14:50  ,  27 հուլիսի, 2018

Այսպիսի երիտասարդներ վաղուց չենք ունեցել. Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի թիմը պատրաստվում է Եվրոպայի առաջնությանը (ֆոտոշարք)

Մեծ ներուժով երիտասարդական հավաքական ունենք: Թիմում կան շատ լավ ըմբիշներ, որոնք լիարժեք պատրաստ են համալրել ազգային հավաքականը, հետագայում նաեւ դառնալ ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի հիմնական կորիզը: Ակնկալիքներս կհաստատեն նաեւ մի քանի օրից մեկնարկող ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում մեր ըմբիշների ցույց տված արդյունքները:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի ավագ մարզիչ Ավետիք Վարդանյանը:

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականն այս օրերին վերջին հավաքն է անցկացնում Երեւանի «Օլիմպավանում»՝ պատրաստվելով Իտալիայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը:  Թիմի կազմն արդեն հայտնի է: Երիտասարդ ըմբիշները հուլիսի 27-ին «Օլիմպավանում» անցկացրին հավաքի վերջին մարզումը, որին մասնակցում էին նաեւ Հայաստանի ազգային հավաքականի անդամները: Մարզումներին հետեւում էին նաեւ ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը եւ Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արայիկ Բաղդադյանը: Երիտասարդների հետ գորգի վրա աշխատում էր Հայաստանի հավաքականի երկրորդ մարզիչ Էդգար Ենոքյանը:

NEWS.am Sport-ի թղթակիցը հետեւեց երեւանյան վերջին մարզմանը:

«Եվրոպայի առաջնության կազմն ընտրվել է Հայաստանի առաջնության արդյունքներով: Հավաքական են ընգրկվել առաջին եւ երկրորդ համարները, ովքեր միջազգային մրցաշարերում եւ հավաքներում ցուցադրած արդյունքների շնորհիվ ձեռք են բերել Եվրոպայի առաջնության «ուղեգիր»: Իսկ Եվրոպայի առաջնությանը մասնակցելու են 2018 թվականի Հայաստանի չեմպիոնները: 57 կգ քաշային կարգում հանդես կգա Արսեն Հարությունյանը, 61 կգ՝ Վազգեն Թեւանյանը, 65 կգ՝ Գեղամ Գալստյանը, 70 կգ՝ Արման Անդրեասյանը, 74 կգ՝ Հրայր Ալիխանյանը, 79 կգ՝ Արման Ավագյանը, 86 կգ՝ Մհեր Մարկոսյանը եւ 125 կգ՝ Հովհաննես Մաղաքյանը: 

Նախապատրաստական փուլը հաջող է անցել, ըմբիշների մարզավիճակը նույնպես լավ է: Այս պահին երիտասարդներին անհրաժեշտ է միայն մի փոքր սպորտային բախտ եւ, ինձ թվում է, հաջողություններ կունենանք: Երիտասարդների Հայաստանի առաջնությունից հետո թիմը մասնակցել է երկու միջազգային մրցաշարերի եւ անցկացրել 4 հավաքներ, որոնցից մեկն՝ արտերկրում, Ռուսաստանի հավաքականի հետ համատեղ»,- ասաց Ավետիք Վարդանյանը:

Խոսելով երիտասարդ ըմբիշների ներուժի մասին՝ Ավետիք Վարդանյանը վստահեցնում է, որ ներկայիս կազմը հետագայում մեծահասակների հավաքականի լիարժեք կորիզն է, իսկ նրանցից մի քանիսը գուցե հասցնեն պայքարել նաեւ Տոկիո-2020 Օլիմպիական խաղերի ուղեգրի համար:

«Չեմ ցանկանում առայժմ որեւէ մեկին առանձնացնել թիմից, բայց ունենք մեծ ներուժով շատ լավ երիտասարդ սերունդ: Արդեն աչքի են ընկնում մի քանի լավ երիտասարդներ, ովքեր լիարժեք պատրաստ են համալրել ազգային հավաքականը: Կարծում եմ՝ շատ կարճ ժամանակահատվածում իմ խոսքերը կհաստատեն նրանց ցուցադրած արդյունքները»,- նշեց ավագ մարզիչը:

Եվրոպայի առաջնության մեդալների ակնկալիքների մասով Ավետիք Վարդանյանը կանխատեսումներ չարեց.

«Երկար տարիներ մշտապես պայքարում ենք մեդալների, խոշոր մրցաշարերում բարձր արդյունքների համար: Թե՛ մարզիկների, թե՛ մարզիչների գերագույն նպատակը մեդալներն են Եվրոպայի եւ աշխարհի առաջնություններում: Այդպես նաեւ մեդալների ակնկալիք ունենք այս Եվրոպայի առաջնությունից»,- նկատեց Ավետիք Վարդանյանը:

Անդրադառնալով խնդիրներին՝ մարզիչն առանձնացրեց քաշային կարգերի փոփոխությունը եւ դրա ազդեցությունը մարզիկների ֆիզիկական վիճակի եւ արդյունքների վրա:

«Միջազգային ֆեդերացիայի քաշային կարգերի փոփոխության հետ կապված խնդիր ունենք: Մինչեւ նախորդ տարի ազատ ոճի ամենացածր քաշային կարգը 50 կգ էր: Այս քաշային կարգում մենք 2017 թվականին ունեցանք աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր, Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր: Արդեն այս տարվանից ամենացածր քաշային կարգը 50-ից դարձել է 57 կգ: Պատանեկան հավաքականում ամենացածր քաշային կարգը 45 կգ է: Պատանիներից անցումը երիտասարդներ այս քաշային կարգում դառնում է պրոբլեմատիկ, քանի որ մարզիկը 45-ից տեղափոխվում է միանգամից 57 կգ: 12 կգ տարբերությունը, կարծում եմ, շատ մեծ է: Ունենք վառ օրինակ՝ պատանիների 2018 թվականի Եվրոպայի չեմպիոնն ու աշխարհի փոխչեմպիոնը 45 կգ քաշային կարգում մեր ըմբիշն է: Այժմ կանգնել ենք խնդրի առաջ եւ մտածում ենք՝ նա կկարողանա արդյոք հասնել 57 կգ երիտասարդների կազմ ընդգրկվելիուն, կամ կկարողանա առհասարակ 57 կգ քաշում մասնակցել Հայաստանի առաջնությանը: Մեր խնդիրներն այսպիսին են, այլ խնդիրներ, վնասվածքներ չունենք»,- մանրամասնեց Ավետիք Վարդանյանը:

Հայասստանի ըմբշամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար, երկար տարիներ ազատ ոճի Հայաստանի հավաքականը գլխավորած Արայիկ Բաղդադյանը նույնպես մեծ ներուժ է տեսնում երիտասարդ ազատ ոճայինների մեջ:

«Ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական երկու հավաքականներն էլ պատրաստ են Եվրոպայի առաջնությանը: Երկու թիմերի մարզումներին էլ մասնակցել եմ, մարզիչների, մարզիկների հետ զրուցել ենք, ամեն ինչ շատ լավ է: Ամենակարեւորը, որ վնասվածքներ չկան երկու թիմերում էլ, ըստ ծրագրածի երկու թիմերն էլ անցել են նորմալ ուսումնամարզական հավաքներ եւ ինքս մեծ ակնկալիք ունեմ, որ թե՛ հունահռոմեականները, թե՛ ազատ ոճայինները Եվրոպայի առաջնությունից կվերադառնան ոսկե մեդալներով:

Ինչ վերաբերում է երիտասարդ ըմբիշների ներուժին, ինքս երկար տարիներ եղել եմ ինչպես երիտասարդների, այնպես էլ մեծահասակների հավաքականների ավագ մարզիչ, անկեղծ կլինեմ՝ այսպիսի կորիզ, այսպիսի երիտասարդություն մենք չենք ունեցել վերջին 10-20 տարիներին: Իրոք, շատ լավ տղաներ են համալրել երիտասարդական թիմի կազմը: Նրանք 2019 թվականին էլ կմնան երիտասարդական հավաքականում եւ եթե չհասցնեն Տոկիո-2020-ում իրենց խոսքն ասել, ապա վստահեցնում եմ, որ 2024-ին նրանց կտեսնենք օլիմպիական բարձունքում»,- ասաց Արայիկ Բաղդադյանը: 

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում