11:45  ,  22 ապրիլի, 2018

Միհրան Հարությունյան. Հիմա ես հեռու եմ Երեւանից, սակայն հոգով ու սրտով ձեզ հետ եմ

Ռիո-2016-ի օլիմպիական փոխչեմպիոն, հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ Միհրան Հարությունյանն անդրադարձել է Երեւանում շարունակվող ընդդիմադիր շարժմանը:

«Հեռավոր 1995 թվականին ընդունվեց մեր հայրենիքի սահմանադրությունը, որն ասում է. «Հայաստանի Հանրապետության իշխանությունը պատկանում է ժողովրդին»: Հենց այդ ժամանակ իշխում էր արդարությունը, երբ հայերը վերջապես կարողացան կառուցել իրենց աշխարհը: Այսօր, երբ մենք լուրջ բախումների շեմին ենք, ես ցանկանում եմ ասել, որ կանգնած եմ իմ քույրերի եւ եղբայրների, ուժեղ, ստեղծագործող ու աշխատասեր հայ ազգի կողքին: Մեզ հետ է Աստված, հավատն ու ճշմարտությունը:

P.S. հիմա ես հեռու եմ Երեւանից, սակայն հոգով ու սրտով ձեզ հետ եմ»,-Ինստագրամում գրել է 29-ամյա ըմբիշը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ, շվեդական «Յուրգորդենի» հարձակվող Յուրա Մովսիսյանը ոստիկանությանը կոչ էր արել դադարեցնել բռնությունը, իսկ Հայաստանի առաջատար շախմատիստները, այդ թվում՝ Լեւոն Արոնյանը, հայտարարություն էին տարածել՝ իրենց աջակցությունը հայտնելով վարչապետ Սերժ Սարգսյանին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում