16:12  ,  22 օգոստոսի, 2018

Արամ Ավագյանի պրոմոուտերը գնահատել է նրա շանսերը Եվգենի Սմիրնովի հետ մենամարտում

Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արամ Ավագյանի պրոմոուտեր Արամ Դավթյանը խոսել է սեպտեմբերի 21-ին կայանալիք ռուս Եվգենի Սմիրնովի հետ մենամարտի մասին:

«Միշտ ցանկացել եմ սեպտեմբերի 21-ին պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկո կազմակերպել Հայաստանում, այս անգամ չստացվեց, բայց ՀՀ անկախության օրը Մոսկվայում տեղի կունենա Արամ Ավագյանի մենամարտը: Միտք ունենք ամեն տարի այդ օրը Հայաստանում բռնցքամարտի շոու կազմակարպել»,- Արամ Դավթյանի խոսքը մեջբերում է Punch Boxing Promotions-ի մամուլի ծառայությունը:

Հարցին, թե արդյո՞ք Արամն այս փուլում պատրաստ է մենամարտել այդպիսի ուժեղ մրցակցի հետ, Դավթյանը պատասխանել է. 

«Միանգամից ասեմ՝ այո, եւ դրա համար տարբեր հանգամանքներ կան: Սա պրոֆեսիոնալ բռնցքամարտ է: Արամն ունի շատ մեծ փորձ: Նա մասնակցել է Օլիմպիական խաղերին, որտեղ կարեւոր մենամարտում հաղթանակը տվեցին աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Մայքլ Քոնլանին: Շատ վիճելի մենամարտ էր: Հավասար մարտ էր եւ կարող էին հաղթանակը շնորհել նաեւ Արամին: Արամն իր կարիերայի ընթացքում հանդիպել է շատ ուժեղ բռնցքամարտիկների հետ եւ իրեն ցույց է տվել ամենալավ կողմերով: Սմիրնովը շատ լուրջ մրցակիցներ չի ունեցել, բայց դա չի նշանակում, որ նա թույլ բռնցքամարտիկ է: Նա դեռ պարտություն չունի եւ չի մտածում նաեւ, որ կարող է պարտվել այս մենամարտում: Քանի դեռ պարտություն չի ունեցել, չես կարող նրա թույլ կողմերի մասին 100 տոկոսանց բան ասել: Արամի համար սա շատ կարեւոր մենամարտ է, և հաղթելու դեպքում ցույց կտա, որ պատրաստ է ավելի մեծ մենամարտերի»:

Հիշեցնենք, որ այդ մենամարտում Արամ Ավագյանը պաշտպանելու է WBC International Silver գոտին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում