19:16  ,  1 մայիսի, 2018

ԵԱ. Արթուր Ալեքսանյանը եւ Մաքսիմ Մանուկյանը եզրափակիչում են

Աշխարհի գործող չեմպիոններ Արթուր Ալեքսանյանը եւ Մաքսիմ Մանուկյանը նվաճեցին Ռուսաստանի Կասպիյսկ քաղաքում շարունակվող հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի առաջնության եզրափակիչի ուղեգիր:

Ռիո-2016 օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը 97 կգ քաշային կարգի կիսաեզրափակիչում 1 րոպե 33 վայրկյանում 10:0 հաշվով հաղթեց ֆինն Էլիաս Կուսմանենին: Եզրափակիչում նրա մրցակիցը կլինի սերբ Միխեիլ Կաջայան:

Ալեքսանյանը պայքարը սկսել էր 1/8 եզրափակիչից, որտեղ 1 րոպե 40 վայրկյանում հաղթել էր Իսրայելը ներկայացնող հայազգի Ռոբերտ Ավանեսյանին, իսկ երկրորդ գոտեմարտում ժամանակից շուտ 8:0 հաշվով ուժեղ էր գտնվել հույն Լոակրատիս Կեսիդիսից:

82 կգ քաշային Մաքսիմ Մանուկյանը կիսաեզրափակիչում 8:0 հաշվով վստահ հաղթանակ տարավ հունգարացի Լասլո Սաբոյի նկատմամբ եւ դուրս եկավ եզրափակիչ, որտեղ կմրցի բելառուս Վիկտոր Սասունովսկու հետ: Մանուկյանը եւս մեկնարկել էր 1/8 եզրափակիչից՝ տուշեով հաղթելով խորվաթ Բոզո Ստարչեւիչին, իսկ քառորդ եզրափակիչում 5:2 հաշվով պարտության էր մատնել բուլղարացի Դանիել Ալեքսանդրովին:

67 կգ քաշային Կարեն Ասլանյանը 1/8 եզրափակիչում սերբ Մատե Նեմեշին 5:0 հաշվով հաղթելուց հետո հաջորդ փուլում 3:6 հաշվով պարտվել էր ռուս Արտյոմ Սուրկովին: Ռուս ըմբիշը նվաճել է եզրափակիչի ուղեգիր, ինչի շնորհիվ Ասլանյանը հնարավորություն ստացավ մայիսի 2-ին պայքարել բրոնզե մեդալի համար:

60 կգ քաշային Արմեն Մելիքյանը 1/8 եզրափակիչում մեկնարկել էր մոլդովացի Վիկտոր Չոբանուի նկատմամբ 8:7 հաշվով հաղթանակով, սակայն հաջորդ գոտեմարտում 4:12 հաշվով պարտվեց վրացի Դաթո Չխարտիշվիլիին: Վրացի ըմբիշը չկարողացավ դուրս գալ եզրափակիչ, եւ Արմեն Մելիքյանը զրկվեց բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորությունից:

Արթուր Ալեքսանյանի եւ Մաքսիմ Մանուկյանի եզրափակիչ գոտեմարտերը կկայանան մայիսի 2-ին:

Հիշեցնենք, որ Եվրոպայի առաջնության առաջին օրը պայքարի մեջ մտած Հայաստանի 3 ներկայացուցիչներ Սլավիկ Գալստյանը (63 կգ), Կարապետ Չալյանը (77 կգ) եւ Արթուր Շահինյանը (87 կգ) մեդալ չէին նվաճել: Արթուր Շահինյանը հնարավորություն էր ստացել պայքարել բրոնզե մեդալի համար եւ մայիսի 1-ին մասնակցեց սփոփիչ գոտեմարտերի: Առաջին սփոփիչ գոտեմարտում նա 7:0 հաշվով հաղթեց լիտվացի Ջուլիուս Մատուզեւիչիուսին, սակայն երկրորդում 3:7 հաշվով պարտվեց գերմանացի Դենիս Կուդլային եւ լքեց պայքարը: Բրոնզե մեդալի համար գոտեմարտում Դենիս Կուդլայի մրցակիցը կլինի ադրբեջանցի Իսլամ Աբասովը:

Եվրոպայի առաջնությանն անցկացվում է նոր կանոնակարգով, եւ ըմբիշները կշռվում են մրցագորգ դուրս գալուց 2 ժամ առաջ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում