20:17  ,  5 օգոստոսի, 2018

Վազգեն Թեւանյանը հաղթեց ադրբեջանցի ըմբիշի եւ դարձավ Եվրոպայի երիտասարդական չեմպիոն (ֆոտոշարք)

Հայաստանը ներկայացնող Վազգեն Թեւանյանը դարձավ ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական չեմպիոն:

Իտալիայի մայրաքաղաք Հռոմում ավարտին մոտեցող ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության 61 կգ քաշային կարգի եզրափակիչում հայ ըմբիշը 5:2 հաշվով հաղթեց ադրբեջանցի Ինտիհամ Վալիզադային:

Նախօրեին Վազգեն Թեւանյանը 2 հաղթանակով (7:1, 12:0) մեկնարկելուց հետո դուրս էր եկել կիսաեզրափակիչ, որտեղ 8:1 հաշվով վստահ հաղթանակ էր տարել Ֆրանսիան ներկայացնող Արման Էլոյանի նկատմամբ: Արման Էլոյանը պարտություն է կրել նաեւ բրոնզե մեդալի համար գոտեմարտում:

Օգոստոսի 5-ին Եվրոպայի երիտասարդական չեմպիոնի կոչման համար գոտեմարտելու է նաեւ Հովհաննես Մաղաքյանը (125 կգ), որի մրցակիցը կլինի ուկրաինացի Յուրի Իդզինսկին:

Այսօր բրոնզե մեդալի համար գոտեմարտեր անցկացրին Հայաստանը ներկայացնող Հրայր Ալիխանյանը (74 կգ) եւ Մհեր Մարկոսյանը (86 կգ), որոնք հաջողության չհասան: 

Հրայր Ալիխանյանը սփոփիչ գոտեմարտում 18:8 հաշվով հաղթեց ուկրաինացի Եվգենի Դուբովիին, սակայն բրոնզե մեդալի համար պայքարում 5:10 հաշվով պարտություն կրեց ադրբեջանցի Իսմայիլ Աբդուլաեւից:

Մհեր Մարկոսյանը սփոփիչ գոտեմարտում 2:1 հաշվով ուժեղ գտնվեց ադրբեջանցի Իսլամ Իլյասովից, իսկ բրոնզե մեդալի համար գոտեմարտում 4:8 հաշվով պարտվեց վրացի Դեմուր Մեգենիշվիլուն:

Հիշեցնենք, որ նախօրեին ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի թիմը նվաճել էր մեկ ոսկե եւ 2 բրոնզե մեդալ: Եվրոպայի երիտասարդական չեմպիոնի տիտղոսը նվաճել էր 57 կգ քաշային Արսեն Հարությունյանը, իսկ Գեղամ Գալստյանը (65 կգ) եւ Արման Անդրեասյանը (70 կգ) դարձել էին բրոնզե մեդալակիր: Արման Ավագյանը (79 կգ) եւս գոտեմարտել էր բրոնզե մեդալի համար, սակայն ժամանակից շուտ 2:14 հաշվով պարտվել էր ուկրաինացի Ալդլան Բատաիեւին:

Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը Եվրոպայի առաջնությունում ելույթն ավարտել էր 1 ոսկե եւ 4 բրոնզե մեդալով՝ թիմային հաշվարկում գրավելով երրորդ տեղը: Հունահռոմեական ըմբիշներից Եվրոպայի երիտասարդական չեմպիոն էր դարձել 55 կգ քաշային Տիգրան Մինասյանը: Կանանց մրցաշարում Հայաստանի միակ ներկայացուցիչ Ժենյա Խաչատրյանն անհաջող էր հանդես եկել 59 քաշային կարգում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում