13:35  +04,  12 մայիսի, 2018

Ռուբեն Հայրապետյան. Հույս ունեմ, որ նոր իշխանությունն էլ կաջակցի հայկական ֆուտբոլին

Չկա մի մարդ, որ կարող է ինձ պարտադրել հեռանալ: Ոնց եք պատկերացնում՝ ես որեւէ մեկի ասելով կհեռանա՞մ: Ճարպիկություններ չանեք, քաղաքական թեմաներ չխառնեք. ձեր լույսով գնացած ճամպեքը, ես մթով եմ անցել: Ես մեկի ասելով երբեք չեմ հեռանա:

Այսպես լրագրողների հետ հանդիպման ընթացքում (NEWS.am Sport Live) արձագանքեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը ֆեդերացիայի նախագահի պաշտոնից հեռանալու մասին հարցին:

«Քաղաքական հարցեր մի տվեք: Ես խնդիր ունեմ լուծելու, երբ կլուծեմ այդ խնդիրը, այդ ժամանակ նոր կորոշեմ՝ հեռանալ ֆեդերացիայի նախագահի պաշտոնից, թե՞ մնալ: Չկա մի մարդ, որ կարող է ինձ պարտադրել հեռանալ»,- ասաց Ռուբեն Հայրապետյանը՝ հորդորելով լրագրողներին չպահանջել իր հրաժարականը:

Հավաքական հրավիրված ֆուտբոլիստների,  Յուրա Մովսիսյանի մասին ՀՖՖ նախագահը նշեց, որ չի միջամտել հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի որոշմանը:

«Վարդան Մինասյանն է որոշել՝ ում հրավիրի եւ ինչու: Ինչ վերաբերում է ինձ, Յուրա Մովսիսյանն ինձ համար Հայաստանի բազմաթիվ ֆուտբոլիստներից մեկն է եւ որեւէ մեկից չի տարբերվում: Մենք որեւէ համագործակցության եզրեր չունենք: Ես չեմ տեսնում ֆեդերացիայի հետ ֆուտբոլիստի համագործակցության կարիք, եւ Յուրա Մովսիսյանը կլինի այնպես, ինչպես բոլոր մյուս ֆուտբոլիստները:

Ես ընդհանրապես չեմ հետաքրքրվում, թե հավաքական ովքեր են հրավիրվում, դա գլխավոր մարզիչի գործն է: Բայց վստահ եմ, որ մարդիկ չեն հավատում եւ երբեք չեն էլ հավատացել, որ ես որեւէ կերպ չեմ միջամտել եւ չեմ ազդել ֆուտբոլիստների հրավիրելու կամ չհրավիրելու հարցին: 

Իսկ թե ինչու է Յուրա Մովսիսյանը հրավիրվել ազգային հավաքական, մարզիչին հարցրեք:

Եթե իմ կարծիքով լիներ, ապա հավաքական հրավիրված ֆուտբոլիստների մեջ կան մի քանիսը, որոնք չպետք է հրավիրեին: Բայց նորից նշում եմ, որ դա գլխավոր մարզիչի խնդիրն է: Մի առանձնացրեք Յուրա Մովսիսյանին: Ինձ համար բոլորը հավասար են: Ես չեմ ցանկանում անուններ տալ, թե ում չէի ցանկանա տեսնել այդ հրավիրվածների մեջ: Օրինակ՝ կուզեի հավաքականում տեսնել Գեւորգ Հովհաննիսյանին:

Ամեն դեպքում, արդեն բոլոր ֆուտբոլիստները հրավիրվել են, տվել են իրենց համաձայնությունները:  Պաշտոնական հրավերները եղել են: Յուրչենկոն տվել է իր համաձայնությունը, որ պաշոնապես ընդունում է Հայաստանի հավաքականի հրավերը»,- նշեց ՀՖՖ նախագահը :

Հարցին, թե ճիշտ է արդյոք, որ Վարդան Մինասյանը համաձայնել է գլխավորել հավաքականը՝ պայմանով, որ Ռուբեն Հայրապետյանը չի խառնվելու ֆուտբոլիստների ընտրության հարցերին, ՀՖՖ նախագահը հիշատակեց իր եւ Վարդան Մինասյանի բարեկամական հարաբերությունները:

«Եթե մինչեւ հիմա չգիտեք, ես ու Վարդան Մինասյանը, բացի ֆեդերացիայի ղեկավար-գլխավոր մարզիչ լինելուց, շա ջերմ ու մտերիմ հարաբերությունների մեջ ենք, ես նրա քավորն եմ եւ մեր միջեւ պայմաններ չեն կարող լինել: 

Ես նրան խնդրել եմ, որ այժմ ծանր պահ է եւ գտել եմ, որ նա ամենահարմար թեկնածուն է այս ճգնաժամից հայկական ֆուտբոլը հանելու համար: Նա տվել է իր համաձայնությունը եւ մեր միջեւ որեւէ փոխհամաձայնություն չկա, որեւէ պայման մեկս մյուսի առջեւ չենք դրել: Մեր հարաբերություններն ավելի ջերմ են եւ մտերիմ, քան հավաքականի գլխավոր մարզիչ եւ ֆեդերացիայի նախագահ հարաբերությունները

Ես Վարդան Մինասյանի առաջ արդեն միայն մաքսիմում խնդիրներ եմ դրել: Էլ մինիմումի տեղ չունենք: Խնդիր եմ դրել մասնակցել Եվրոպայի առաջնությանը: Մենք ունենք հնարավորություն, ունենք այդ պոտենցիալը եւ կարծում եմ, որ կարող ենք: Մարզիչն էլ է կարծում, որ կարող ենք: Ինչ կախված է ֆեդերացիայից, մենք ի վիճակի ենք նրանց տալ, նրանց համար անել, նրանց մնում է միայն մտնել խաղադաշտ եւ լավ խաղ ցույց տալ»,- մանրամասնեց Ռուբեն Հայրապետյանը:

Ռուբեն Հայրապետյանն անդրադարձավ նաեւ «Շիրակի» պայմանավորված խաղի մասին սկանդալին:

«Ամեն ինչ պետք է անենք, որ նման արատները վերանան մեր միջից: Միակ բանը, որ ափսոսում եմ, «Շիրակի» երկրպագուներն են: «Շիրակի» ամենածանր պահերին ես եմ կանգնել «Շիրակի» կողքը: Ես եմ ֆինանսավորել, ես եմ օգնել, ու ես դարձա «Շիրակի» թշնամի՞ն... Ծիծաղելի է:

Մենք չենք խոչընդոտել ՈւԵՖԱ-ի գործողություններին, մենք ոչինչ չենք արել, ամեն ինչ սպասում ենք, կան բաներ, որոնք ես չեմ կարող հրապարակել: Փորձելու ենք ամեն ինչ անել, որ փրկենք «Շիրակին»: Բացառվում է Հայաստանի որակազրկումը. չենք որակազրկվի:

«Բանանց» ակումբը ներկայացրել է բողոք, ի՞նչ է՝ պետք է ես ընթացք չտայի, մենք ի՞նչ պետք է անեինք: Մեզ մեղադրում են, թե մենք ինչու չենք դիմել իրավապահ մարմիններին: Մենք բոլոր հնարավոր տարբերակներով ձեռնարկել ենք պատժամիջոցներ եւ եթե իրավապահ մարմիններին հետաքրքրում է, թող ուսումնասիրեն եւ զբաղվեն այդ հարցով»,- շեշտեց Ռուբեն Հայրապետյանը:

Չնայած ՀՖՖ նախագահը պարբերաբար շեշտում էր, որ քաղաքական հարցեր չհնչեն եւ նա չի պատասխանելու քաղաքական հարցերին, ամեն դեպքում ակնարկեց, որ նոր իշխանություններից չի ակնկալում ավելի մեծ սեր ֆուտբոլի նկատմամբ, քան ունեցել է Սերժ Սարգսյանը: 

«Ես անձամբ երբեք Սերժ Սարգսյանին չեմ հրավիրել Ֆուտբոլ նայելու: Նա իրականում ֆուտբոլի մեծ երկրպագու է եւ միշտ աջակցել ու եղել է հայկական ֆուտբոլի կողքին:

Հիմա էլ մենք ունենք իշխանությունների աջակցության խնդիրը, մասնավորապես նոր հրավիրված մարզիկներին պետք է քաղաքացիություն տանք: Հույս ունեմ, որ նոր իշխանությունն էլ կաջակցի հայկական ֆուտբոլին, իհարկե չեն կարող այնպես սիրել ֆուտբոլն, ինչպես սիրել է Սերժ Սարգսյանը»,- ասաց ՀՖՖ նախագահը:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից: