Լոնդոնի «Արսենալը» շարունակում է փոխարինող փնտրել թիմի գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացող Արսեն Վենգերին:
Sky Sports-ի համաձայն՝ թեկնածուներից մեկն է գերմանական «Լայպցիգի» մարզական տնօրեն Ռալֆ Ռանգնիկը: Գերմանիայում Ռանգնիկին համարում են ամենատաղանդավոր մարզիչներից մեկը: «Լայպցիգում» նա մեծ ազդեցություն ունի թիմի խաղի վրա:
«Արսենալը» գլխավորելու հավակնորդների թվում են նաեւ իսպանացի Լուիս Էնրիկեն, «Մանչեսթեր Սիթիի» մարզչական շտաբում աշխատող Միկել Արտետան ու ամերիկյան «Նյու Յորք Սիթիի» գլխավոր մարզիչ Պատրիկ Վիեյրան: Արտեան ու Վիեյրան «Արսենալի» նախկին ֆուտբոլիստներ են:
Հիշեցնենք, որ ապրիլի 20-ին հայտնի էր դարձել, որ 68-ամյա Արսեն Վենգերն ընթացիկ մրցաշրջանի վերջում հեռանալու է անգլիական ակումբից:
Ֆրանսիացի մասնագետը 1996 թվականից է գլխավորում «Արսենալը», որի հետ նվաճել է 17 տիտղոս՝ դառնալով Անգլիայի եռակի չեմպիոն (1997/98, 2001/02, 2003/04 մրցաշրջաններում)։ Նրան է պատկանում Պրեմյեր լիգայում անցկացրած խաղերի ռեկորդը (823 հանդիպում):
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում