21:30  ,  25 փետրվարի, 2018

Նիկշա Բավցեւիչ․ Ուսումնասիրել էինք Ալբանիայի թիմին եւ հաղթանակի հասանք միասնական աշխատանքի արդյունքում

Բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Նիկշա Բավցեւիչը մեկնաբանել է 2021թ․ Եվրոպայի առաջնության նախընտրական փուլի երրորդ տուրի խաղում Ալբանիայի թիմի նկատմամբ վստահ հաղթանակը 84։65 հաշվով, փոխանցում է NEWS.am Sport-ի թղթակիցը։

«Նախ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել երկրպագուներին: Կարծում եմ՝ նրանց շնորհիվ Հայաստանի հավաքականի խաղերն արդեն ամենահաճախելին են դարձել: Շնորհավորում եմ եւ շնորհակալ եմ նաեւ իմ տղաներին, քանի որ այսօր նրանք հրաշալի խաղացին, դրսեւորեցին խաղային կամք: Մենք ունեցել ենք շատ լավ աշխատանքային շաբաթ: Ինչպես արդեն ասել էի, թիմում հրաշալի մթնոլորտ է: Իմ թիմն ուներ մեծ առավելություն խաղի ընթացքում, եւ դա կրկնակի ոգեւորում էր նրանց: Այսօր մեր խաղացողները արեցին իրենց հնարավորությունների առավելագույնը եւ ցուցադրեցին հրաշալի թիմային խաղ: Մենք խաղացինք առանց Ալբերտ Թադեւոսյանի, որը շատ կարեւոր խաղացող է մեզ համար, բայց այսօր ամբողջ թիմը ցույց տվեց մեծ նվիրվածություն:

Մենք ուսումնասիրել էինք Ալբանիայի հավաքականին եւ հաղթանակի հասանք միասնական աշխատանքի արդյունքում: Սա նաեւ իմ աշխատանքն է, բայց ես չէի կարող այս արդյունքին հասնել առանց իմ խաղացողների օգնության: Հունիսին թիմին կիմանան Թավաքալյանը եւ մյուս խաղացողները: Մենք այսօր ունեինք նորեկ` Արագադ Աբրամյանը: Նա այսօր շատ հուզված էր եւ դա զգացվում էր: Ես արդեն ասել եմ, որ Արագադ Աբրամյանը հայկական բասկետբոլի ապագան է, եւ նա այսօր ապացուցեց դա: Նա առաջին անգամ էր թիմի հետ, դեռեւս զգացվում է որոշակի փորձի պակաս: Սակայն, այդքանով հանդերձ, նա լավ խաղ ցուցադրեց եւ խաղաց այնպիսի տղաների հետ եւ բասկետբոլիստների դեմ, ովքեր ունեցել են 30-40 միջազգային փորձ:

Մենք Դանիայի հավաքականին պարտվել էին լրացուցիչ ժամանակում, բայց ես կարծում եմ, որ հունիսին կունենանք ամբողջական կազմ եւ ուժեղ խաղ կցուցադրենք Դանիայի դեմ»,- ասաց խորվաթ մասնագետը։

Հիշեցնենք, որ Երեւանի նախկին «Միկա» մարզադահլիճում կայացած հանդիպման ամենաարդյունավետ խաղացող էր ճանաչվել Ալին Հեսը, որը Հայաստանի հավաքականի կազմում վաստակեց 21 միավոր:

Այս հաղթանակից հետո Հայաստանի հավաքականը 5 միավորով գլխավորեց B խմբի մրցաշարային աղյուսակը։ Մեկ խաղ պակաս անցկացրած դանիացիներն ունեն 4 միավոր, իսկ 3 պարտություն կրած Ալբանիան՝ 3։

Եվրոպայի առաջնության նախընտրական փուլին մասնակցում են 9 հավաքականներ, որոնք ընդգրկված են 3 ենթախմբերում: Հաջորդ փուլի ուղեգիր են նվաճելու ենթախմբերում առաջին տեղ գրաված թիմերը եւ երկրորդ տեղում հայտնված լավագույն արդյունքով մեկ հավաքական:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում