ դա ստիպում է քեզ անել ավելին: «Դյուդելանժը», «Պրոգրես Նիդերկորնը» եւ «Ֆոլան» ունեն այնպիսի խաղացողներ, որոնք կարող են հանդես գալ նաեւ այլ երկրների առաջնություններում, սակայն միջազգային փորձ ունեցող շատ ֆուտբոլիստներ ցանկանում են մնալ այստեղ: Երբ դու մեկ անգամ հանդես ես գալիս եվրագավաթներում, ապա ցանկանում ես այդ զգացողություններն ունենալ ամեն տարի: Լյուքսեմբուրգի առաջնությունում այդպիսի հնարավորություն են ստանում 3 լավագույն թիմերը:

Սեպտեմբերին կմեկնարկի ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգան, որում Հայաստանի հավաքականի մրցակիցներն են Մակեդոնիան, Լիխտենշտեյնը եւ Ջիբրալթարը: Ինչպե՞ս կգնահատես հայկական թիմի շանսերն այդ մրցաշարում:

Կարծում եմ՝ Հայաստանի հավաքականը պետք է առաջին տեղը գրավի խմբում: Մեր երկրպագուներն ու ազգն արժանի է դրան: Մենք ունենք որակներ եւ պետք է հավատանք մեր ուժերին: Պետք է չվախենանք որեւէ մրցակցից: Շատ երջանիկ կլինեմ ու կներդնեմ բոլոր ուժերս, եթե դարձյալ հնարավորություն ստանամ խաղալ այդպիսի պատվավոր երկրի համար:

Դավիթ Եղիազարյան

Կարդացեք նաեւ՝ «Ինչո՞ւ պետք է Ալեքսանդր Կարապետյանին վերադարձնել Հայաստանի հավաքական»

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով