10:39  ,  21 ապրիլի, 2018

The Sun. «Արսենալի» ղեկավարությունն է Վենգերին ստիպել հրաժարական ներկայացնել

Լոնդոնի «Արսենալի» ղեկավարությունն է թիմի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերին ստիպել հրաժարական ներկայացնել՝ համաձայնելով վճարել 11 միլիոն ֆունտ ստերլինգ փոխհատուցում, գրում է բրիտանական The Sun-ը:

Ֆրանսիացի մասնագետի պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2019 թվականի հունիս: Նա ցանկություն է ունեցել մնալ թիմում մինչեւ պայմանագրի ավարտը:

Վենգերին հեռացնելու նախաձեռնությունը անգլիական ակումբի բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթի սեփականատեր, ամերիկացի միլիարդատեր գործարար Սթեն Կրոնկեինն է:

Արսեն Վենգերը ապրիլի 20-ին հանդես էր եկել պաշտոնական հայտարարությամբ՝ նշելով, որ ընթացիկ մրցաշրջանի վերջում կհեռանա զբաղեցրած պաշտոնից:

68-ամյա Վենգերը 1996 թվականից է գլխավորում «Արսենալը», որի հետ նվաճել է 17 տիտղոս՝ դառնալով Անգլիայի եռակի չեմպիոն (1997/98, 2001/02, 2003/04 մրցաշրջաններում)։ Նրան է պատկանում Պրեմյեր լիգայում անցկացրած խաղերի ռեկորդը (823 հանդիպում):

Անգլիայի ընթացիկ առաջնության ավարտից 5 խաղ առաջ լոնդոնյան ակումբը 54 միավորով 6-րդ տեղում է, իսկ Եվրոպայի լիգայում դուրս է եկել կիսաեզրափակիչ, որտեղ կմրցի Մադրիդի «Աթլետիկոյի» հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում