11:46  ,  9 օգոստոսի, 2018

Ավետիք Վարդանյան. Ազատ ոճի ըմբշամարտի երիտասարդների այսպիսի հավաքական երբեւէ չենք ունեցել

Հայաստանի ըմբշամարտի պատմության մեջ Եվրոպայի առաջնությունից 5 մեդալ երբեք չենք ունեցել, ազատ ոճի ըմբշամարտի երիտասարդների այսպիսի հավաքական էլ երբեւէ չենք ունեցել:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Հռոմից ասաց ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի ավագ մարզիչ Ավետիք Վարդանյանն՝ ամփոփելով Իտալիայում ավարտված երիտասարդների Եվրոպայի առաջնությունը:

Հիշեցնենք, որ ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը Եվրոպայի առաջնությունում նվաճել է 3 ոսկե եւ 2 բրոնզե մեդալ՝ թիմային հաշվարկում գրավելով 2-րդ տեղը: Եվրոպայի երիտասարդական չեմպիոններ հռչակվեցին Արսեն Հարությունյանը (57 կգ), Վազգեն Թեւանյանը (61 կգ) եւ Հովհաննես Մաղաքյանը (125 կգ):

Պարոն Վարդանյանը, 5 մեդալ ԵԱ-ից, որից 3-ը ոսկե: Սպասու՞մ էիք նման հաջողություն:

Եվրոպայի առաջնությունից 5 մեդալ հայկական ըմբշամարտի պատմության մեջ ընդհանրապես չի եղել, իսկ Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի պատմության մեջ չի եղել միանգամից 3 ոսկե մեդալ: Թիմն, իրոք, լավ մարզավիճակում էր, մենք շատ լավ երիտասարդներ ունենք այսօր: Նրանք դեռ կշարունակեն հաջորդ տարի եւս երիտասարդական հավաքականում հանդես գալ: Սպասում էինք լավ արդյունքների, բայց միանգամից 3 ոսկե մեդալն անսպասելի էր: Սա ոչ թե լավ արդյունք է ինձ համար, այլ՝ գերազանց:

Եվրոպայի առաջնությանը մասնակցում էինք 8 ըմբիշով, 8-ն էլ մեդալային պայքարում էին: 5-ը նվաճեցինք, 3-ն էլ, կարելի է ասել, հավասար պայքարում պարտվեցին: Չենք ընկճվում, կարեւորն այն է, որ ձգտումը կա: Մեր ըմբիշներն ոչ մեկին չեն զիջում:

ԵԱ-ից առաջ մեր հարցազրույցում կանխատեսումներ չարեցիք: Բայց հավատո՞ւմ էիք, որ չեմպիոններով եք վերադառնալու առաջնությունից:

Երբեք նախապես բարձրագոչ հայտարարություններ չեմ անում: Սա սպորտ է եւ վայրէջքներ էլ կարող են լինել: Մեր երեք չեմպիոններն էլ արժանի գոտեմարտեր անցկացրին: 57 կգ քաշային Արսեն Հարությունյանը պատանիների Եվրոպայի չեմպիոն է, 2017-ում՝ երիտասարդների Եվրոպայի եւ աշխարհի բրոնզե մեդալակիր, շատ խոստումնալից, պարտաճանաչ, աշխատասեր մարզիկ է, նաեւ հրաշալի երիտասարդ: Մինչ այս մասնակցած միջազգային մրցաշարերից էլ երեւում էր, որ այս Եվրոպայի առաջնությունում նա լավ արդյունք է անելու: Ներքուստ հավատում էի, որ Արսեն Հարությունյանն այդ օրը փայլելու է գորգի վրա: Այդպես էլ եղավ. նրա օրն էր: Մինչեւ եզրափակիչ բոլորին հաղթեց 10 միավորի առավելությամբ: Եզրափակիչում լարվածությունն ավելի մեծ էր, քանի որ մրցակիցն անցյալ տարվա պատանիների աշխարհի չեմպիոնն էր: Բայց գեղեցիկ գոտեմարտ վարեց՝ մինչեւ վերջ մեծ առավելությամբ եւ հաղթեց:  61 կգ քաշային Վազգեն Թեւանյանը պատանիների Եվրոպայի չեմպիոն է եղել: Նախորդ տարի Հայաստանի առաջնությունում պարտվեց, տեղ չգրավեց, բայց մենք իրեն ընդգրկել էինք հավաքական, բոլոր ուսումնարզական հավաքներին մասնակցել էր: Նա էլ բոլոր գոտեմարտերում վստահ հաղթանակ տարավ: 125 կգ քաշային Հովհաննես Մաղաքյանը նախորդ Եվրոպայի առաջնությանը դարձավ փոխչեմպիոն: Որոշ մասնագետներ մտածում էին, որ կարող է նաեւ պատահականություն էր նրա լավ մասնակցությունը, բայց այս առաջնության վիճակահանությունից հետո պարզ դարձավ, որ ինքն ասյօր կարող է գորգի վրա իր վարպետությունը ցուցադրել. Ադրբեջան, Վրաստան, Լեհաստան, եզրափակչում էլ Ուկրաինայի ներկայացուցչին հաղթի: Մաղաքյանն ապացուցեց, որ այսօր Հայաստանում ծանր քաշում կա մարզիկ, նա արդեն Եվրոպայի երիտասարդների չեմպիոն է, եւ իր ուրույն տեղը կարող է զբաղեցնել մեծահասակների հավաքականում:

3 չեմպիոն, 3 հայ մարզիկ կանգնեցին պատվո հարթակի ամենաբարձր աստիճանին: Ի՞նչ է նշանակում այս հաջողությունը Ձեր համար:

Տպավորություններն ու ապրումները, երբ քո սաներն են պատվո հարթակի ամենաբարձր աստիճանին, աննկարագրելի են: Ինձ հետ էին նաեւ ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արայիկ Բաղդադյանը, թիմի երկրորդ մարզիչ Արմեն Մալխասյանը, պատանիների ավագ մարզիչ Արշակ Հայրապետյանը, Վազգեն Թեւանյանի անձնական մարզիչ Ռազմիկ Գոլեցյանը: Հպարտության զգացողությունը միայն ինձ չէր պատել: Այդ ուրախությունը զգում ենք նաեւ մեր ժողովրդի մեջ, այդ ամենն ինձ փոխանցվեց անհամար շնորհավորանքների միջոցով եւ հայ ժողովրդի ոգեւորությունից: Սա եւս մեկ քայլ է դեպի մեծ հաջողություններ: Շատ մոտ էինք թիմային հաշվարկում չեմպիոն դառնալուն: Այսօր մենք այնքան ենք ուժեղացել, որ Ռուսաստանի պես գերհզոր պետության հետ ոտք ենք մեկնում. նրանց մի պարտությունը մեզ կբերեր էր թիմային հաշվարկում չեմպիոնության:

Այս հաջողությունը կրկնապատկեց թե իմ, թե մեր ամբողջ թիմի պատասխանատվությունը: Ճիշտ է՝ շատ են քննադատությունները ազատ ոճի ըմբշամարտի վերաբերյալ, բայց ուզում եմ շեշտել, որ երիտասարդները միշտ էլ մեդալներով են վերադարձել մրցաշարերից, Եվրոպայի եւ աշխարհի առաջնություններից: Վերջին 7-8 տարիների ընթացքում, ինչ ես եմ գլխավորել հավաքականը, Եվրոպայի եւ աշխարհի առաջնություններից Հայաստան ենք բերել 25 մեդալ: Ինձ թվում է երիտասարդ տարիքի համար քիչ չէ: Ազատ ոճի Հայաստանի ըմբշամարտի պատմության մեջ երիտասարդների այս հավաքականի պես համախմբված, աշխատասեր թիմ չենք ունեցել:

Առջեւում աշխարհի առաջնությունն է: Ի°նչ կազմով եւ ի°նչ մարզումային փուլով կնախապատրաստվեք ԱԱ-ին:

Աշխարհի առաջնությունը շատ մոտ է՝ սեպտեմբերի 20-24-ը Սլովակիայում: Պետք է հասցնենք այդ ընթացքում հանգստանալ, վերականգնել ըմբիշներին եւ պատրաստվել: Կազմը չի փոխվելու: Որեւէ քաշային կարգում փոփոխության կարիք չեմ տեսնում: Օգոստոսի 19-ից Ծաղկաձորում կմեկնարկի առաջին հավաքը, որից հետո մեկ շաբաթ թիմը կհանգստանա: Վերջին հավաքը կանենք Երեւանի «Օլիմպավանում» եւ կմեկնենք Սլովակիա:

Հ.Գ. Ավետիք Վարդանյանը չեմպիոնների հետ Հայաստան չի վերադարձել: Ավագ մարզիչն այս օրերին Իտալիայում մասնակցում է մրցավարական սեմինարի, որտեղից ընտրվելու է հոկտեմբերի 20-28-ը Բուդապեշտում կայանալիք մեծերի աշխարհի առաջնության մրցավարական կազմը: Ավետիք Վարդանյանը Հայաստանի միակ միջազգային կարգի մրցավարն է, ով մեծահասակների աշխարհի առաջնությունը սպասարկելուց հետո իրավունք կստանա նաեւ Օլիմպիական խաղեր սպասարկել:  

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով