09:33  ,  27 օգոստոսի, 2018

Ինչո՞ւ պետք է Ալեքսանդր Կարապետյանին վերադարձնել Հայաստանի հավաքական

Լյուքսեմբուրգի առաջնությունում հանդես եկող «Պրոգրես Նիդերկորնի» հարձակվող Ալեքսանդր Կարապետյանն արդյունավետ խաղ է ցուցադրում վերջին տարիներին, սակայն աննկատ է մնում ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի կողմից:

Ալեքսանդր Կարապետյանն առաջին անգամ Հայաստանի հավաքական հրավիրվեց 2014 թվականին, երբ ազգային թիմը գլխավորում էր շվեյցարացի մասնագետ Բեռնար Շալանդը: Նա Հայաստանի հավաքականում նորամուտը նշեց 2014-ի հոկտեմբերի 11-ին Երեւանում կայացած սերբերի դեմ Եվրո-2016-ի ընտրական խաղում, որում փոխարինման դուրս եկավ 84-րդ րոպեին: Նա Հայաստանի հավաքականի կազմում խաղաց նաեւ 3 օր անց կայացած Ֆրանսիայի թիմի դեմ ընկերական խաղում, ինչից հետո այլեւս չի հրավիրվում ազգային թիմ:

Եթե տարիներ առաջ ծիծաղում էինք, որ Լյուքսեմբուրգում հանդես եկող ֆուտբոլիստը հրավիրվում է Հայաստանի հավաքական, ապա այսօր Լյուքսեմբուրգի առաջնության թիմերը պայքարում են եվրագավաթների ուղեգիր նվաճելու համար:

Գերմանական ֆուտբոլային դպրոցով անցած 30-ամյա Կարապետյանը 2017 թվականից խաղում է «Պրոգրես Նիդերկորն» ակումբում, որի լավագույն ռմբարկուն է: Լյուքսեմբուրգի նախորդ առաջնությունում հայ հարձակվողը խփեց 29 գոլ եւ երկրորդ տեղը գրավեց ռմբարկուների ցուցակում: Ընդ որում՝ նա երկար ժամանակ գլխավորում էր ռմբարկուների ցուցակը, որի առաջատարի դիրքը զիջեց միայն վերջին տուրում: Լյուքսեմբուրգի չեմպիոնի տիտղոսը նվաճած «Դյուդելանժի» հարձակվող Դավիդ Տուրպելը վերջին տուրում դարձավ հեթ-տրիկի հեղինակ եւ, շրջանցելով Կարապետյանին, 31 գոլով դարձավ մրցաշրջանի լավագույն ռմբարկու:

Նախորդ մրցաշրջանում «Պրոգրես Նիդերկորնը» «Դյուդելանժի» միակ մրցակիցն էր չեմպիոնական մրցավազքում, սակայն հետ մնաց 5 միավոր եւ, գրավելով երկրորդ տեղը, նվաճեց Եվրոպայի լիգայի որակավորման փուլի ուղեգիր:

Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլում հաղթահարելով ադրբեջանական «Գաբալայի» արգելքը (2:0, 0:1)՝ «Պրոգրես Նիդերկորնը» հանդիպեց հունգարական «Հոնվեդին», որին եւս հաղթեց 2 խաղերի արդյունքում (0:1, 2:0): Կարապետյանը հասկանալի պատճառներով չէր մեկնել «Գաբալայի» դեմ Ադրբեջանում կայացած առաջին խաղին (2:0), իսկ պատասխան մրցավեճում (0:1) դուրս եկավ փոխարինման: Հունգարական «Հոնվեդի» դեմ առաջին խաղում (0:1) հայ հարձակվողը դաշտ դուրս եկավ երկրորդ խաղակեսում, իսկ պատասխան խաղում հանդես եկավ մեկնակային կազմում եւ դարձավ գոլային փոխանցման հեղինակ՝ օգնելով «Պրոգրես Նիդերկորնին» հաղթել 2:0 հաշվով եւ դուրս գալ հաջորդ փուլ:

Որակավորման երրորդ փուլում «Պրոգրես Նիդերկորնին» սպասում էր Ռուսաստանի Պրեմյեր լիգայում հանդես եկող «Ուֆան», որը Լյուքսեմբուրգի փոխչեմպիոնի արգելքը հաղթահարեց դժվարությամբ (2:1, 2:2): Ռուսական ակումբի դեմ 2 խաղերում էլ Ալեքսանդրը մեկնարկային կազմում հանդես եկավ առանց փոխարինման: Առաջին խաղում պարտվելով 1:2 հաշվով՝ «Պրոգրես Նիդերկորնը» տանը նույն հաշվով հաղթում էր մինչեւ ավելացված ժամանակի երրորդ րոպեն, երբ բաց թողեց գոլ եւ լքեց պայքարը: Ի դեպ, «Ուֆայի» ու «Պրոգրես Նիդերկորնի» միջեւ առաջին խաղից հետո Երեւանի «Փյունիկի» ռուս գլխավոր մարզիչ Անդրեյ Տալալաեւը Матч ТВ-ի եթերում հայտարարել էր, որ հետաքրքրված է Ալեքսանդր Կարապետյանի ծառայություններով եւ կարծում է, որ հայ հարձակվողը կարող է ուժեղացնել երեւանյան ակումբը:

«Պրոգրես Նիդերկորնը» եվրագավաթներում «աղմկել» էր դեռ նախորդ մրցաշրջանում, երբ Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլում սենսացիոն հաղթանակ էր տարել շոտլանդական «Գլազգո Ռեյնջերսի» նկատմամբ (0:1, 2:0): Այդ դիմակայության առաջին խաղից հետո բուքմեյքերական գրասենյակները Լյուքսեմբուրգի թիմի՝ հաջորդ փուլ դուրս գալու համար սահմանել էին 100 գործակից:

«Պրոգրես Նիդերկորնը», այս մրցաշրջանում թողնելով լավ տպավորություն, դուրս մնաց եվրագավաթներից, իսկ ահա Լյուքսեմբուրգի չեմպիոն «Դյուդելանժը» մոտ է Եվրոպայի լիգայի խմբային փուլի ուղեգիր նվաճելուն: Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում պարտվելով հունգարական «Մոլ Վիդիին»՝ «Դյուդելանժը» եվրագավաթներում պայքարը շարունակեց Եվրոպայի լիգայում եւ արդեն հաղթահարել է Կոսովոյի «Դրիտայի» (2:1, 1:1) ու լեհական «Լեգիայի» (2:1, 2:2) արգելքը: Եվրոպայի լիգայի որակավորման վերջին փուլում «Դյուդելանժին» բաժին է հասել Երեւանի «Ալաշկերտին» 2 խաղերի արդյունքում 7:0 հաշվով հաղթած ռումինական «Կլուժը», որին Լյուքսեմբուրգի չեմպիոնն առաջին խաղում տանը հաղթել է 2:0 հաշվով եւ պատասխան խաղից առաջ ունի Եվրոպայի լիգայի խմբային փուլի ուղեգիր նվաճելու լավ շանսեր:

Այն, որ 14 թիմով անցկացվող Լյուքսեմբուրգի առաջնությունը մեծ առաջընթաց է գրանցում վերջին տարիներին, նկատելի է անզեն աչքով: Այո, Լյուքսեմբուրգի առաջնությունում հանդես են գալիս նաեւ ֆուտբոլիստներ, որոնք մարզումներից հետո զբաղվում են նաեւ այլ աշխատանքով, սակայն այստեղ կան նաեւ ուժեղ լեգեոնականներ, որոնց դեմ խաղում է Ալեքսանդր Կարապետյանը:

ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի մեկնարկից առաջ Հայաստանի հավաքականը խնդիրներ ունի առջեւ գծում եւ այս պայմաններում Ալեքսանդր Կարապետյանին ազգային թիմ վերադարձնելը կարող է լինել օգտակար:

Երեւանի «Փյունիկի» հարձակվող Ռուսլան Կորյանն ու դանիական «Հոբրոյի» հարձակողական ոճի կիսապաշտպան Էդգար Բաբայանը վնասվածքի պատճառով բաց կթողնեն Լիխտենշտեյնի (սեպտեմբերի 6, Երեւան) ու Մակեդոնիայի (սեպտեմբերի 9, Սկոպյե) դեմ ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի խաղերը: Վարդան Մինասյանի՝ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնին վերադառնալուց հետո ազգային թիմում սպասվում էր նաեւ Յուրա Մովսիսյանի վերադարձը, սակայն 31-ամյա հարձակվողը շվեդական «Յուրգորդենի» կազմում ստացած վնասվածքի պատճառով վիրահատվել էր հուլիսին եւ առաջիկա խաղերում չի կարող օգնել հավաքականին:

Առաջիկա խաղերում Հայաստանի հավաքականի հարձակման կիզակետում, հավանաբար, կխաղա «Վարդարի» հարձակվող Տիգրան Բարսեղյանը, որը մակեդոնական ակումբի կազմում գոլի հեղինակ է դարձել վերջին 3 խաղերում: Կենտրոնական հարձակվողի դիրքում կարող է հանդես գալ նաեւ «Յան Ռեգենսբուրգի» խաղացող Սարգիս Ադամյանը, թեեւ նա գերմանական երկրորդ Բունդեսլիգայում հանդես է գալիս եզրային կիսապաշտպանի դիրքում: Չենք մոռանում նաեւ Ռուսաստանի Պրեմյեր լիգայի նորեկ Կրասնոյարսկի «Ենիսեյի» հարձակվող Արթուր Սարկիսովի մասին, որն այդպես էլ չի կարողանում ամրապնդվել Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմում:

Գուցե ժամանակն է, որ Հայաստանի հավաքականում հնարավորություն ստանա նաեւ Գեղամ Հարությունյանը, որը նախորդ մրցաշրջանում «Գանձասար-Կապանի» լավագույն ռմբարկուն էր, իսկ այս ամռանը տեղափոխվեց Կարագանդայի «Շախտյոր»: Ի դեպ, Գեղամ Հարությունյանը նախորդ հավաքի ժամանակ հրավիրվել էր Հայաստանի հավաքական, սակայն չմասնակցեց Մալթայի (1:1, մայիսի 29) եւ Մոլդովայի (0:0, հունիսի 4) թիմերի հետ Ավստրիայում կայացած ընկերական խաղերին: Քիչ հավանական է «Աթլետիկո Ուրականի» հարձակվող Նորբերտո Բրիասկո Բալեկյանի վերադարձը Հայաստանի հավաքական, քանի որ 22-ամյա ֆուտբոլիստը վերջին շրջանում մտածում էր արգենտինական ակումբից հեռանալու մասին եւ չունի մշտական խաղային պրակտիկա: Բալեկյանը Արթուր Պետրոսյանի գլխավորությամբ Հայաստանի հավաքականում նորամուտը նշել էր մարտին տեղի ունեցած Էստոնիայի (0:0) եւ Լիտվայի (0:1) դեմ ընկերական հանդիպումներում, սակայն Վարդան Մինասյանը նրան չհրավիրեց հաջորդ 2 խաղերին: Պետք չէ մոռանալ նաեւ Բելգիայի ուժեղագույնների խմբում հանդես եկող «Էյպեն» ակումբի նորեկ Իվան Յագանին: 29-ամյա հարձակվողը Հայաստանի հավաքականում նորամուտը նշեց նախորդ 2 խաղերում, սակայն նա դեռ ունի ազգային թիմում ամրապդնվելու ու հարմարվելու խնդիր:

Իհարկե, Ալեքսանդր Կարապետյանին Հայաստանի հավաքական վերադարձնելով առջեւի գծում բոլոր խնդիրները դժվար թե լուծվեն, բայց այն, որ հարձակվողն իր ցուցադրած արդյունավետ խաղով արժանացել է ազգային թիմ վերադառնալուն, դրա հետ կհամաձայնեն շատերը: Լյուքսեմբուրգի ընթացիկ առաջնության 4 տուրերում Կարապետյանը մասնակցել է 3 խաղի եւ դարձել մեկ գոլի ու մեկ գոլային փոխանցման հեղինակ:

Դավիթ Եղիազարյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով