20:17 5 օգոստոսի, 2018Հայաստանը ներկայացնող Վազգեն Թեւանյանը դարձավ ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական չեմպիոն:
Իտալիայի մայրաքաղաք Հռոմում ավարտին մոտեցող ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության 61 կգ քաշային կարգի եզրափակիչում հայ ըմբիշը 5:2 հաշվով հաղթեց ադրբեջանցի Ինտիհամ Վալիզադային:
Նախօրեին Վազգեն Թեւանյանը 2 հաղթանակով (7:1, 12:0) մեկնարկելուց հետո դուրս էր եկել կիսաեզրափակիչ, որտեղ 8:1 հաշվով վստահ հաղթանակ էր տարել Ֆրանսիան ներկայացնող Արման Էլոյանի նկատմամբ: Արման Էլոյանը պարտություն է կրել նաեւ բրոնզե մեդալի համար գոտեմարտում:
Օգոստոսի 5-ին Եվրոպայի երիտասարդական չեմպիոնի կոչման համար գոտեմարտելու է նաեւ Հովհաննես Մաղաքյանը (125 կգ), որի մրցակիցը կլինի ուկրաինացի Յուրի Իդզինսկին:
Այսօր բրոնզե մեդալի համար գոտեմարտեր անցկացրին Հայաստանը ներկայացնող Հրայր Ալիխանյանը (74 կգ) եւ Մհեր Մարկոսյանը (86 կգ), որոնք հաջողության չհասան:
Հրայր Ալիխանյանը սփոփիչ գոտեմարտում 18:8 հաշվով հաղթեց ուկրաինացի Եվգենի Դուբովիին, սակայն բրոնզե մեդալի համար պայքարում 5:10 հաշվով պարտություն կրեց ադրբեջանցի Իսմայիլ Աբդուլաեւից:
Մհեր Մարկոսյանը սփոփիչ գոտեմարտում 2:1 հաշվով ուժեղ գտնվեց ադրբեջանցի Իսլամ Իլյասովից, իսկ բրոնզե մեդալի համար գոտեմարտում 4:8 հաշվով պարտվեց վրացի Դեմուր Մեգենիշվիլուն:
Հիշեցնենք, որ նախօրեին ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի թիմը նվաճել էր մեկ ոսկե եւ 2 բրոնզե մեդալ: Եվրոպայի երիտասարդական չեմպիոնի տիտղոսը նվաճել էր 57 կգ քաշային Արսեն Հարությունյանը, իսկ Գեղամ Գալստյանը (65 կգ) եւ Արման Անդրեասյանը (70 կգ) դարձել էին բրոնզե մեդալակիր: Արման Ավագյանը (79 կգ) եւս գոտեմարտել էր բրոնզե մեդալի համար, սակայն ժամանակից շուտ 2:14 հաշվով պարտվել էր ուկրաինացի Ալդլան Բատաիեւին:
Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը Եվրոպայի առաջնությունում ելույթն ավարտել էր 1 ոսկե եւ 4 բրոնզե մեդալով՝ թիմային հաշվարկում գրավելով երրորդ տեղը: Հունահռոմեական ըմբիշներից Եվրոպայի երիտասարդական չեմպիոն էր դարձել 55 կգ քաշային Տիգրան Մինասյանը: Կանանց մրցաշարում Հայաստանի միակ ներկայացուցիչ Ժենյա Խաչատրյանն անհաջող էր հանդես եկել 59 քաշային կարգում:



The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.