19:40  ,  1 մայիսի, 2018

Արթուր Աբրահամ. Հայաստանում ամեն ինչ պետք է լինի ժողովրդի սրտով

Պատրաստ եմ վերանվաճել աշխարհի չեմպիոնի տիտղոսը, դա հիմա իմ մեծագույն նպատակն է: Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Գերմանիայից ասաց պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը (47-6-0, 30 նոկաուտ):

Ապրիլի 28-ին Գերմանիայի Օֆենբուրգ քաղաքի «Բադեն Արենա» մարզապալատում մենամարտեց դանիացի Պատրիկ Նիլսենի (29-3, 14 նոկաուտ) հետ World Boxing Organisation International-ի թափուր տիտղոսի համար:  Հայ բռնցքամարտիկը 12-ռաունդանոց մենամարտում հաղթանակ տարավ երեք մրցավարներից երկուսի դրական  որոշման շնորհիվ` 113:114, 116:111, 116:111: Այս վարկանիշային մենամարտում գրանցած հաղթանակի շնորհիվ Արթուր Աբրահամաը առաջիկայում կկարողանա մենամարտել աշխարհի չեմպիոնի կոչման համար:

Արթուր, NEWS.am Sport-ը շնորհավորում է քեզ հաղթանակի կապակցությամբ։ Ինչպե՞ս կմեկնաբանես հաղթական մենամարտդ։

Շնորհակալ եմ շնորհավորանքի համար: Իմ եւ մարզիչիս կողմից մշակած մարտավարությունը կիրառեցի եւ հաղթեցի: Պատրիկ Նիլսենը պատրաստված մարզիկ էր, ուժեղ, ճկուն եւ դիմադրեց մինչեւ վերջ:

Մենամարտը մինչեւ վերջ շարունակվեց, չնայած մի քանի անգամ Նիլսենին նոկդաունի ենթարկեցիր։ Նոկաուտի հնարավորություն չկա՞ր։

Ինքս էլ ուզում էի եւ փորձում էի նոկաուտի ենթարկել, բայց չստացվեց, եւ ես հաղթեցի միավորների առավելությամբ:

Մենամարտերը մինչեւ 12-րդ ռաունդ շարունակվում են։ Տպավորություն է, որ միտումնավոր ժամանակից շուտ չես ավարտում։ Հատուկ մշակված մարտավարությո՞ւն է։

Ոչ, ես ցանկանում եմ նոկաուտով հաղթել, սակայն եկեք չմոռանանք, որ դիմացինն էլ մարզիկ է, ուժեղ է եւ ուզում է հաղթել:

Արթուր, այս մենամարտում մրցակցիդ 5-րդ ռաունդից սկսեցիր «ծեծել», սպասո՞ւմ էիր մինչեւ մրցակիցդ սպառի իր ուժերը:

Դա իմ մարտավարության դետալներից է եւ գործում է իմ օգտին:

Մենամարտից առաջ Նիլսենը նշել էր, որ ռինգում տարիքն ու արագությունն իր կողմից կլինեն, բայց դու հակառակն ապացուցեցիր։ Ամեն դեպքում, ո՞ր ռաունդից հոգնածություն զգացիր։

Ռինգում ես երբեք հոգնածություն չեմ զգում: Ռինգն իմ կյանքն է, ես միշտ էլ ռինգ եմ մտնում հաղթելու: Ռինգում հոգնել չկա:

Այս հաղթանակը քեզ ճանապարհ բացեց դեպի աշխարհի չեմպիոնական գոտի։ Պատրա՞ստ ես եւս մեկ անգամ այդ գոտին նվաճել։ Եվ մոտավորապես ե՞րբ երկրպագուներդ սպասեն այդ մենամարտին։

Իհարկե, պատրաստ եմ վերանվաճել աշխարհի չեմպիոնի տիտղոսը, դա հիմա իմ մեծագույն նպատակն է: Դեռ վաղ է հայտարարել հաջող մենամարտի եւ մրցակցի մասին, իմ մենեջերը բանակցություններ է վարում, ավելի ուշ մանրամասների վերաբերյալ կհայտարարվի:

Սովորաբար հաղթանակներդ նվիրում ես հայ ժողովրդին։ Ինչպիսի՞ն է քո վերաբերմունքը Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին։

Ես ցանկանում եմ, որ ամեն ինչ լինի հայ ժողովրդի ցանկությամբ: Հայաստանը հայ ժողովրդինն է, եւ Հայաստանում ամեն ինչ պետք է լինի ժողովրդի սրտով:

Դու միշտ քո հաղթանակներից հետո գալիս ես Երեւան։ Հնարավո՞ր է այս օրերին քեզ տեսնենք հայրենիքում։

Ես միշտ մեր ժողովրդի կողքին եմ հոգով ու սրտով:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս
  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ