21:22  ,  29 ապրիլի, 2018

Հենրիխ Մխիթարյանը վերադարձը խաղադաշտ նշեց «Մանչեսթեր Յունայթեդին» խփած գոլով (տեսանյութ, ֆոտոշարք)

Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վերադարձը խաղադաշտ նշեց իր նախկին ակումբ «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասը խփած գոլով (տեսանյութ):

Անգլիական Պրեմյեր լիգայի 36-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդն» ընդունեց «Արսենալին» եւ հաղթանակ կորզեց 2:1 հաշվով (տեսանյութ):

Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը ծնկի վնասվածքից վերականգնվելուց հետո առաջին անգամ էր ընդգրկվել Արսեն Վենգերի գլխավորած թիմի մեկնարկային կազմում եւ դարձավ գոլի հեղինակ: Մադրիդի «Աթլետիկոյի» դեմ Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղից առաջ «Արսենալը» խաղաց ոչ հիմնական կազմով, բայց արժանի դիմադրություն ցույց տվեց Ժոզե Մոուրինյոյի թիմին:

Խաղի սկզբնամասում մանչեսթերցիներն ունեին նկատելի առավելություն, որը գոլի վերածեցին 16-րդ րոպեին: Հաշիվը բացեց ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբան: 20-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանը կարող էր խփել «Արսենալի» պատասխան գոլը, սակայն նրա հարվածից հետո գնդակն ընթացավ փոքր շեղությամբ: Առաջին խաղակեսի վերջնամասում թիմերը կորցին մեկական գոլային պահ եւ ընդմիջման գնացին 1:0 հաշվի ժամանակ:

Երկրորդ խաղակեսի սկզբնամասում հյուրերը հավասարեցրին հաշիվը: 51-րդ րոպեին աչքի ընկավ Հենրիխ Մխիթարյանը, որը չտոնեց իր նախկին թիմին խփած գոլը: 3 րոպե անց հայ կիսապաշտպանը մոտ էր նաեւ դուբլի հեղինակ դառնալուն, բայց այս անգամ գնդակը չհայտնվեց դարպասում: Լավ հանդիպում անցկացրած Մխիթարյանը փոխարինվեց 76-րդ րոպեին՝ «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուների ծափահարությունների ներքո: 

Վերջնամասում դաշտի տերերը մեծ ճնշում էին գործադրում մրցակցի դարպասին եւ կարողացան հաղթանակ կորզել: Ավելացված ժամանակում հաղթական գոլի հեղինակ դարձավ փոխարինման դուրս եկած բելգիացի կիսապաշտպան Մարուան Ֆելաինին:

«Մանչեսթեր Յունայթեդը» 77 միավորով երկրորդ տեղում է եւ 16 միավոր հետ է առաջատար «Մանչեսթեր Սիթիից», որը ժամանակից շուտ ապահովել էր չեմպիոնի տիտղոսը: Երրորդ տեղում գտնվող «Լիվերպուլն» ունի 72 միավոր, իսկ «Արսենալը» 57 միավորով 6-րդն է:

Հիշեցնենք, որ 29-ամյա Մխիթարյանը խաղադաշտից բացակայում էր ապրիլի 5-ից, երբ ծնկի վնասվածք էր ստացել Մոսկվայի ԲԿՄԱ-ի դեմ Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղում: Նա այս ձմռանը «Մանչեսթեր Յունայթեդից» է տեղափոխվել «Արսենալ»: 

Մայիսի 3-ին «Արսենալը» Մադրիդում Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչի պատասխան հանդիպում է անցկացնելու «Աթլետիկոյի» հետ (առաջին խաղում գրանցվել է 1:1 հաշիվը):

Անգլիայի առաջնություն, 36-րդ տուր

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Արսենալ»՝ 2:1

Պոլ Պոգբա, 16, Մարուան Ֆելաինի, 90+2 – Հենրիխ Մխիթարյան, 51

«Մանչեսթեր Յունայթեդ». Դավիդ Դե Խեա, Անտոնիո Վալենսիա, Քրիս Սմոլինգ, Վիկտոր Լինդելյոֆ, Էշլի Յանգ, Անդեր Էրերա (Անտոնի Մարտիա, 64), Նեմանյա Մատիչ, Պոլ Պոգբա, Ջեսի Լինգարդ (Մարուան Ֆելաինի, 64), Ալեքսիս Սանչես, Ռոմելու Լուկակու (Մարկուս Ռեշֆորդ, 50):

«Արսենալ». Դավիդ Օսպինա, Հեկտոր Բելերին, Կալում Չեմբերս, Կոնստանտինոս Մավրոպանոս, Սեադ Կոլաշինաց (Նաչո Մոնրեալ, 64), Գրանիտ Ջակա, Էշլի Մեյթլանդ-Նիլզ, Ռեյս Նելսոն (Դենի Ուելբեկ, 64), Հենրիխ Մխիթարյանը (Ռոբ Ուիլոք, 76), Ալեքս Իվոբի, Պյեր-Էմերիկ Օբամեյանգ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում