19:12  ,  15 մայիսի, 2018

Արթուր Մալոյան․ Իրականությունը չի թողնում, որ միանամ Հայաստանի հավաքականին

Կրասնոյարսկի «Ենիսեյի» հարձակվող Արթուր Մալոյանը ակումբի պաշտոնական կայքի հետ զրույցում անդրադարձել է Հայաստանի հավաքականին, որտեղից ժամանակին հրավեր էր ստանում։

«Ինձ համար երկիմաստ հարց է, եթե իրատեսորեն նայեք, ապա պարզ կլինի, որ երբ դառնում ես լեգեոներ, ապա դա հավելյալ խոչընդոտ է ռուսական ֆուտբոլում։ Այդ պատճառով խուսափում էի հավաքականից և մեկ անգամ չէ, որ մերժել եմ հրավերը։ Իսկ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի հարցազրույցից հետո, որն ինձ հաճելի չէր, տեսակետս սկզբունքային դարձավ։ Այժմ ես պատրաստ չեմ միանալ հավաքականին։ Կարող եմ ասել, որ հոգիս ուզում է, բայց իրականությունը չի թողնում։ Դեռ Հայաստանում չեմ եղել, սակայն այս ամռանը ծրագրում եմ լրացնել այդ բացը»,- ասել է Մալոյանը։

Ֆուտբոլի Ռուսաստանի առաջին դիվիզիոնի ավարտված առաջնության 20 խաղում Արթուր Մալոյանը խփել է 2 գոլ։ Պրեմիեր լիգայի ուղեգրի համար «Ենիսեյը», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովը, անցումային հանդիպումներ կանցկացնի «Անժիի» հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում