13:14  ,  1 օգոստոսի, 2018

Եվրոպայի լիգա. «Ալաշկերտի» կոչը երկրպագուներին  

«Ալաշկերտի» սեփականատեր Բագրատ Նավոյանն ուղերձով դիմել է երկրպագուներին՝ կոչ անելով ներկա լինել Չեռնոգորիայի չեմպիոն «Սուտյեսկայի» դեմ Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղին: Հանդիպումը կկայանա օգոստոսի 2-ին՝ ժամը 19:00-ին, Երեւանի «Հանրապետական» ստադիոնում: Մուտքն ազատ է:

«Կարեւոր հաղթանակ տարանք Մոնտենեգրոյում եւ ամենայն լրջությամբ ենք նախապատրաստվում երեւանյան հանդիպմանը:

Գոհ եմ խաղի արդյունքից, սակայն կարող էինք հաղթել ավելի համոզիչ հաշվով, եթե օգտագործեինք նպաստավոր գոլային պահերը: Պետք չէ մոռանալ, որ «Ալաշկերտը» խաղում էր կուտակված հոգնածության ֆոնին և, չնայած այդ հանգամանքին, պատվով կատարեց իր առջեւ դրված խնդիրն արտագնա խաղում:

Օգոստոսի 2-ին բոլորին հրավիրում ենք «Հանրապետական» մարզադաշտ` «Ալաշկերտին» աջակցելու եւ միասին պատմություն կերտելու համար: «12-րդ խաղացողի» աջակցությունը շատ կարեւոր նշանակություն ունի մեզ համար: Միասին մենք ավելի ուժեղ ենք:

Օրերս երկրորդ անգամ դարձանք Հայաստանի սուպերգավաթակիր եւ լի ենք հաջողությունները զարգացնելու վճռականությամբ»,- Նավոյանի ուղերձը փոխանցում է ակումբի մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ Չեռնոգորիայում կայացած առաջին խաղում «Ալաշկերտը» հաղթել է նվազագույն հաշվով: «Սուտյեսկայի» արգելքը հաղթահարելու դեպքում հայկական ակումբը հաջորդ փուլում կմրցի Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի «Կլուժ» (Ռումինիա) - «Մալմյո» (Շվեդիա) զույգում պարտվողի հետ:

Նախօրեին Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլի ուղեգիր էր նվաճել Երեւանի «Փյունիկը», որը պայքարից դուրս թողեց ղազախական «Տոբոլին»: Մինչեւ այդ, եվրագավաթներում հայկական ակումբներին երբեք չէր հաջողվել հաղթահարել որակավորման երկրորդ փուլի արգելքը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում