19:59  ,  4 օգոստոսի, 2018

ԵԱ. Վազգեն Թեւանյանը եւ Հովհաննես Մաղաքյանը դուրս եկան եզրափակիչ

Հայաստանի ներկայացուցիչներ Վազգեն Թեւանյանը  (61 կգ) եւ Հովհաննես Մաղաքյանը (125 կգ) նվաճեցին Իտալիայի մայրաքաղաք Հռոմում անցկացվող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության եզրափակիչի ուղեգիր:

61 կգ քաշային Վազգեն Թեւանյանը մեկնարկել էր 2 հաղթանակով (7:1 12:0) եւ դուրս եկել կիսաեզրափակիչ, որտեղ 8:1 հաշվով վստահ հաղթանակ տարավ Ֆրանսիան ներկայացնող Արման Էլոյանի նկատմամբ: Եզրափակիչում Թեւանյանի մրցակիցը կլինի ադրբեջանցի Ինտիհամ Վալիզադան: 

Գերծանր քաշային Հովհաննես Մաղաքյանը վրացի (7:3) ու ադրբեջանցի (5:2) ըմբիշների նկատմամբ հաղթանակներից հետո կիսաեզրափակիչում 8:2 հաշվով ուժեղ գտնվեց լեհ Յակուբ Բրիլեւսկուց: Եզրափակիչում Հովհաննես Բաղաքյանը կմրցի ուկրաինացի Յուրի Իդզինսկու հետ:

Օգոստոսի 4-ին պայքարի մեջ էին մտել նաեւ Հրայր Ալիխանյանը (74 կգ) եւ Մհեր Մարկոսյանը (86 կգ), որոնք վաղը կպայքարեն բրոնզե մեդալի համար՝ սկսելով սփոփիչ գոտեմարտերից: Ալիխանյանը 2 հաղթանակներից հետո պարտություն էր կրել քառորդ եզրափակիչում, իսկ Մարկոսյանը մեկնարկել էր պարտությամբ: Քանի որ Ալիխանյանին ու Մարկոսյանին հաղթած ըմբիշները նվաճել են եզրափակիչի ուղեգիր, նրանք հնարավորություն ստացան օգոստոսի 5-ին պայքարել բրոնզե մեդալի համար:

Այսպիսով, ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի բոլոր՝ 8 ըմբիշները կանցկացնեն մեդալի համար գոտեմարտ:

Հիշեցնենք, որ ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի թիմի կազմում նախօրեին մեկնարկել էին նաեւ Արսեն Հարությունյանը (57 կգ), Գեղամ Գալստյանը (65 կգ) եւ Արման Անդրեասյանը (70 կգ) եւ Արման Ավագյանը (79 կգ): Արսեն Հարությունյանը օգոստոսի 4-ին եզրափակիչում կհանդիպի ուկրաինացի Անդրեյ Ջելեպի հետ, իսկ Հայաստանի թիմի մյուս 3 ըմբիշները կգոտեմարտեն բրոնզե մեդալի համար:

Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը Եվրոպայի առաջնությունում ելույթն ավարտել էր 1 ոսկե եւ 4 բրոնզե մեդալով՝ թիմային հաշվարկում գրավելով երրորդ տեղը: Կանանց մրցաշարում Հայաստանի միակ ներկայացուցիչ Ժենյա Խաչատրյանն անհաջող էր հանդես եկել 59 քաշային կարգում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում