16:40  +04,  5 հուլիսի, 2018

Արթուր Գեւորգյան․ «Օլիմպավանում» տեղի ունեցածը տգեղ երեւույթ է

Ես ներկա չեմ եղել «Օլիմպավանում» տեղի ունեցած միջադեպին, մանրամասներին լավ չեմ տիրապետում։ Բայց այն ինչ եղել է, տգեղ երեւույթ է: Նիկոլ Արությունովը գտնվում է հետախուզման մեջ, եւ նա վաղուց դադարեցրել է իր մարզական գործունեությունը: Եթե նա շարունակեր, կարող էր եւ իրավունք վաստակել Ֆեդերացիայի կողմից տարկետման հնարավորություն ստանալ: Թե ինչու չի ներկայանում ծառայության, դա իր ծնողի խնդիրն է արդեն:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գեւորգյանը, ով հուլիսի 5-ին կայացած ՀԲՖ համաժողովում հայտարարեց մինչեւ կազմակերպության ղեկավարի հաջորդ ընտրությունը մեկ ամսով ֆեդերացիայի նախագահի պաշտոնավարումը դադարեցնելու մասին:

Նիստից հետո Արթուր Գեւորգյանը պատասխանեց լրագրողների հարցերին եւ NEWS.am Sport-ի թղթակցի խնդրանքով անդրադարձավ նաեւ օրերս «Օլիմպավանում» տեղի ունեցած սկանդալին:

«Ես չեմ կարող ասել՝ իրականում ինչ է տեղի ունեցել, որովհետեւ ես ներկա չեմ եղել այդ հավաքին: Գործը վարույթում է, իրավապահների հսկողության տակ է։ Կպարզվի եւ հայտարարությունը կլինի: Երեւույթը տգեղ է: Իմ տեղեկություններով բռնցքամարտիկ Նիկոլ Արությունովը բանակային տարիքում է եւ գտնվում է Ռուսաստանում: Վերադառնալով Հայաստան, նա պարտավոր է գնալ ծառայել: Ինչու չի գնում ծառայելու, ինչու չի ներկայանում, դա իր ծնողի խնդիրն է արդեն, իրենց մոտեցումը։ Ես կողմ եմ, որ իհարկե պետք է ծառայի: Եթե աշխարհի չեմպիոնը չծառայի, էլ ով պետք է ծառայի։ Եթե մարզիկը չծառայի, էլ ով պետք է ծառայի։ Քանի դեռ մարզիկը մարզական ընթացքի մեջ է, ամեն օր արդյունքներ է ցույց տալիս, ճիշտ է, որ չծառայես: Բայց եթե դու այդ խաղից դուրս ես եկել, պետք է գնաս ծառայության:

Հարցին, թե երբեւէ ծնողը դիմել է ֆեդերացիա, աշխարհի չեմպիոնի ծառայության տարկետման խնդրի հարցը լուծելու խնդրով, Արթոր Գեւորգյանի փոխանցմամբ, ֆեդերացիան բանակի խնդրի հարց չի լուծում:

«Կա  հստակ չափորոշիչ. եթե տվյալ մարզիկը համապատասխանում է այդ չափորոշչին, մենք նամակը գրում ենք եւ նա մեխանիկորեն տարկետում է ստանում: Դա մեր կողմնակալ որոշում չէ՝ ում ուղարկենք, ում ոչ»,- նկատեց ՀԲՖ նախագահը:

Արթուր Գեւորգյանը նաեւ պարզաբանեց, թե ինչու է մեկ ամսով ինքնակամ լքում ֆեդերացիայի նախագահի պաշտոնը:

«Հաջորդ ընտրություններին կմասնակցեմ արդեն ոչ թե ֆեդերացիայի նախագահի, այլ որպես նոր առաջադրվող թեկնածու կարգավիճակում, նոր ծրագրով, որպեսզի այն առավելությունը, որն ունի գործող նախագահը, չունենամ, այլ լինի հավասար մրցակցային դաշտ: Ակնկալում եմ, որ այս մեկ ամսվա ընթացքում նոր թեկնածուներ կլինեն: Եթե կան հայտարարություններ, որ 300 հազարը դոլարը դա գումար չի, այդ գումարը պետք է լինի... Ես խնդրում եմ, որ եթե կան այդ գումարով մարդիկ, ես խնդրում եմ, թող այդ գումարով գան, մասնակցեն ընտրությանը եւ ներդնեն 300 հազար դոլարը բռնցքամարտի մեջ: Խոսքս Գագիկ Ծառուկյանի արած հայտարարության մասին է: Դա կլինի միայն գումարի տեսքով, որպես աջակցություն, թե կլինի թեկնածուի հետ միասին, ես համաձայն եմ բոլոր պայմաններին: Ես հայտարարում եմ՝ բիզնեսմեն չեմ, մարդ եմ, որը տիրապետում է սպորտին: Եվ կարողանում եմ կազմակերպել այնպես, որ դրաից ավել աջակցություն ենք ունեցել: Միայն հայտարարություններ անելով չէ: Կան նման մարդիկ, ես տալիս եմ հնարավորությունը, որ այս մեկ ամսվա ընթացքում առաջադրեն իրենց թեկնածությունը»,- ասաց Արթուր Գեւորգյանը:

Հավաքականի գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանի նկատմամբ հնչող քննադատությունները ՀԲՖ նախագահը զավեշտ է համարում: Ըստ նրա, Դավիթ Թորոսյանից ավելի լավ ավագ մարզիչ Հայաստանի ազգային հավաքականը չէր էլ կարող ունենալ:

«Գլխավոր մարզիչից բողոքում են մարզիչները... Ծիծաղելի է: Այս մեկ ամսվա ընթացքում այդ քննադատությունները չեն կարող ավելի մեծ սրացումներ ունենալ, քանի որ այդ մտավախությունը կունենայի, եթե մարզիչից բողոքեին մարզիկները: Օրեր առաջ հավաքական թիմի բոլոր անդամները հարցաթերթիկ են լրացրել, թե ում կցանկանային տեսնել հավաքականի գլխավոր մարզիչի դերում: Թիմի անդամ 30 մարզիկներից 27-ը նշել են Դավիթ Թորոսյանի անունը, մյուս 3-ը՝ Կարեն Աղամալյանի անունը: Այստեղ ես ցանկում դիտավորյալ գրել էի բոլոր այն մարզիչների անունները, ովքեր դիտավորյալ բողոքում են Դավիթ Թորոսյանի ավագ մարզիչ լինելուց՝ Կարեն Աղամալյան, Ֆեդյա Ալեքսանյան, Վազգեն Բադալյան եւ Ռաֆայել Մեհրաբյան: Ես նույնիսկ իրավունք չունեի այստեղ մի երկուսի անունը գրել, քանի որ նրանք հեռացված են ֆեդերացիայից, քանի որ մարզչի գործունեություն իրականացնելու իրավունք այլեւս չունեն: Ես գրել եմ նրանց անունները, որովհետեւ չգիտես ինչու՝ նրանք են խոսում»,- մանրամասնեց Արթուր Գեւորգյանը:

NEWS.am Sport-ի հարցին, թե ցանկանում է Արթուր Գեւորգյանը գլխավորել Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան, պատասխանեց, որ եթե ֆեդերացիայի գործկոմը, մարզիչները հավանություն տան իր առաջարկած նոր ծրագրին, եթե իրեն նորից ընտրեն այդ պաշտոնում, կհամաձայնի: Իսկ եթե ոչ, շնորհակալություն կհայտնի եւ կզբաղվի միայն պրոֆեսիոնալ ռինգում Հայաստանը ներկայացնող պրոֆեսիոնալ բռնցքամարտիկներով:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ