14:30  ,  15 փետրվարի, 2018

ՕԽ-2018․ Առանց դահուկների մնացած Աշոտ Կարապետյանի մարզագույքի խնդիրը լուծվել է (ֆոտո)

Հարավային Կորեայի Փհենչհան քաղաքում անցկացվող 23-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի լեռնադահուկային սպորտի մրցաշարում Հայաստանի միակ ներկայացուցիչ Աշոտ Կարապետյանը ստացել է նոր դահուկներ եւ մարզումային կոշիկներ։ Այդ մասին հայտնել է Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանը։

«Մեր մարզիկի գույքի խնդիրը լուծված է: Մեկ զույգ դահուկ եւ կոշիկ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի կողմից, մեկ զույգ դահուկ Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի կողմից: Հատուկ շնորհակալություն եղբորս Մոսկվայից տեղափոխումն ապահվելու համար, ինչպես նաև Fischer and Fischer Russia ընկերությանը աջակվության համար»,- ֆեյսբուքյան էջում գրել է Գագիկ Սարգսյանը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Աշոտ Կարապետյանը NEWS.am Sport-ի թղթակցին Փհենչհանից հայտնել էր, որ Օլիմպիական խաղերի համար նոր մարզագույք չի ստացել, չունի դահուկներ ու կոշիկ եւ կարող է հանդես չգալ Օլիմպիական խաղերում, քանի որ դեռ չի մարզվում։ Հայ մարզիկը մրցավայր էր մեկնել ընկերոջ դահուկներով, որոնք Փհենչհանում կոտրվել էին մարզման ժամանակ։

Աշոտ Կարապետյանը Հայաստանի վերջին ներկայացուցիչն է Փհենչհան-2018-ում եւ հանդես կգա միայն հատուկ ոլորավայրէջքում (փետրվարի 22):

Լուսնկարը՝ Գագիկ Սարգսյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում