12:21  ,  25 ապրիլի, 2018

Չեմպիոնների լիգա. «Լիվերպուլի» ռեկորդները

Անգլիական «Լիվերպուլը» 1994/95թթ. մրցաշրջանից հետո առաջին թիմն է, որը Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում խփում է 5 գոլ: 23 տարի առաջ նույնն արել էր նաեւ Ամստերդամի «Այաքսը», որը 5:2 հաշվով հաղթել էր Մյունխենի «Բավարիային», գրում է Gracenote Live-ը:

Իտալական «Ռոմայի» նկատմամբ 5:2 հաշվով հաղթանակից հետո «Լիվերպուլը» դարձավ պատմության առաջին ակումբը, որի 3 խաղացողներ Չեմպիոնների լիգայի մեկ մրցաշարում խփում են 8 եւ ավելի գոլ: Այս մրցաշրջանում դա արել են եգիպտացի Մոհամեդ Սալահը, բրազիլացի Ռոբերտո Ֆիրմինոն ու սենեգալցի Սադիո Մանեն:

Սալահը, «Ռոմայի» դեմ խաղում դառնալով դուբլի ու 2 գոլային փոխանցման հեղինակ, 2013-ից հետո առաջին ֆուտբոլիստն է, որը Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի մեկ խաղում 4 միավոր է հավաքում «գոլ+փոխանցում» համակարգով: 2013-ին նման արդյունավետություն Դորտմունդի «Բորուսիայի» կազմում գրանցել էր լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին, որն այժմ խաղում է «Բավարիայում»:

Հիշեցնենք, որ «Լիվերպուլի» ու «Ռոմայի» միջեւ պատասխան հանդիպումը տեղի կունենա մայիսի 2-ին Իտալիայում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում