16:00  ,  25 հուլիսի, 2018

Եվրոպայի լիգա. «Փյունիկի» 5 առաջատար խաղացողներ չեն կարողացել մեկնել Ղազախստան

Երեւանի «Փյունիկի» 5 առաջատար խաղացողներ, հավանաբար, չեն մասնակցի ղազախական «Տոբոլի» հետ Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղին, որը կայանալու է Ղազախստանում:

Sport24-ը գրում է, որ հարձակվողներ Մոհամեդ Կոնատեն, Դրիսա Դիարասուբան, պաշտպաններ Բակարա Բալդեն, Դիդյե Կադիոն ու սերբ դարպասապահ Անդրիա Դրագոեւիչը չեն ստացել Ղազախստանի մուտքի վիզա եւ մնացել են Երեւանում: NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում այդ տեղեկությունը հաստատեցին նաեւ «Փյունիկի» մամուլի ծառայությունից: Երեւանյան ակումբը Ղազախստան է մեկնել հուլիսի 25-ին: Թիմի հետ չէ նաեւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Կառլեն Մկրտչյանը, որն առողջական խնդիրներ ունի:

«Տոբոլ» - «Փյունիկ» խաղը կկայանա հուլիսի 26-ին Ղազախստանի Կոստանայ քաղաքում: Պատասխան հանդիպումը կանցկացվի հուլիսի 31-ին Երեւանում:

Այս զույգի հաղթողը հաջորդ փուլում կմրցի իսրայելական «Մաքաբի Թել Ավիվի» եւ սերբական «Ռադնիչկիի» դիմակայության հաղթողի հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով