10:44  ,  23 հուլիսի, 2018

«Արարատ-Արմենիան» ուժեղացնում է կազմը, «Երեւանը» հրավիրել է 10 ռուսաստանցիների, «Շիրակը» վերադարձնում է խաղացողներին

Հայկական թիմերը նոր համալրումներով շարունակում են պատրաստվել մրցաշրջանի մեկնարկին:

«Արարատ-Արմենիան» հայտարարել է հերթական տրանսֆերների մասին: Թիմին են միացել ռուսաստանցի դարպասապահ Արսեն Սիուկաեւը եւ 19-ամյա հարձակվող Արտեմ Ավանեսյանը, որն անցած մրցաշրջանում ներկայացնում էր «Արարատ-Մոսկվան»:

Առաջին լիգայում հայտավորված «Երեւանում» փորձաշրջան են անցնում Ռուսաստանից հրավիրված 10 ֆուտբոլիստներ, որոնց թվում է նաեւ «Ուլիսի», Արմավիրի «Տորպեդոյի» եւ Հայաստանի երիտասարդական հավաքկանի նախկին պաշտպան Իվան Մամախանովը:

Հայաստանի Բարձրագույն խմբում մրցելույթները շարունակելու որոշում ընդունած Գյումրիի «Շիրակը» վերադարձնում է նախկին խաղացողներին:

NEWS.am Sport-ի տվյալներով, «Շիրակ» կարող են վերադառնալ ռուսաստանցի հարձակվող Գեորգի Գոգիչաեւը, կոտդիվուարցի կենտրոնական կիսապաշտպան Մոհամեդ Կաբան, եզրային պաշտպան Աղվան Դավոյանը, որն այժմ «Արարատ-Արմենիայում» է, «Լոռիի» հետ մարզումներ անցկացրած Արտեմ Միքայելյանն ու Արամ Մուրադյանը: Չի բացառվում, որ «Շիրակ» վերադառնա նաեւ դարպասապահ Անատոլի Այվազովը, որը վերջերս պայմանագիր է կնքել Երեւանի «Բանանցի» հետ:  

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում