Երեւանում գտնվող լեգենդար ֆուտբոլիստներ, բրազիլացի Կաֆուն, ֆրանսիացի Վենսան Կանդելան եւ բուլղարացի Խրիստո Ստոիչկովը լրագրողների հետ հանդիպման ընթացքում ներկայացրեցին Ֆուտբոլի աշխարհի առաջնության իրենց կանխատեսումները, խոսել նաեւ VAR համակարգի մասին:
Խրիստո Ստոիչկովն աշխարհի չեմպիոն տեսնում է ինչպես Ռուսաստանին, այնպես էլ փլեյ-օֆֆ փուլ հասած հանդես եկող մյուս հավաքականներին:
«Ինչո՞ւ ոչ, Ռուսաստանը կարող է դառնալ աշխարհի չեմպիոն: Մի շարք ուժեղագույն հավաքականներ արդեն դուրս են մնացել պայքարից՝ Արգենտինա, Գերմանիա, Բրազիլիա, Պորտուգալիա... Այնպես որ ամեն ինչ հնարավոր է: Եզրափակիչում տեսնում եմ Ֆրանսիա-Բելգիա զույգը: Փլեյ-օֆֆի մյուս ցանցի թիմերը՝ Ռուսաստանը, Խորվաթիան, Անգլիան եւ Շվեդիան կարող են եւ անակնկալներ մատուցել: Ֆուտբոլում ամեն ինչ հնարավոր է»,- ասաց Խրիստո Ստոիչկովը:
Թե Կաֆուն ում է տեսնում աշխարհի չեմպիոն, նա նշեց միայն Բրազիլիայի հավաքականին:
«Ինձ համար աշխարհի չեմպիոնը միայն Բրազիլիան է, բայց, ցավոք, նա այլեւս չի շարունակում պայքարը»,- կատակեց Կաֆուն:
Իսկ Կանդելան աշխարհի չեմպիոն ցանկանում է տեսնել իր երկրի հավաքականին՝ Ֆրանսիային:
«Կարծում եմ աշխարհի չեմպիոն կդառնա Ֆրանսիան կամ Ռուսաստանը: Ֆրանսիայի հավաքականում երիտասարդ եւ ուժեղ խաղացողներ շատ կան: Կանխատեսում եմ նաեւ Ռուսաստանի հաղթանակ, քանի որ մեծ ֆուտբոլում միշտ այդպես է. միշտ չէ, որ հաղթում են ֆավորիտները: Բայց չեմ էլ կարող չնշել Ռուսաստանի խաղը Իսպանիայի դեմ: Բոլորս տեսանք, թե ինչպես նրանք խաղացին: Քանի որ Ռուսաստանը դեռ պայքարի մեջ է, ուրեմն արդեն ուժեղ է»,- նկատեց Կանդելան:
Աշխարհահռչակ ֆուտբոլիստները խոսեցին նաեւ ԱԱ-2018-ում առաջին անգամ կիրառվող VAR (կրկնապատկերի) համակարգը:
Խրիստո Ստոիչկովը գտնում է, որ համակարգում դեռ շատ խնդիրներ կան:
«Ինձ ավելի շատ անհանգստացնում են այն մարդիկ, որոնք աշխատում են այդ համակարգի հետ: Ճիշտ կլիներ, որ այդ համակարգով աշխատեին այնպիսի մարդիկ, ովքեր նախկինում խաղացել են ֆուտբոլ, ոչ թե բանկում, ռեստորանում կամ այլ ոլորտներում աշխատողները»,-նշեց Խրիստո Ստոիչկովը:
Կաֆուն ողջունում է նոր համակարգի գործածությունը:
«Դրական եմ համարում այս ներդրումը ֆուտբոլում: Երբեմն ուղղակի հնարավոր չէ անզեն աչքով ճիտշ որոշումներ կայացնել: Բայց կարծում եմ համակարգը դեռ լիարժեք չի աշխատում, քանի որ այս աշխարհի առաջնությունում եղան դեպքեր, որ մի հավաքական շահում էր համակարգից, մյուսի համար անարդար էր ստացվում»,-ասաց Կաֆուն:
Կանդելայի փոխանցմամբ՝ VAR համակարգը հետագայում կարող է հարցեր լուծել ֆուտբոլում:
«Այս համակարգը շատ կարեւոր է մեծ ֆուտբոլում: Այս աշխարհի առաջնությունում սա առաջին փորձն էր, բայց կարծում եմ դեռ շատ աշխատանք կա համակարգը կատարելագործելու համար: Ես կողմ եմ այս համակարգի կիրառմանը»:
Լուսինե Շահբազյան
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում