23:36  ,  13 փետրվարի, 2018

Հայաստանի թիմի մարզիչը՝ Փհենչհանից. Նորմալ է, որ դահուկները կոտրվում են, սա սպորտ է

Լեռնադահուկորդ Աշոտ Կարապետյանը մարզվում է Փհենչհանում, այստեղ որեւէ խնդիր եւ լարված մթնոլորտ չկա Հայաստանի պատվիրակության ներսում: Մարզիկի դահուկները կոտրվել են եւ շուտով նրան կհասնի նոր մարզագույքը: Իսկ թե իրականում ինչ է տեղի ունեցել, դեռեւս որեւէ մեկնաբանություն չեմ տա, քանի որ մարզիկի առջեւ մրցումներ կան եւ չեմ ուզում, որպեսզի նա հոգեբանորեն ընկճվի:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Փհենչհանից ասաց լեռնադահուկային  սպորտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան Հարությունյանը:

Հիշեցնենք, որ Փհենչհան-2018-ում Հայաստանի միակ լենռադահուկորդ Աշոտ Կարապետյանը հրաժարվում է դուրս գալ մեկնարկի, եթե մինչեւ իր առաջին մեկնարկի օրը նոր մարզագույք չստանա եւ հնարավորություն չունենա նոր դահուկներով մարզվել: Մարզիկն առանց նոր մարզագույքի է մեկնել Օլիմպիական խաղերի:

NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Աշոտ Կարապետյանը պատմեց, որ իր համար նոր մարզագույք չի պատվիրվել Օլիմպիական խաղերից առաջ, ինքն էլ սեփական դահուկները չունի, քանի որ հները մաշվել են:

Լեռնադահուկորդների գլխավոր մարզիչը խուսափում է որեւէ մեկնաբանություն տալ ստեղծված իրավիճակի մասին:  

«Այդ երեխայի առջեւ մրցումներ կան, եւ ես չեմ ցանկանում հոգեբանական ճնշում գործադրել ոչ մեկի վրա: Մրցումները կավարտվեն, հետո կմեկնաբանեմ այս իրավիճակը: Այժմ ամեն ինչ էլ կա` մարզահագուստի խնդիր էլ չունի մարզիկը, դահուկների խնդիրն էլ վաղը կլուծվի:

Մարզում չի արել, քանի որ եղած դահուկները կոտրվել են: Նորմալ է, որ դահուկները կոտրվում են, սա սպորտ է: Բայց նորը պատվիրել ենք եւ վաղը կգա կհասնի, որեւէ խնդիր չկա»,- ասաց Սեյրան Հարությունյանը:

Հարցին, թե ինչու է մարզիկի մարզագույքը պատվիրվում Օլիմպիական խաղերի ընթացքում, այլ ոչ թե խաղերից առաջ, մարզիչը  պատճառաբանեց, որ պատվերներով ինքը չի զբաղվում:

«Օլիմպիական խաղերից առաջ էլ է մարզիկի համար գույք պատվիրվել, բայց ինչ-որ խնդիրներ են եղել, այդ պատճառով չի բերվել Փհենչհան: Բայց հիմա արդեն նորը պատվիրվել է, եւ այն շուտով կհասնի մարզիկին: Այստեղ չկար, այդ պատճառով Մոսկվայից են պատվիրել եւ օրեր անց այն կհասնի օլիմպիական քաղաք»,- նշեց Սեյրան Հարությունյանը:

Հարցին, թե ճիշտ է, որ Աշոտ Կարապետյանի փոխարեն մարզիչը ցանկացել է իր որդուն` Հարություն Հարությունյանին ընդառաջել Խաղերին մասնակցելու հարցում, այդ պատճառով Աշոտ Կարապետյանի անունով մարզագույք չի պատվիրվել, Սեյրան Հարությունյանը եւս մեկ անգամ նշեց, որ դեռեւս այս թեմայով չի ցանկանում որեւէ մեկնաբանություն տալ:

«Ես բոլոր հարցերին կպատասխանեմ մեր մարզիկի մրցուղի դուրս գալուց հետո միայն: Ամբողջ իրականությունը կպատմեմ այս իրավիճակի մասին, որպեսզի բոլորն էլ իմանան: Իսկ հիմա չեմ խոսի, որովհետեւ այդ երեխայի առջեւ մրցումներ կան եւ ես չեմ ուզում, որ նա հոգեբանորեն ճնշվի: Ես անպայման խոսելու եմ այս թեմայով: Այստեղ որեւէ լարված մթնոլորտ չկա, իսկ Աշոտ Կարապետյանը մարզվում է»,- ասաց մարզիչը:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով


  • Լրահոս