12:19  ,  2 մայիսի, 2018

ԵԱ. Կարեն Ասլանյանը հաղթեց ադրբեջանցի ըմբիշին եւ կգոտեմարտի բրոնզե մեդալի համար

Հայաստանի ներկայացուցիչ Կարեն Ասլանյանը հնարավորություն ստացավ բրոնզե մեդալի համար գոտեմարտ անցկացնել Ռուսաստանի Կասպիյսկ քաղաքում ավարտին մոտեցող հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում:

Միակ սփոփիչ գոտեմարտում 67 կգ քաշային Կարեն Ասլանյանը 5:3 հաշվով հաղթեց ադրբեջանցի Էլման Մուխտարովին: Երեկոյան մրցահերթում հայ ըմբիշը բրոնզե մեդալը կվիճարկի լեհ Դավիդ Կարեցինսկու հետ:

Հիշեցնենք, որ նախօրեին Կարեն Ասլանյանը 1/8 եզրափակիչում սերբ Մատե Նեմեշին 5:0 հաշվով հաղթելուց հետո հաջորդ փուլում 3:6 հաշվով պարտվել էր ռուս Արտյոմ Սուրկովին: Քանի որ Ասլանյանին հաղթած Սուրկովը նվաճել է եզրափակիչի ուղեգիր, հայ ըմբիշը հնարավորություն էր ստացել մայիսի 2-ին պայքարել բրոնզե մեդալի համար:

Մայիսի 2-ի երեկոյան մրցահերթում մեդալների համար գոտեմարտելու են նաեւ աշխարհի գործող չեմպիոններ Արթուր Ալեքսանյանը եւ Մաքսիմ Մանուկյանը, որոնք նախօրեին տարել էին 3-ական հաղթանակ եւ դուրս եկել եզրափակիչ: 97 կգ քաշային Ալեքսանյանը Եվրոպայի չեմպիոնի կոչումը կվիճարկի Սերբիայի ներկայացուցիչ Միխեիլ Կաջայայի հետ, իսկ 82 կգ քաշային Մաքսիմ Մանուկյանը եզրափակիչում կմրցի բելառուս Վիկտոր Սասունովսկու հետ:

Հայաստանի մյուս ներկայացուցիչները՝ Սլավիկ Գալստյանը (63 կգ), Արմեն Մելիքյանը (60 կգ), Կարապետ Չալյանը (77 կգ) եւ Արթուր Շահինյանը (87 կգ) մեդալ չէին նվաճել: 

Եվրոպայի առաջնությանն անցկացվում է նոր կանոնակարգով, եւ ըմբիշները կշռվում են մրցագորգ դուրս գալուց 2 ժամ առաջ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում