17:42  ,  6 օգոստոսի, 2012

Լոնդոն-2012. Յուրի Պատրիկեեւը պարտվեց 1/8 եզրափակիչում

Հայաստանի ներկայացուցիչ Յուրի Պատրիկեեւը դուրս մնաց Լոնդոնի Օլիմպիական խաղերի հունահռոմեական ոճի ըմբշամարտի 120 կգ քաշայինների մրցաշարի ոսկե մեդալի համար պայքարից։

1/8 եզրափակիչում Պատրիկեեւը պարտվեց իրանցի Բաշիր Ասգարի Բաբաջանզադե Դարզինին։ Առաջին մրցափուլում Պատրիկեեւը պարտվեց՝ ձգելով աջ սրունքի մկանը, սակայն երկրորդ մրցափուլում հաղթեց՝ աչքի ընկելով վստահ պաշտպանությամբ։ Երրորդ՝ վճռորոշ մրցափուլում 1.5 րոպե պայքարից հետո՝ 0։0 հաշվի ժամանակ, մրցավարը քաշեց վիճակ, որի համաձայն իրանցի ըմբիշը հայտնվեց պաշտպանվողի դիրքում, սակայն Պատրիկեեւը չկարողացավ նրան պոկել մրցագորգից եւ գլորում կատարել։ Քանի որ իրանցին ոչ ակնհայտ, բայց պաշտպանվելիս օգտագործել էր ոտքը, Հայաստանի թիմը բողոքարկեց։ Տեսագրության դիտումից հետո մրցավարները չփոխեցին իրենց որոշումը։ Հաղթանակը շնորհվեց իրանցի մարզիկին՝ 1։0, 0։1, 2։0։ Եթե Բաբաջանզադեն դուրս գա եզրափակիչ, Պատրիկեեւը հնարավորություն կստանա պայքարել բրոնզե մեդալի համար։

Հիշեցնենք, որ մեկնարկային գոտեմարտում Հայաստանի ներկայացուցիչը հաղթել էր 2004թ. օլիմպիական չեմպիոն, ռուսաստանցի Խասան Բարոեւին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով