09:33 27 օգոստոսի, 2018Լյուքսեմբուրգի առաջնությունում հանդես եկող «Պրոգրես Նիդերկորնի» հարձակվող Ալեքսանդր Կարապետյանն արդյունավետ խաղ է ցուցադրում վերջին տարիներին, սակայն աննկատ է մնում ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի կողմից:
Ալեքսանդր Կարապետյանն առաջին անգամ Հայաստանի հավաքական հրավիրվեց 2014 թվականին, երբ ազգային թիմը գլխավորում էր շվեյցարացի մասնագետ Բեռնար Շալանդը: Նա Հայաստանի հավաքականում նորամուտը նշեց 2014-ի հոկտեմբերի 11-ին Երեւանում կայացած սերբերի դեմ Եվրո-2016-ի ընտրական խաղում, որում փոխարինման դուրս եկավ 84-րդ րոպեին: Նա Հայաստանի հավաքականի կազմում խաղաց նաեւ 3 օր անց կայացած Ֆրանսիայի թիմի դեմ ընկերական խաղում, ինչից հետո այլեւս չի հրավիրվում ազգային թիմ:
Եթե տարիներ առաջ ծիծաղում էինք, որ Լյուքսեմբուրգում հանդես եկող ֆուտբոլիստը հրավիրվում է Հայաստանի հավաքական, ապա այսօր Լյուքսեմբուրգի առաջնության թիմերը պայքարում են եվրագավաթների ուղեգիր նվաճելու համար:
Գերմանական ֆուտբոլային դպրոցով անցած 30-ամյա Կարապետյանը 2017 թվականից խաղում է «Պրոգրես Նիդերկորն» ակումբում, որի լավագույն ռմբարկուն է: Լյուքսեմբուրգի նախորդ առաջնությունում հայ հարձակվողը խփեց 29 գոլ եւ երկրորդ տեղը գրավեց ռմբարկուների ցուցակում: Ընդ որում՝ նա երկար ժամանակ գլխավորում էր ռմբարկուների ցուցակը, որի առաջատարի դիրքը զիջեց միայն վերջին տուրում: Լյուքսեմբուրգի չեմպիոնի տիտղոսը նվաճած «Դյուդելանժի» հարձակվող Դավիդ Տուրպելը վերջին տուրում դարձավ հեթ-տրիկի հեղինակ եւ, շրջանցելով Կարապետյանին, 31 գոլով դարձավ մրցաշրջանի լավագույն ռմբարկու:
Նախորդ մրցաշրջանում «Պրոգրես Նիդերկորնը» «Դյուդելանժի» միակ մրցակիցն էր չեմպիոնական մրցավազքում, սակայն հետ մնաց 5 միավոր եւ, գրավելով երկրորդ տեղը, նվաճեց Եվրոպայի լիգայի որակավորման փուլի ուղեգիր:
Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլում հաղթահարելով ադրբեջանական «Գաբալայի» արգելքը (2:0, 0:1)՝ «Պրոգրես Նիդերկորնը» հանդիպեց հունգարական «Հոնվեդին», որին եւս հաղթեց 2 խաղերի արդյունքում (0:1, 2:0): Կարապետյանը հասկանալի պատճառներով չէր մեկնել «Գաբալայի» դեմ Ադրբեջանում կայացած առաջին խաղին (2:0), իսկ պատասխան մրցավեճում (0:1) դուրս եկավ փոխարինման: Հունգարական «Հոնվեդի» դեմ առաջին խաղում (0:1) հայ հարձակվողը դաշտ դուրս եկավ երկրորդ խաղակեսում, իսկ պատասխան խաղում հանդես եկավ մեկնակային կազմում եւ դարձավ գոլային փոխանցման հեղինակ՝ օգնելով «Պրոգրես Նիդերկորնին» հաղթել 2:0 հաշվով եւ դուրս գալ հաջորդ փուլ:
Որակավորման երրորդ փուլում «Պրոգրես Նիդերկորնին» սպասում էր Ռուսաստանի Պրեմյեր լիգայում հանդես եկող «Ուֆան», որը Լյուքսեմբուրգի փոխչեմպիոնի արգելքը հաղթահարեց դժվարությամբ (2:1, 2:2): Ռուսական ակումբի դեմ 2 խաղերում էլ Ալեքսանդրը մեկնարկային կազմում հանդես եկավ առանց փոխարինման: Առաջին խաղում պարտվելով 1:2 հաշվով՝ «Պրոգրես Նիդերկորնը» տանը նույն հաշվով հաղթում էր մինչեւ ավելացված ժամանակի երրորդ րոպեն, երբ բաց թողեց գոլ եւ լքեց պայքարը: Ի դեպ, «Ուֆայի» ու «Պրոգրես Նիդերկորնի» միջեւ առաջին խաղից հետո Երեւանի «Փյունիկի» ռուս գլխավոր մարզիչ Անդրեյ Տալալաեւը Матч ТВ-ի եթերում հայտարարել էր, որ հետաքրքրված է Ալեքսանդր Կարապետյանի ծառայություններով եւ կարծում է, որ հայ հարձակվողը կարող է ուժեղացնել երեւանյան ակումբը:

«Պրոգրես Նիդերկորնը» եվրագավաթներում «աղմկել» էր դեռ նախորդ մրցաշրջանում, երբ Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլում սենսացիոն հաղթանակ էր տարել շոտլանդական «Գլազգո Ռեյնջերսի» նկատմամբ (0:1, 2:0): Այդ դիմակայության առաջին խաղից հետո բուքմեյքերական գրասենյակները Լյուքսեմբուրգի թիմի՝ հաջորդ փուլ դուրս գալու համար սահմանել էին 100 գործակից:
«Պրոգրես Նիդերկորնը», այս մրցաշրջանում թողնելով լավ տպավորություն, դուրս մնաց եվրագավաթներից, իսկ ահա Լյուքսեմբուրգի չեմպիոն «Դյուդելանժը» մոտ է Եվրոպայի լիգայի խմբային փուլի ուղեգիր նվաճելուն: Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում պարտվելով հունգարական «Մոլ Վիդիին»՝ «Դյուդելանժը» եվրագավաթներում պայքարը շարունակեց Եվրոպայի լիգայում եւ արդեն հաղթահարել է Կոսովոյի «Դրիտայի» (2:1, 1:1) ու լեհական «Լեգիայի» (2:1, 2:2) արգելքը: Եվրոպայի լիգայի որակավորման վերջին փուլում «Դյուդելանժին» բաժին է հասել Երեւանի «Ալաշկերտին» 2 խաղերի արդյունքում 7:0 հաշվով հաղթած ռումինական «Կլուժը», որին Լյուքսեմբուրգի չեմպիոնն առաջին խաղում տանը հաղթել է 2:0 հաշվով եւ պատասխան խաղից առաջ ունի Եվրոպայի լիգայի խմբային փուլի ուղեգիր նվաճելու լավ շանսեր:
Այն, որ 14 թիմով անցկացվող Լյուքսեմբուրգի առաջնությունը մեծ առաջընթաց է գրանցում վերջին տարիներին, նկատելի է անզեն աչքով: Այո, Լյուքսեմբուրգի առաջնությունում հանդես են գալիս նաեւ ֆուտբոլիստներ, որոնք մարզումներից հետո զբաղվում են նաեւ այլ աշխատանքով, սակայն այստեղ կան նաեւ ուժեղ լեգեոնականներ, որոնց դեմ խաղում է Ալեքսանդր Կարապետյանը:

ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի մեկնարկից առաջ Հայաստանի հավաքականը խնդիրներ ունի առջեւ գծում եւ այս պայմաններում Ալեքսանդր Կարապետյանին ազգային թիմ վերադարձնելը կարող է լինել օգտակար:
Երեւանի «Փյունիկի» հարձակվող Ռուսլան Կորյանն ու դանիական «Հոբրոյի» հարձակողական ոճի կիսապաշտպան Էդգար Բաբայանը վնասվածքի պատճառով բաց կթողնեն Լիխտենշտեյնի (սեպտեմբերի 6, Երեւան) ու Մակեդոնիայի (սեպտեմբերի 9, Սկոպյե) դեմ ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի խաղերը: Վարդան Մինասյանի՝ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնին վերադառնալուց հետո ազգային թիմում սպասվում էր նաեւ Յուրա Մովսիսյանի վերադարձը, սակայն 31-ամյա հարձակվողը շվեդական «Յուրգորդենի» կազմում ստացած վնասվածքի պատճառով վիրահատվել էր հուլիսին եւ առաջիկա խաղերում չի կարող օգնել հավաքականին:
Առաջիկա խաղերում Հայաստանի հավաքականի հարձակման կիզակետում, հավանաբար, կխաղա «Վարդարի» հարձակվող Տիգրան Բարսեղյանը, որը մակեդոնական ակումբի կազմում գոլի հեղինակ է դարձել վերջին 3 խաղերում: Կենտրոնական հարձակվողի դիրքում կարող է հանդես գալ նաեւ «Յան Ռեգենսբուրգի» խաղացող Սարգիս Ադամյանը, թեեւ նա գերմանական երկրորդ Բունդեսլիգայում հանդես է գալիս եզրային կիսապաշտպանի դիրքում: Չենք մոռանում նաեւ Ռուսաստանի Պրեմյեր լիգայի նորեկ Կրասնոյարսկի «Ենիսեյի» հարձակվող Արթուր Սարկիսովի մասին, որն այդպես էլ չի կարողանում ամրապնդվել Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմում:
Գուցե ժամանակն է, որ Հայաստանի հավաքականում հնարավորություն ստանա նաեւ Գեղամ Հարությունյանը, որը նախորդ մրցաշրջանում «Գանձասար-Կապանի» լավագույն ռմբարկուն էր, իսկ այս ամռանը տեղափոխվեց Կարագանդայի «Շախտյոր»: Ի դեպ, Գեղամ Հարությունյանը նախորդ հավաքի ժամանակ հրավիրվել էր Հայաստանի հավաքական, սակայն չմասնակցեց Մալթայի (1:1, մայիսի 29) եւ Մոլդովայի (0:0, հունիսի 4) թիմերի հետ Ավստրիայում կայացած ընկերական խաղերին: Քիչ հավանական է «Աթլետիկո Ուրականի» հարձակվող Նորբերտո Բրիասկո Բալեկյանի վերադարձը Հայաստանի հավաքական, քանի որ 22-ամյա ֆուտբոլիստը վերջին շրջանում մտածում էր արգենտինական ակումբից հեռանալու մասին եւ չունի մշտական խաղային պրակտիկա: Բալեկյանը Արթուր Պետրոսյանի գլխավորությամբ Հայաստանի հավաքականում նորամուտը նշել էր մարտին տեղի ունեցած Էստոնիայի (0:0) եւ Լիտվայի (0:1) դեմ ընկերական հանդիպումներում, սակայն Վարդան Մինասյանը նրան չհրավիրեց հաջորդ 2 խաղերին: Պետք չէ մոռանալ նաեւ Բելգիայի ուժեղագույնների խմբում հանդես եկող «Էյպեն» ակումբի նորեկ Իվան Յագանին: 29-ամյա հարձակվողը Հայաստանի հավաքականում նորամուտը նշեց նախորդ 2 խաղերում, սակայն նա դեռ ունի ազգային թիմում ամրապդնվելու ու հարմարվելու խնդիր:
Իհարկե, Ալեքսանդր Կարապետյանին Հայաստանի հավաքական վերադարձնելով առջեւի գծում բոլոր խնդիրները դժվար թե լուծվեն, բայց այն, որ հարձակվողն իր ցուցադրած արդյունավետ խաղով արժանացել է ազգային թիմ վերադառնալուն, դրա հետ կհամաձայնեն շատերը: Լյուքսեմբուրգի ընթացիկ առաջնության 4 տուրերում Կարապետյանը մասնակցել է 3 խաղի եւ դարձել մեկ գոլի ու մեկ գոլային փոխանցման հեղինակ:
Դավիթ Եղիազարյան

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.