19:46  ,  27 մարտի, 2018

Հայաստան - Լիտվա. Առաջին խաղակեսից հետո (ֆոտո)

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում ընթացող ընկերական խաղում մրցում է Լիտվայի թիմի հետ:

Ավարտվել է առաջին խաղակեսը: Հայաստանի թիմը պարտվում է 0:1 հաշվով:

Առաջին իսկ վայրկյաններից Հայաստանի հավաքականը նետվեց առաջ, իսկ Սարգիս Ադամյանի հեռահար հարվածից հետո գնդակը աննշան շեղությամբ անցավ դարպասաձողի կողքով:

24-րդ րոպեին շատ վտանգավոր ստացվեց լիտվացիների կողմից խաղարկված անկյունայինը:

Երկու րոպե անց կարող էր գոլով ավարտվել Հենրիխ Մխիթարյանի` սուր անկյունից հարվածը տուգանայինից:

29-րդ րոպեին Լիտվայի հավաքականի ֆուտբոլիստի հեռահար հարվածից հետո Գոռ Մանուկյանին փրկեց դարպասաձողը:

2 րոպե անց հետևեց Հայաստանի հավաքականի պատասխանը, լավ անցումից հետո վտանգավոր հարվածեց Էրիկ Վարդանյանը:

Խաղակեսի վերջին րոպեին հյուրերը բացեցին հաշիվը` օգտվելով հայերի պաշտպանությունում առաջացած բաց գոտիներից: Աչքի ընկավ Լիտվայի «Սուդուվա» ակումբի 24-ամյա կիսապաշտպան Օվիդիուս Վերբիցկասը:

Ընդմիջում է:

Ընկերական հանդիպում

Հայաստան - Լիտվա՝ 0:1 (առաջին խաղակես)

Օվիդիուս Վերբիցկաս, 45

Հայաստան. Գոռ Մանուկյան, Վարազդատ Հարոյան, Գաել Անդոնյան, Հայկ Իշխանյան, Ռոբերտ Դարբինյան, Գեւորգ Ղազարյան, Ռումյան Հովսեփյան, Հենրիխ Մխիթարյան, Սարգիս Ադամյան, Էրիկ Վարդանյան, Նորբերտո Բրիասկո Բալեկյան:

ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանը 91-րդ տեղում է, իսկ Լիտվան 147-րդն է։

Հիշեցնենք, որ Հայաստանի եւ Լիտվայի հավաքականները նախորդ ընկերական խաղերն անցկացրել են մարտի 24-ին։ Արթուր Պետրոսյանի գլխավորած թիմը Երեւանում գոլազուրկ ոչ ոքի է խաղացել Էստոնիայի հավաքականի հետ, իսկ լիտվացիները Թբիլիսիում 0։4 հաշվով պարտվել են Վրաստանի հավաքականին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով